Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանում խորովածանոց են բացել

Հոկտեմբեր 27,2006 00:00

Ինչի համար թույլտվությունը տվել են քաղաքային իշխանությունները

Մայրաքաղաքի Հանրապետության 24 հասցեում գտնվող շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում եւ ընդգրկված է պատմության ու մշակույթի հուշարձանների ցանկում: Շենքը պահպանելու համար ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալությունը այդ հասցեում ապրող բնակիչների հետ կնքել է «պահպանական պարտավորագիր», ըստ որի՝ հուշարձան-շենքին սպառնացող վտանգի, վթարային կամ այլ իրավիճակների դեպքում բնակիչները պետք է անհապաղ տեղյակ պահեն գործակալությանը:

Օրերս «Առավոտին» էր դիմել շենքի բնակիչներից մեկը՝ Թերեզա Տեր-Ավետիքյանը, ասելով, որ իրենց շենքի բնակիչ Ռադիկ Քրմոյանը սկսել է շենքի նկուղում փոփոխություններ անել՝ քանդելով երեք հիմնապատերը. «Շենքի ընդհանուր նկուղն իմ բնակարանի ուղղությամբ է գտնվում: Բացի այն, որ նկուղի վերակառուցումը խարխլում է շենքի հիմքը, այնտեղ փոփոխություններ անելու դեպքում՝ մշակութային արժեք հանդիսացող շենքն իրոք կկորցնի իր դերը եւ կնսեմացվի»: Այս առնչությամբ Թ. Տեր-Ավետիքյանն իր մտահոգությունը հայտնել է գործակալության ճարտարապետ Կարո Այվազյանին. «Ճարտարապետը եկավ ինձ հանգստացրեց, որ ոչ մի շինարարություն չի լինի, բայց օրեր առաջ իմացա, որ շինարարությունը գործակալության թույլտվությամբ է արվում»: Ռ. Քրմոյանը պատրաստվում է շենքի առաջին հարկում ինտերնետ ակումբ ու խորովածանոց բացել, հուշարձան-շենքի պատին բիզնեսը գովազդող ցուցանակն արդեն փակցված է:

«Առավոտի» հետ զրույցում Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանն ասաց. «Եթե շինարարությունը նորմերին համապատասխան է արվում, կարծում եմ՝ խնդիր չի առաջացնի, օրենքը հատուկ սահմանափակում չի դնում, որ հուշարձանը չպետք է օգտագործվի, իհարկե, եթե դրանով չի նսեմացվում այդ արժեքը»: Ինչպես պարզվեց, Ս. Մուսոյանը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ պատմամշակութային շենքը շինարարական միջամտության արդյունքում հարմարեցվել է եւ դրա առաջին հարկում խորովածանոց ու ինտերնետ ակումբ է լինելու: «Այնտեղ նման բան կա՞, ես բոլորովին տեղյակ չեմ»,- զարմացավ պարոն Մուսոյանը:

Նկուղում կատարվող շինարարության պատճառով Թ. Տեր-Ավետիքյանի բնակարանի պատերին մեծ ճաքեր են հայտնվել: Կնոջ խոսքերով, նկուղն ընդհանուր սեփականություն է եւ եթե բնակիչներից որեւէ մեկը որոշում է այնտեղ շինարարություն անել, պետք է ստանա բոլոր բնակիչների թույլտվությունը, ինչը չի եղել: Փոխարենը պատմամշակութային շենքը վերակառուցելու շինթույլտվություն Ռ. Քրմոյանին տվել են Երեւանի գլխավոր ճարտարապետը, քաղաքապետարանը, թաղապետարանը եւ քաղաքաշինության նախարարությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել