Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԳՆՈՒՍԻ ՀԵՏ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԽԱՂԱՄ»

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպասում է շախմատի աշխարհի չեմպիոնության համար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կայանալիք հավակնորդների մրցամարտին:

Շուրջ մեկ ամիս Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնեց Բեռլին: Ծաղկաձորում նրա հետ էին գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արա Մինասյանը եւ մոսկվացի Վլադիմիր Պոտկինը:

Մեկնելուց առաջ «Առավոտը» հարցազրույց անցկացրեց Լեւոն Արոնյանի հետ:

– Ինչպե՞ս անցավ հավաքը: Հիմնականում ինչի՞ վրա էիք ուշադրություն դարձնում:

– Ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի: Զբաղվում էինք ֆիզիկական պատրաստականության բարձրացումով:

– Իսկ շախմատո՞վ:

– Իհարկե, շախմատ էլ էինք խաղում, բայց ինչ ծրագրել էինք, ամբողջությամբ չարեցինք:

– Ի՞նչը խանգարեց:

– Բոլորս էլ մի փոքր ծուլացել էինք: Բայց ես տվյալ դեպքում կարեւորում եմ, որ թիմը միավորվեց եւ ամրապնդվեց: Մոտ 26 օր ընկերներով լավ ժամանակ անցկացնելը նյարդերը հանգստացնելու շատ լավ առիթ էր:

– ՖԻԴԵ-ի գավաթը նվաճելուց հետո մամուլի ասուլիսներից մեկում հայտարարել էիր, թե սկզբնախաղի արվեստին վատ ես տիրապետում: Հիմա է՞լ նույն կարծիքին ես:

– Ոչ: Ծաղկաձորում հիմնականում դրա վրա էինք աշխատում: Հիմա կան սկզբնախաղային ուղղություններ, որոնց տիրապետում եմ խորությամբ ու հիմնավորապես, իսկ ուղղություններ էլ կան, որոնք գիտեմ մակերեսորեն:

– Հիմա մեկնում ես Բեռլին: Ի՞նչ ծրագրեր ունես:

– Գնում ենք Գաբրիելի հետ միասին: Մեր բեռլինյան «Քրոյցբերգ» ակումբի կազմում կմասնակցենք Գերմանիայի բունդեսլիգայի առաջնությանը: Պայքարելու ենք բարձրագույն լիգայում մնալու համար: Այնտեղից կմեկնեմ Մոսկվա, որտեղ նոյեմբերի 5-20-ը հանդես եմ գալու Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Ճիշտն ասած, դեռ չգիտեմ, թե ովքեր են մասնակցելու, ինչ կարգի մրցաշար է: Այդ ընթացքում Գաբրիելը Իսպանիայում կմասնակցի այդ երկրի ակումբային առաջնությանը, որը շատ կարեւոր մրցում է: Եթե Իսպանիայի մեր «Մեջիք» ակումբը, որի կազմում են նաեւ Մորոզեւիչը, Պոնոմարյովը, Շիրովը, Կարյակինը, հաղթող դառնա, հաջորդ տարի Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունք կնվաճի: Հետո կշարունակեմ նախապատրաստվել աշխարհի չեմպիոնության համար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կայանալիք մրցամարտին:

– Որքան հասկացա, բունդեսլիգային մասնակցելը մարզական առումով քեզ առանձնապես նոր բան չի տա:

– Նախ, ակումբի առջեւ պարտավորություններ ունենք: Երկրորդ, դա ավելի շատ հարկավոր է Գաբրիելին: Նա վերջին շրջանում շատ քիչ է խաղում:

– Ինչո՞ւ:

– Պարզապես՝ սիրում է տանը մնալ: Այդպիսի բնավորություն ունի:

– Ի վերջո, ե՞րբ է կայանալու Մագնուս Կարլսենի հետ մրցամարտը:

– Կարծես՝ եկող տարվա ապրիլին:

– Դա վերջնակա՞ն ժամկետ է:

– Ամեն անգամ հետաձգելիս էլ ասում են, թե վերջնական է:

– Մագնուսը վերջին շրջանում բավականին ուժեղացրել է խաղամակարդակը: Դու կհաղթե՞ս:

– Գուշակություններ անել չեմ սիրում: Նա լավ տղա է: Հաճույքով հետը կխաղամ:

– Ամեն անգամ Հայաստան գալիս գնում ես հարազատ գյուղ: Այս անգամ հարազատներիդ այցելեցի՞ր:

– Ոչ: Ցավոք, ժամանակ չեղավ:

– Համոզված եմ, որ շախմատի մեր տղամարդկանց հավաքականը կճանաչվի անցնող տարվա հանրապետության լավագույն թիմ, իսկ դու Հայաստանի 2006 թվականի լավագույն մարզիկի կոչման գլխավոր հավակնորդն ես: Տարեվերջյան մեծարման ավանդական արարողությանը ներկա կլինե՞ս:

– Կաշխատեմ անպայման այստեղ լինել թեկուզ մեկ օրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել