Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"Թիվ 27 դպրոցի «Տիր» աշակերտական հանրապետության վարչակազմն օրերս դիմել է դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանին՝ խնդրանքով, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոկտեմբերի 27-ին Յուրի Բախշյանի գերեզմանին «հաշվետվություն» ներկայացնել:

Հաշվետվություն այն մասին, որ իրենք հետեւում են Յուրի Բախշյանի պատգամին եւ ամեն ինչ անում են՝ հայրենիքին նվիրված քաղաքացիներ դառնալու համար: Տնօրենը հուզված անակնկալի է եկել: Նշենք, որ Յուրի Բախշյանը իր պատգամը տվել է կնոջը, երբ նա նշանակվել է տնօրեն: Պատգամը եղել է այսպիսին. «Անահիտ, աշակերտներիդ դպրոցում սովորեցրու պետություն կառավարել, թող ընտրեն, ընտրվեն եւ սովորեն իրենց կառավարել: Թող մի քիչ պակաս ֆիզիկա, մաթեմատիկա իմանան, բայց դառնան ճիշտ քաղաքացի»:

Դպրոցի ներսում ձեւավորվել է հանրապետություն՝ հեթանոսական Տիր կրթության աստծո անունով: Այն ունի աշակերտական ժողով, կառավարություն, նախարարներ, որոնք էլ զբաղվում են դպրոցի խնդիրներով, բայց ոչ այնպես, ինչպես մեր իշխանությունները: Երեկ մեր խնդրանքով աշակերտները եւ դպրոցի շրջանավարտները ներկայացրին «հաշվետվությունից» մի քանի հատված:

Աշակերտական ժողովի նախագահ Գայանե Քյասինյան- Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում Յուրի Բախշյանին՝ դպրոցում հանրապետություն ստեղծելու իր գաղափարի համար, ինչին այսօր փորձում են հետեւել այլ դպրոցներ եւս:

Դպրոցի եւ ԵՊՀ շրջանավարտ Հակոբ Մկրտչյան- Ես իմ շրջապատում տարբերվում եմ նրանով, որ 7-րդ դասարանից ընդգրկված եմ եղել դպրոցական հանրապետության մեջ, առավել տեղեկացված եմ քաղաքական ու հասարակական անցուդարձից, կարող եմ ցանկացած երեւույթին իմ ուրույն լուծումը տալ:

Դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Սեդրակ Մկրտչյան- Թիվ 27 դպրոցը ոչ միայն կրթում է, այլեւ նույնիսկ մարդկանց հետ վարվելակերպ է սովորեցնում:

Բորիս Օհանյան, 9-րդ դասարան- Մեր համակարգչային սենյակում փակցված է Յուրի Բախշյանի խոսքը՝ ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում: Հիմա նա չկա, բայց այն, ինչ թողել է իրենից հետո՝ մեզ հետ է: Շատ մարդիկ նույնիսկ բուհեր ավարտելուց հետո չեն ունենում այն իրավական մակարդակը, որն ունի մեր դպրոցի աշակերտը:

«Տիր» աշակերտական հանրապետության վարչապետ Հրաչ Մելքոնյան- Ինչպես ընտանիքի ամրության հարցում իրենց դերն ունեն հայրն ու մայրը, նույն դերն ունեն մեզ մոտ տիկին Բախշյանն ու Յուրի Բախշյանը:

Դպրոցի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Վերոնիկա Մկրտչյան- Ես հիմա ընդգրկված եմ նաեւ ԵՊՀ ուսխորհրդում: Կարծում եմ, որ եթե բուհում էլ այս «Տիր» պետության մոդելով առաջնորդվենք, շատ լավ կլինի: Այսօր ուսխորհուրդներն իրենց դերը չեն կատարում, որովհետեւ ամեն մի քայլ, առաջարկ բախվում են ինչ-որ շահերի:

Իշխանությունները նրանց չեն հիշում

«1999-ից հետո միայն հաջորդ տարին հիշվեց ու հարգվեց զոհվածների հիշատակը: Նրանից հետո՝ ոչ մի անգամ,- ասում է Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:- Անկախության 15-ամյակին հանրաքվեն չհիշվեց, առաջին նախագահը չհիշվեց: Ինչպե՞ս ենք հիշում Ցեղասպանությունը եւ չենք հիշում հոկտեմբերի 27-ը՝ իբրեւ պատմության մի էջ: Ինչքան էլ կոծկեն, ծածկեն, թաքցնեն, միեւնույն է, դա եղել է: 15-ամյակի ողջ արարողությունների ժամանակ հիշվեցին միայն վերջին 5-6 տարիները: Ջայլամ են, գլուխները ավազի մեջ՝ երջանիկ ապրում են»: Տիկին Բախշյանը հպանցիկ հիշում է նաեւ «27»-ի դատավարությունը, որին ինքը մեծ մասամբ մասնակցել է:

«Դատավարությունը լուսաբանվում էր այնպես, ինչպես թելադրում էին ինչ-որ մարդկանց կամքը, շահերը։ Դատավարությունն ամբողջությամբ ընթացավ հետեւյալ տրամաբանությամբ՝ կոծկել, թաքցնել, թույլ չտալ, որ որեւէ էպիզոդի վրա լույս սփռվի: Որքան էլ այդ ջանքերը ներդրվեցին, դատավարությունը շատ բան բացահայտեց այնտեղ գտնվողներիս համար: Ինձ համար շատ բան այնքան ակնհայտ դարձավ, որ ես անգամ ասեկոսեներին չեմ հետեւում: Ակնհայտ էր, որ դատարանը 3.5 տարի ձրի փող առավ պետությունից ու փակեց դատը՝ իրազեկ պահելով հանրությանն այնքան, ինչքան գիտեինք հոկտեմբերի 28-ին:

Համաշխարհային ահաբեկչության պատմության մեջ միայն մեր նախագահն է հանդիպել ահաբեկչի հետ: Դա անթույլատրելի է համարվում: Պետության ղեկավարը չպիտի հանդիպի ահաբեկչին. դա նշանակում է կոմպրոմիս: Ի՞նչ են խոսել՝ ոչ ոք չի ասում, ո՛վ գիտի:

Պետությունը, որ այսօր ունենք, հոկտեմբերի 27-եր ծնող պետություն է, եղածը միակը չէ: Արժեքային համակարգ չունեցող մարդկանց հավաքածու է այս պետությունը, մեր ժողովրդին չեն սիրում: Այն մարդը, ով հարուստ է, ստորաքարշորեն շողոքորթում է իրենց, նրա՛նց են սիրում: Այս պահին լավատեսությունս չի գալիս: Հույսս այս երեխաներն են»:

Հետգրություն

«Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ եկեղեցի գնալը, աղոթք անելն ընդունված նորմ էր, իսկ Յուրայի ընտանիքում բոլորը երդվյալ կոմունիստներ ու աթեիստներ են եղել: Նա առաջին անգամ իմ տատիկի սենյակում տեսավ Աստվածաշունչ: Բայց Յուրան բացառիկ քրիստոնյա էր, ինձնից էլ առավել: Ես շատ բան եմ սովորել Յուրայից՝ հավասարակշռություն, վատի մասին զգույշ խոսելու ունակություն:

Յուրան ինձ շատ է օգնել ամեն հարցում, նաեւ՝ դպրոցի կայացման գործում, օգնել է նույնիսկ հաջորդ օրվա դասին պատրաստվել, երբ ես հոգնած էի լինում: Նրա՝ պաշտոնի անցնելուց հետո մեր ընտանիքի ողջ հոգսն ընկավ ինձ վրա, որից ես երբեմն նեղանում էի: Դա նրա նվիրումից էր իր գործին: 1999-ի հոկտեմբերի 26-ի երեկոյան նա, տան մեջ երկար ետուառաջ անելուց հետո, վերջապես կանգ առավ խոհանոցում եւ մի տեսակ պահանջատիրական ձայնով ինձ կանչեց: Ես նրա ձայնից վախ զգացի: Ասաց՝ «լսիր, ինչ եմ ասում…»: Ես չուզեցի լսել նրան, որովհետեւ այն, ինչի մասին պետք է խոսեր, ինչ խնդիրներ որ պետք է պատմեր, ես դրանից հուսահատվում էի, իսկ ես չէի ուզում հուսահատվել: Ձեռքը խփեց սեղանին ու ասաց՝ «դու էլ չես ուզում լսել»: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան եմ զղջում, որ չեմ լսել նրան: Ի՞նչ էր ուզում ասել… այո, ես զգում էի, որ նա այդ օրերին լավ չէր զգում, ինչ-որ բան նրան դուր չէր գալիս, իր էությանը հակառակ բաներ էին կատարվում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել