Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱ՛Մ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 27,2006 00:00

\"\"Այս երկընտրանքը «Բարգավաճ Հայաստանին», ՀՀԿ-ին եւ Ժողովրդական կուսակցությանը պարտադրված է Հայաստանի օրենքներով, ըստ որոնց՝ բարեգործությունը չպետք է հետապնդի քաղաքական նպատակներ:

Խախտո՞ւմ են արդյոք այս կուսակցությունները Հայաստանի օրենսդրությունը, երբ նախընտրական այս շրջանում նրանցից մեկը մարզերում կարտոֆիլ եւ սերմացու է բաժանում, մյուսը դպրոցներին լաբորատոր սարքավորումներ է տրամադրում, իսկ ուսանողներին՝ անվճար ավտոբուսներով ապահովում, երրորդը՝ այցելություններ կազմակերպում եւ հեռուստացույցներ բաժանում կարիքավորներին: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը մեր հարցին, թե ընդհանրապես՝ կուսակցություններն իրավունք ունե՞ն զբաղվելու բարեգործական գործունեությամբ, պատասխանեց. «Կուսակցությունների մասին» օրենքով կուսակցությունները չեն նախատեսվում որպես բարեգործական կազմակերպություններ: Դրանք քաղաքական կազմակերպություններ են: «Բարեգործության մասին» օրենքի համաձայն՝ բարեգործական կազմակերպությունները քաղաքական հարցերի հետ չպիտի կապեն իրենց բարեգործությունը»: Իր այս պատասխանով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը փաստորեն հաստատեց, որ ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի», ե՛ւ Ժողովրդական կուսակցության, ե՛ւ ՀՀԿ-ի ծավալած գործունեությունն այժմ անօրինական է:

Սակայն քանի որ Ռաֆիկ Պետրոսյանն ինքն էլ ՀՀԿ անդամ է՝ բնականաբար, չէր կարող փորձ չանել ինչ-որ կերպ արդարացնել նման գործունեությունը. «Այսօր հարց են տալիս, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանի» քայլերը պե՞տք է դիտել իբրեւ ընտրակաշառք, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ո՛չ: Քանի որ դեռ չի սկսվել նախընտրական արշավը: Եթե, ասենք, այդ կուսակցությունը մինչեւ հիմա իրականացրել է նման գործունեություն՝ ինչո՞ւ սրանից հետո նույնպես չշարունակի, եթե բնակչությանը օգուտ են տալիս»: Մեր պատասխանին, թե չպիտի շարունակեն, քանի որ դա չի բխում ՀՀ օրենսդրությունից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Չէ, բայց օրենքը միաժամանակ կուսակցություններին չի զրկել բնակչության հետ շփվելու, նրանց հարցերը լուծելու հնարավորություններից եւ իրավունքներից: Երբ սկսվի նախընտրական քարոզչությունը եւ այդ ժամանակ նույնպես շարունակվի այդ, այսպես կոչված, բարեգործությունը՝ դա արդեն կարելի է դիտել որպես ընտրակաշառք: Իսկ այժմ ընտրարշավ չկա, ուստի ես համարում եմ, որ խախտում չկա»:

Այնուամենայնիվ, կուսակցությունների կողմից օգնության բաժանումը միայն նախընտրական քարոզչության շրջանում չէ օրենքի խախտում: Եթե «Բարգավաճ Հայաստանին», ՀՀԿ-ին եւ Ժողովրդական կուսակցությանն առավել հոգեհարազատ է բարեգործությունը, ուրեմն՝ իրենց գործունեությունը պիտի համապատասխանեցնեն մասնավորապես «Բարեգործության մասին» օրենքին, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ բարեգործական կազմակերպություններն ստեղծվում են հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով: Կուսակցությունն այդ ձեւերից չէ: Նույն հոդվածի համաձայն՝ «բարեգործական կազմակերպության անվանումը պետք է ներառի «բարեգործական» բառը»:

Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքն, ըստ էության, արգելում է բարեգործական կազմակերպությունների մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Մասնավորապես, օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցություններին չի թույլատրվում նվիրատվություններ ստանալ բարեգործական կազմակերպություններից: Իր հերթին՝ «Ընտրական օրենսգրքի» 25 հոդվածով արգելվում է, որ նախընտրական հիմնադրամում մուծումներ անեն բարեգործական կազմակերպությունները, իսկ 18 հոդվածով էլ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել բարեգործական կազմակերպություններին:

Մի խոսքով, մեր օրենսդրությամբ խիստ որոշակի սահմանագիծ կա քաղաքական գործունեության եւ բարեգործության միջեւ: Եվ անկախ նրանից, թե ինչպես խորհուրդ էր տալիս Վիկտոր Դալլաքյանը՝ Գագիկ Ծառուկյանը կունենա՞ «համապատասխան քաղաքական թիմ եւ լուրջ ծրագիր»՝ նման նախաձեռնությունները ո՛չ այս, ո՛չ մյուս կուսակցությունների կողմից չեն կարող գնահատվել այլ կերպ, քան քողարկված ընտրակաշառք: «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը մեր հարցին, թե համաձա՞յն է այն հակափաստարկներին, թե այս ամենն ընտրակաշառք չէ, քանի որ նախընտրական քարոզչության փուլում չէ, որ իրականացվում է՝ ասաց. «Բացարձակապե՛ս: Եվ ես ԱԺ-ում էլ հայտարարեցի, որ ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի «Կուսակցությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածներով, ըստ որոնց՝ կուսակցություններն իրավունք չունեն զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Հիմա պատկերացնենք կուսակցություն, որն իր անդամավճարներով ապահովում է ոչ միայն իր բնականոն գործունեությունն, այլ նաեւ կուտակել է որոշակի գումարներ: Հարկ է նախ ճշտել, թե մեր այս աղքատ երկրում այդ ո՞ր կուսակցության տասնյակ հազարավոր անդամներն են այդքան բարգավաճել: Իսկ եթե դրանք զուտ անձնական միջոցներ են, ապա այս ամենն արդեն կուսակցության հետ կապ չունեցող խնդիր է: Սակայն բաժանում են՝ հատուկ նշելով, թե «Բարգավաճ Հայաստանն» է տվել, Ժողովրդական կուսակցությունը կամ մեկ ուրիշը: Այդ ինչպե՞ս հակասություն չկա օրենքի հետ: Կուսակցությունների անունից արվող բարեգործությունը միանշանա՛կ հակասում է «Կուսակցությունների մասին» եւ «Բարեգործության մասին» օրենքներին»:

Հ. Գ. Մենք մտադիր ենք ներկայացնել նաեւ խնդրո առարկայի շուրջ «Բարգավաճ Հայաստանի», Ժողովրդական կուսակցության եւ ՀՀԿ-ի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել