Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿՈԾԿԵԼ

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"Նուբարաշենի մարզական կենտրոնի կիսակառույց շենքում խաղալիս երեխան ընկել է, բայց այդ մասին թե՛ թաղապետարանը, թե՛ երեխայի հարազատները լռում են:

Նուբարաշեն համայնքի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի հարեւանությամբ արդեն մեկ տարի է՝ մի կիսակառույցի շինարարություն է ընթանում: Կառուցվող շենքը ծառայելու է որպես համայնքի մարզական կենտրոն: Թաղապետ Մհեր Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Հովհաննիսյանի բարեկամ-ընկերները բնակիչներին խոստացել էին, որ 50 մլն դրամ են փոխանցելու համայնքի բյուջե՝ մշակութային այդ համալիրի կառուցման համար: Սակայն ինչ-ինչ պատճառներով կիսակառույցի շինարարությունը ավարտին չի հասնում: Քանի որ ապագա մշակութային կենտրոնը գտնվում է Ղ. Ալիշանի անվան դպրոցի կողքին՝ այգու մոտ, աշակերտները հաճախ դասերից հետո այդ կիսակառույցում խաղում են:

Մեր տեղեկություններով՝ օրերս դպրոցի սաներից մեկի հետ դժբախտ պատահար է եղել. 4-րդ դասարանում սովորող Մելանյա Բարսեղյանը կիսակառույցում խաղալիս ընկել է ու վնասվածքներ ստացել, ինչի արդյունքում մի քանի օր դասերին չի հաճախել:

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Սվետլանա Ակոջյանն էլ հաստատեց, որ, իսկապես, օրերս այդ աշակերտուհու հետ դեպք է պատահել. «Նա դասերից հետո՝ ժամը 4-5-ի սահմաններում վայր է ընկել դպրոցի մոտ գտնվող կիսակառույցում, բայց հիմա լավ է եւ դասերին գալիս է»: Տնօրենը մեզ փոխանցեց երեխայի տատիկի կոորդինատները՝ մանրամասներն իրենից ճշտելու: Սակայն տատիկը, խիստ բարկանալով, որ թոռնիկի հետ կապված դեպքի մասին տեղյակ ենք, Մելանյայի անունը դեռ չլսած՝ միանգամից վրա բերեց. «Նրա հետ ոչինչ չի եղել, նա շատ լավ է, անձրեւ է եղել, ոտքը սայթաքել է ու մեկ մետր բարձրություն ունեցող գազի տրուբաների վրայից մեջքի վրա ընկել է, չարաճճի երեխա է, ի՞նչ կա էդտեղ, սովորական դեպք է, սկի հիվանդանոց չենք տարել»:

Կիսակառույց շենքի դրսի մասում երկաթե աստիճաններ կան: Մեր տեղեկություններով՝ Մելանյան բարձրացել է այդ աստիճանների վրա ու 3-րդ հարկի աստիճաններից վայր է ընկել: Նրան հիվանդանոց չեն տեղափոխել, տան պայմաններում են օգնություն ցույց տվել՝ հավանաբար դեպքը կոծկելու նպատակով, քանի որ այն ինչ-որ չափով առնչվում է թաղապետի հետ եւ համայնքի բնակիչը խուսափում է աղմուկից՝ թաղապետարանի հետ խնդիրներ չունենալու համար:

«Առավոտի» աղբյուրների տեղեկացմամբ՝ դեպքից մի քանի օր հետո թաղապետ Մհեր Հովհաննիսյանի հայրը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, այցելել է դեպքի վայր եւ տեսնելով, որ շինության ներսում նորից երեխաներ են խաղում՝ նրանց հորդորել է «ցվրվել տարածքից»: Այժմ ոչ մի երեխայի չեն թույլատրում այնտեղ խաղալ:

«Առավոտի» հետ զրույցում Նուբարաշենի թաղապետի տեղակալ Մերուժան Ներսիսյանը տեղեկացրեց, որ գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է միջոցներ տրամադրել՝ այդ մարզական շենքի կառուցման համար. «Շինությունը համարյա թե պատրաստ է, մնացել է միայն ներսի հարդարանքը: Մենք դիմել ենք միջազգային դոնոր կազմակերպություններին, որ նրանք էլ օգնեն՝ կարողանանք շինարարությունը ավարտին հասցնել»: Պարոն Ներսիսյանը հավաստիացնում էր, որ ճիշտ է, մոտ մեկ տարի է՝ շինարարությունը ձգձգվում է, բայց երեխաներն այնտեղ չեն կարող մտնել ու խաղալ, քանի որ մուտքերը փակ են: Մինչդեռ լուսանկարում էլ պարզ երեւում է, որ ոչ միայն մուտքերը փակ չեն, այլեւ շինհրապարակը պաստառով շրջակայքից առանձնացված չէ: Եթե նույնիսկ մուտքն էլ փակ լիներ, շենքի առաջամասում մինչեւ տանիք հասնող երկաթե մեծ աստիճան կա, որն արդեն մեծ վտանգ է ներկայացնում: Թաղապետի տեղակալը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, որ այդ կիսակառույցում դժբախտ պատահար է եղել, պարզապես նշեց՝ «Չեմ կարծում, որ այդ դեպքը հենց այդ մարզական կենտրոնի շենքում է եղել, հնարավոր է՝ բակում եղած լինի, այնուամենայնիվ, եթե ուզում եք ասել, որ անվտանգությունն ապահովված չէ, ես խոստանում եմ, որ այդ ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել