Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլասերների ստորագրահավաք՝ Գյումրիում

Հոկտեմբեր 27,2006 00:00

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դիտելու հաճույքից զրկված գյումրեցիները որոշել են բողոք ներկայացնել Իսպանիայի դեսպանատուն:

Օրերս գյումրեցի մի խումբ ֆուտբոլասերներ դիմել են խմբագրություն՝ դժգոհելով, որ այս տարի համաշխարհային աստղերի խաղը ցուցադրելու մենաշնորհը ձեռք է բերել «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը, սակայն, հարկ չի համարում խաղերը ցուցադրել հանրապետության մարզերում: Բողոքավորների ներկայացնելով, քանի որ Գյումրին ստանում է «Արմենիայի» արբանյակային հեռարձակումը, որը տարբեր է սովորականից, իրենք զրկվում են հանրահայտ թիմերի՝ «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի», «Վիլեառեալի», «Դեպորտիվոյի», «Վալենսիայի» եւ Իսպանիայի մյուս աստղային ակումբների խաղը դիտելու հնարավորությունից: Ֆուտբոլասերների ասելով՝ 4-5 տարի շարունակ նման խնդիր չի եղել, քանի որ ֆուտբոլը եթեր է հեռարձակել Հանրային հեռուստատեսությունը: «Եթե չէիք կարող խաղերի ցուցադրումը երկրի ողջ տարածքով ապահովել, ինչո՞ւ եք առաջ թռել ու պայմանագիր կնքել: Ծրագրում նայում ես՝ էդ ժամին «ֆուտբոլ» է գրված, միացնում ես հեռուստացույցը՝ ի՞նչ ֆուտբոլ, ի՞նչ բան: Գյումրիի համար, ասենք, «Բարի լույսն են» ցուցադրում: Ժամերով՝ մինչեւ կեսգիշեր նստում ենք, բայց՝ իզուր: Մի շաբաթ առաջ «ուժեղ» խաղ էր եւ պատկերացրեք՝ մեզանից մի քանիսը ստիպված եղան մայրաքաղաք գնալ: Բայց հո անընդհատ չե՞նք կարող փող ծախսել ու Երեւան հասնել»,- զայրանում են մոլի ֆուտբոլասերները: Նրանց ասելով՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը մի քանի խաղեր ցույց տվեց այն բանից հետո, երբ ֆուտբոլի սիրահար գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այս հարցը բարձրացրեց Ազգային ժողովում:

«Հո կրակը չընկա՞նք: Գյումրեցի պատգամավորները միկրոֆոնները ձեռքներին պիտի ման գա՞ն, որ չմոռանաք, թե գյումրեցիներն էլ են մարդ: Սա ի՞նչ վերաբերմունք է»,- չէին հանգստանում ֆուտբոլասերները: Նրանք «խելագարվում» են այն մտքից, որ մինչեւ գարուն ամենադիտարժան խաղերը ցուցադրվելու են ու իրենք զրկված են լինելու այդ հաճույքը վայելելուց: Նրանք նախազգուշացնում են, որ եթե «Արմենիա» հեռուստաընկերությունն այս հարցը արագ չկարգավորի, բողոք կներկայացնեն Իսպանիայի դեսպանատուն՝ պահանջելով ֆուտբոլի հեռարձակման լիցենզիայից զրկել այդ հեռուստաընկերությանը: «Ով՝ ով, գոնե մենք գիտենք, որ երբ պայմանագիր է կնքվում, հատուկ կետով նշվում է, որ պարտավոր են խաղերը հեռարձակել ամբողջ պետության տարածքով»,- ասում է գյումրեցի ֆուտբոլասերների հսկա բանակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել