Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐՆ ԷԼ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Հոկտեմբեր 30,2006 00:00

Ասում է ԱԺ պատգամավոր, «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, անցած յոթ տարիների ընթացքում վերականգնվե՞ց, արդյոք, բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում, որ խաթարվել էր հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո:

– Պարզ է, որ անկում ապրեց նախեւառաջ ժողովրդի հավատը իր վիճակի լավացման վերաբերյալ, բացի այդ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը գնալով կորցրեց իր ինքնուրույնությունը, որովհետեւ զոհվեցին քաղաքական գործիչներ, որոնց համար Հայաստանի արժանապատվությունը շատ թանկ էր, եւ այդ մարդիկ իրենց անցած ճանապարհով ցույց են տվել, որ կարող են ինքնուրույն քաղաքականություն իրականացնել: Այսօր խոսում են, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, իսկ ինչպե՞ս էր, որ երբ Հայաստանը Խորհրդային Միության մասն էր, Կարեն Դեմիրճյանին հաջողվում էր Հայաստանը հարուստ պահել, որ բնակչությունը շատ ավելի լավ ապրի, պահպանի իր ազգային դիմագիծը, թեկուզ ունենա այնպիսի հեռուստատեսություն, ինչպիսին Ստեփան Պողոսյանի հեռուստատեսությունն էր։

– Այսօր, երբ խոսում են հոկտեմբերի 27-ի մասին եւ փորձ է արվում մեղավորներ փնտրել, տրամաբանական հարց է առաջանում՝ մեղավո՞ր են բոլոր նրանք, ովքեր շահեցին հոկտեմբերի 27-ից հետո` թե պաշտոնի, թե նյութական եւ թե այլ բաներում: Ձեր կարծիքով՝ ով կամ ովքեր շահեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքում:

– Նախ, հոկտեմբերի 27-ի արդյունքում տուժեց հայ ժողովուրդը եւ Հայաստանը, իսկ այս առումով ես միայն ներքին հետքեր չէի փնտրի: Կարծում եմ, հաստատ դրսի մատը խառն էր, որովհետեւ Հայաստանը կորցրեց իր ինքնուրույնության կարեւոր աստիճանները: Եթե Հայաստանը պաշտպաներ իր ինքնուրույնության որոշակի աստիճանը եւ հստակ քաղաքականություն վարեր, երկիրն այս վիճակում չէր լինի: Իսկ հստակն այն է, որ այսօր շատերը խոսում են ցեղասպանության մասին, բայց չեն ասում, որ դրա ճանաչումը պաշտպանական խնդիր է եւ պետք է բաց ասել, թե ինչո՞ւ են ռուսական զորքերը այստեղ եւ այլն:

– Դուք խոսում եք դրսի մասին, այնուամենայնիվ, եթե այդ «դուրսը» ներսում բավարար աջակցություն չստանար, կլինե՞ր «Հոկտեմբերի 27»-ը:

– Այդ մասին շատ ենք խոսել, ես «Հոկտեմբերի 27»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ էի, հանձնաժողովի նախագահը Վահագն Գրիգորյանն էր, ով այսօր պատգամավոր չէ, եւ այն ժամանակ էլ հայտնի էր, որ իշխանությունը խոչընդոտում էր հանձնաժողովի կողմից կատարվող շատ խնդիրների, եւ դա ծնում էր կասկածներ, ու այդ կասկածները մինչ այսօր չեն բացահայտվել:

– Այսօր ոմանք կասկածներ ունեն, որ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչ Նաիրի Հունանյանի տնտեսական ծրագիրը ինչ-որ չափով իրականացվում է նույն այսօրվա իշխանությունների կողմից: Դուք համաձա՞յն եք այս կարգի կարծիքներին:

– Քանի որ այսօր ամեն ինչ կլանային է, ընտանեկան, քանի որ իշխանության մեջ գտնվող անձանց երեխաներն այս տարիներին մեծանում են, պարզ է, որ նրանց էլ պետք է «գործ» տան, բաժին հանեն, եւ դա այնքան պարզ է երեւում. ասենք, նախագահի տղաները մեծացան, մի ոլորտ պետք է իրենց տան, նույնը պաշտպանության նախարարի բարեկամներին է վերաբերում, եւ բոլորին, սա է կատարվում Հայաստանում: Տեսեք այս իշխանական գզվռտոցը, բոլորն էլ հիանալի գիտեն, թե պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) ինչ է արել եւ 2003-ի, եւ 1998-ի ընտրություններում, դրա համար էլ մինչեւ այժմ նրան ներվում էր իր արածները, բայց իշխանությունների տեսանկյունից մի սխալ արեց եւ այս օրն ընկավ, ակնհայտ է, որ նրա ունեցվածքը ոմանց պետք էր:

– Հոկտեմբերի 27-ի տուժածները, նրանց հարազատներն արդեն յոթ տարի դժգոհում են քննչական մարմիններից, ասում են, որ այսօրվա իշխանություններին ձեռնտու չէ, որ «27»-ը բացահայտվի, սակայն չեմ կարող չհարցնել՝ բայց չէ՞ որ ողբերգությունից անմիջապես հետո տուժածներ էին եւ վարչապետը, եւ գլխավոր դատախազը, իսկ ՀՀԿ-ն եւ ՀԺԿ-ն իշխանություն էին, ուրեմն ինչո՞ւ այդ ժամանակ չբացահայտվեց «Հոկտեմբերի 27»-ը:

– Ես կարող եմ խոսել Հայաստանի ժողովրդական կուսակցությունից, ես ինքս դահլիճում էի այդ օրը, ինքս տուժող եմ, եւ պիտի ասեմ, որ իրականում ՀԺԿ-ի ձեռքին ոչ մի լծակ էլ չկար. ի՞նչ լծակ կարող էր լինել ԱԺ-ում մոտ 20 պատգամավորի ձեռքին, չնայած հիանալի գիտեք, թե անմիջապես հետո այդ 20-ից քանիսը մնացին ՀԺԿ-ի հետ: Լծակ կար, հավանաբար, Արամ Սարգսյանի ձեռքին, բայց ես տեսնում եմ, որ Արամ Սարգսյանը այն անձն էր, որ լրիվ պատահական հայտնվեց քաղաքական ասպարեզում, եւ չեմ ուզում մեղադրել մի մարդու, ով պատրաստ չէր վարչապետի պաշտոնը զբաղեցնել: Մեղադրելը հեշտ է, բայց նա պատրաստ չէր, իսկ Ստեփան Դեմիրճյանն այդ ժամանակ պատգամավոր չէր եւ քաղաքականությունից հեռու էր: Իսկ Արամ Սարգսյանին ես չեմ մեղադրի, որովհետեւ նա պատահականորեն մտավ քաղաքականություն, եւ եթե Վազգեն Սարգսյանի կորուստը չլիներ, նա երեւի կմնար Ցեմենտի գործարանի տնօրեն: Մարդուն հանկարծ միանգամից դարձրին վարչապետ, բայց նա պատրաստ չէր, եւ իհարկե, սխալներ գործեց ու կոպիտ սխալներ գործեց, շատ կոպիտ սխալներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել