Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 27,2006 00:00

Ընտանեկան բժշկի ինստիտուտը կայանում է

Անկախությունից ի վեր մեր երկրի առողջապահության ոլորտում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը համակարգի պատասխանատուները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կայունությամբ եւ տնտեսական աճով: Տարեցտարի պետական բյուջեից այս ոլորտին հատկացվող գումարներն ավելանում են: Առողջապահության այս տարվա բյուջեն 2002 թվականի համեմատ ավելացել է 2, 5 անգամ՝ հասնելով մոտ 40 միլիարդ դրամի: Կառավարության, Համաշխարհային բանկի եւ միջազգային այլ կառույցների օժանդակությամբ առողջապահության համակարգը բարեփոխվում է եւ արդիականացվում, որի նպատակն է երկրի բնակչության մեծ մասի համար ապահովել մատչելի բուժօգնություն եւ բարելավել առաջնային բուժօգնության որակը: 2004-ից սկսել է իրականացվել ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա համակարգի արդիականացման` 25, 5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային քառամյա ծրագիրը: Այն ունի չորս բաղադրիչ, որից մեկը ընտանեկան բժշկության զարգացումն է: Ընտանեկան բժիշկը առաջնային բժշկասոցիալական օգնություն եւ շտապօգնություն իրականացնելու իրավունք ունեցող, մասնագիտական բազմապրոֆիլ կրթություն ստացած բժիշկ է: Նա իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչությունը, հիվանդությունների կանխարգելումը, բուժումը եւ առողջության վերականգնումը ամբուլատոր ընդունելության եւ տնային այցերի ժամանակ: Մեր երկրում ընտանեկան բժշկությունը զարգացնելու համար վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կհատկացվի 7,1 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպատակ ունի առաջիկա 4-6 տարիների ընթացքում առողջության պահպանման օղակում աշխատող բժիշկներին եւ բուժքույրերին վերապատրաստել որպես ընտանեկան բժիշկներ (բուժքույրեր): Ծրագրի ընթացքում կվերապատրաստվի 930 բուժաշխատող: Վերապատրաստվող բժիշկներին կապահովեն կրթաթոշակով, իսկ անապահովներին կտրամադրվեն կացարաններ: Դասընթացները կանցկացվեն Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Առողջապահության ազգային ինստիտուտում եւ բժշկական հենակետային քոլեջում:

Դասընթացների գործնական մասը կանցկացվի Երեւանի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի կլինիկական կենտրոններում: Ծրագրով նախատեսված է նաեւ մարզերի կլինիկական կենտրոնների վերազինում` բժշկական սարքավորումներով: Մարզկենտրոնների պոլիկլինիկաներում արդեն ստեղծվել են ախտորոշիչ բաժանմունքներ, որոնք հագեցած են ուլտրաձայնային, դոպլեր, էլեկտրասրտագրության, կենսաքիմիական անալիզատորներով եւ այլ սարքավորումներով:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների կարծիքով, վերջին 10 տարիներին այս ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրվել են: Ընտանեկան բժշկության գրասենյակներում, գյուղական ամբուլատորիաներում եւ քաղաքային պոլիկլինիկաներում այժմ աշխատում են շուրջ 320 ընտանեկան բժիշկ եւ 440 ընտանեկան բուժքույր: Առողջապահության նախարարության հաշվարկներով, ընդհանուր առմամբ, մեր երկրին անհրաժեշտ է 2200 ընտանեկան բժիշկ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում` արդեն 220 բժիշկ վերապատրաստվել է, որի մեծ մասն աշխատում է գյուղական ամբուլատորիաներում: Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է վերանորոգել 14 պոլիկլինիկա, կառուցել 6 ամբուլատորիա, ինչպես նաեւ դրամաշնորհներ տրամադրել այն համայնքներին, որոնք կմասնակցեն իրենց համայնքի առողջապահության խնդիրների լուծմանը: Այս հարցում տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումը պետք է լինի 5 տոկոսի չափով: Համաշխարհային բանկի փորձագետները, վկայակոչելով զարգացած երկրների փորձը, հավաստում են, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը բոլորովին նոր որակ է մտցնում առողջապահության համակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել