Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլֆսոնը ցուցմունք կտա

Հոկտեմբեր 27,2006 00:00

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ շարունակվեց Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ասատրյանին եւ Վոլֆսոնին մեղադրում են ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ նախապատրաստելու եւ իրականացնելու մեջ: Երեկ ցուցմունք պիտի տար ազգային անվտանգության փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը: Սակայն նա հայտնեց, որ ինքն ու Ասատրյանը պայմանավորվել են, որ առաջինը ցուցմունք կտա Սիլվան, ապա՝ ինքը: Ասատրյանն իսկապես պատրաստ էր ցուցմունք տալու: Սակայն դատարանը մերժեց, քանի որ սահմանված կարգի համաձայն՝ ցուցմունք պիտի տա Յուրի Վոլֆսոնը: Վերջինս ցանկություն հայտնեց ցուցմունք տալ նոյեմբերի 8-ին նշանակված հերթական նիստին: Նրա փաստաբան Անժելա Կարապետյանն ասաց, որ սպասվում են լուրջ բացահայտումներ:

Դատարանին հանձնվեց Ասատրյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի եւ Վոլֆսոնի պաշտպան Անժելա Կարապետյանի հայտարարությունը: Նրանք, մեջբերելով Վոլֆսոնի կնոջ, վկա Սվետլանա Աբովյանի ցուցմունքը, որը դատարանում հնչեց, այն է՝ «Սիլվայի մայրը փաստաբաններիս ներկայությամբ հայտնել է, թե ինտիմ կապ կա Սիլվայի եւ Յուրիի միջեւ», հարկ էին համարել հայտարարությամբ ասել, որ նման բան իրենց՝ փաստաբանների ներկայությամբ չի հնչել: Ըստ փաստաբանների, «Աբովյանը վերը նշված հայտարարությունն արել է՝ ուղղորդված լինելով մեղադրանքի պաշտպանությունն իրականացնողների կողմից»: Ի դեպ, ուղեկիցները ազգային անվտանգության տղաներն էին:

Մեկ այլ հայտարարություն էլ դատարանին ներկայացրել էր Աիդա Շահբազյանը, որը իր 19-ամյա թոռան առեւանգման կապակցությամբ վերջերս կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն: Մինչ Շահբազյանը կսպասեր, թե իրեն երբ կընդունի ԱԱԾ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը, նա հանդիպել է Մելիք Գասպարյանի գործով վկա Լեւոն Չալաբյանին։ «Անցագրային բաժնում Չալաբյանը զանգահարեց ինչ-որ մեկին եւ խոսում էր ռուսերեն: Ես լսեցի, թե նա ինչպես ասաց. յա օչեն բայուս առեստույուտ: Նա շրջվեց եւ արագ-արագ հեռացավ»: Շահբազյանը այս հայտարարությունը ուղարկել էր դատարան, քանի որ տեղյակ լինելով ընթացող դատավարություններին, լսել էր, որ ԱԱԾ նախկին աշխատակից Չալաբյանը ցուցմունք է տվել: Ըստ այդ ցուցմունքի, Վոլֆսոնը իրեն էր խնդրել ճշտել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի բնակվելու վայրը: Ըստ գործի նյութերի, Չալաբյանը Վոլֆսոնին «ուղեկցել» է, ապա նրան ճանապարհին կորցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել