Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցեցին երեք փառատոնի

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) օրերս վերադարձել է Չեխիա, Սլովակիա, Գերմանիա կատարած համերգային շրջագայությունից:

ՀՊՖՆ-ը մասնակցել է երեք փառատոնի. երկուսը՝ Չեխիայում, մեկը՝ Սլովակիայում եւ ընդգրկվել Գերմանիայի Meistersingerhallen-ի համերգաշրջանում:

«Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեց ՀՊՖՆ-ի գլխավոր տնօրեն Ռուզաննա Սիրունյանին:

– Մեկ ուղեւորություն եւ մասնակցություն միանգամից երեք փառատոնի։ Ե՞րբ, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացաք փառատոներին մասնակցելու հրավերները:

– 2005 թ. գարնանը Երեւանում հյուրընկալել էինք Չեխիայի Բռնո քաղաքի ամենամյա միջազգային փառատոնի հյուրերին։ Կազմակերպիչները՝ ARS-կոնցերտ գործակալությունը, փառատոնի համար փնտրում էր մասնակիցներ, նաեւ՝ Հայաստանից: Սա Եվրոպայի հայտնի երաժշտական փառատոներից է, որին ժամանակին մասնակցել են Ավստրիայի, Բեռլինի եւ այլ հայտնի ֆիլհարմոնիկ նվագախմբեր: Ֆիլհարմոնիկի հերթական երեւանյան մի համերգից հետո հյուրերը իրենց խոսքերով տպավորված էին նվագախմբի ելույթով եւ այսպիսով ստացանք հրավեր: Նշեմ, որ ավելի ուշ կազմակերպիչներին էինք տրամադրել ֆիլհարմոնիկի CD-ները: Այսպիսով, մասնակցեցինք «Մորավիայի աշուն» եւ «Աշնանային Պրահա» փառատոներին: Վերջինիս կազմակերպիչները մեզ ընդգրկեցին նաեւ Սլովակիայում անցկացվող ամենամյա փառատոնին: Ավելին, կազմակերպեցին Ֆիլհարմոնիկի ելույթը Նյուրնբերգի հայտնի Meistersingerhallen-ում: Ի դեպ, նվագախմբի հետ ելույթ ունեցավ հայաստանցի սաքսոֆոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Կորյուն Ասատրյանը, որը ներկայումս ուսանում է Քյոլնի երաժշտական ակադեմիայում: Մոռացա նշել, որ փառատոներին նվագախմբի հետ հանդես եկավ գերմանացի ջութակահարուհի Սոֆիա Հաֆֆեն:

– Փառատոներում ներկայացված ծրագրերը տարբե՞ր էին:

– Այո։ Օրինակ՝ Չեխիայում, «Մորավիայի աշուն» փառատոնում ներկայացրել ենք Արամ Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Չայկովսկու «Պաթետիկ» սիմֆոնիան, իսկ «Աշնանային Պրահայում»՝ Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան, Շոստակովիչի Ջութակի եւ նվագախմբի առաջին կոնցերտը։ Տեղեկացնեմ, որ Գերմանիայում էլ հանդես եկանք Շոստակովիչի Վեցերորդ սիմֆոնիայի, Դեբյուսիի Սաքսոֆոնի համար գրված ռապսոդիայի եւ այլ երկերի մեկնաբանմամբ։

– Ի՞նչ միջոցներով նվագախումբը մեկնեց փառատոների։

– Մեզ աջակցեց մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

– Ասում են, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը փառատոների ընթացքում ձեռք է բերել «էկզոտիկ» մականունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Չեխիայի հեղինակավոր «PRAVO» օրաթերթը նվագախմբի ելույթներից հետո գրել էր. «Երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրել նաեւ մի «էկզոտիկ» նվագախմբի, այն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն է՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը համալրված է բարձրակարգ երաժիշտներով եւ ունի հարուստ հնչողություն»: (Տիկին Սիրունյանը մեզ ներկայացրեց նշյալ օրաթերթը): Իսկ ինչո՞ւ «էկզոտիկ», որովհետեւ, չեխերի հավաստմամբ՝ հանձինս Ֆիլհարմոնիկի, իրենք առաջին անգամ էին ծանոթանում կովկասյան տարածաշրջանից իրենց երկիր հյուրընկալված սիմֆոնիկ նվագախմբի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել