Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԼԱՁՈՐՆ» ԻՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ Է»

Հոկտեմբեր 26,2006 00:00

Ասում է «Գլաձոր» կառավարման համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը

Արդեն տասնյոթ տարի հայաստանյան կրթական համակարգում իր առանձնահատուկ տեղն ունի «Գլաձոր» կառավարման համալսարանը։ Այն հիմնադրվելով դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում՝ 1990թ., անցել է ժամանակաշրջանին բնորոշ կայացման բարդ ու դժվարին ճանապարհ եւ հասարակության մեջ ստեղծել հավատ ու վստահություն մասնավոր բուհական համակարգի նկատմամբ։ «Գլաձոր» կառավարման համալսարանը հագեցած է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով՝ ուսանողին գործնական եւ տեսական գիտելիքներ մատուցելու համար, համակարգչային սենյակներ՝ 45 նոր համակարգիչներով, էլեկտրոնային գրադարան, ընթերցասրահ, օտար լեզուների ուսուցման լինգաֆոնային կաբինետներ, լուսավոր, գեղեցիկ եւ կահավորված դասասենյակներ, սպորտդահլիճ։ Այստեղ հոգ է տարվում նաեւ ուսանողների հանգստի եւ ժամանցի համար. պտղատու ծառերով այգին եւ շատրվանները, սրճարանը, բուֆետը ուսանողներին դասամիջոցներին լիարժեք հանգստանալու հնարավորություն են տալիս։

«Գլաձոր» կառավարման համալսարանն ունի յոթ մասնագիտություն եւ երկու մասնագիտացում (իրավագիտություն, համաշխարհային տնտեսագիտություն, ֆինանսներ եւ վարկ, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, կառավարում, միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա, օտար լեզուներ, թարգմանչական գործ, ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա, հայոց լեզու եւ գրականություն), իսկ անցած տարվանից ունի ասպիրանտուրա։ Համալսարանին կից գործում է հենակետային դպրոց-վարժարան՝ 9-10-րդ դասարանների աշակերտների համար:

– Պարոն Ջհանգիրյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր բուհի ունեցած հաջողությունը:

– Դա պայմանավորված է իմ սկսած գործի նկատմամբ ունեցած հավատով եւ ինքնավստահությամբ: Ես այն ստեղծել եմ սիրով: Ես սովետական իրականության ծնունդ եմ, ապրել, սովորել եւ աշխատել եմ խորհրդային համակարգում, որի համար չեմ ափսոսում։ Բայց այն ժամանակ էլ մենք գիտեինք համաշխարհային ճանաչում ունեցոդ Հարվարդի, Քեմբրիջի համալսարանների մասին։ Ուստի հիմնելով «Գլաձորը», ես համոզված էի, որ իմ ստեղծած բուհը դառնալու է այնպիսի հաստատություն, որով ես կարող եմ հպարտանալ: «Գլաձորը» իմ երրորդ երեխան է, որին ես ավելի ուշ եմ ունեցել, քան մյուս երկուսին։ Այն ինձ համար ավելի թանկ է, ես նրան փայփայում, գուրգուրում եմ ամեն օր։ Նույնիսկ կիրակի օրն էլ եմ այստեղ լինում, սա իմ երկրորդ տունն է, իմ երկար տարիների աշխատանքն այստեղ է ամփոփված։

– Հասարակության մեջ տարածված է այն մտայնությունը, թե «Գլաձորում» սովորելը դժվար է։

– «Գլաձոր» ընդունվելը հեշտ է, բայց ոչ բոլորն են կարողանում ավարտել այն. բուհում դրված խստագույն մոտեցումներն ու կարգուկանոնը ուղղակիորեն պարտադրում են ուսանողին լիարժեք գիտելիք ստանալ՝ զերծ մնալով շատ բուհերում առկա կոռուպցիոն եւ այլեւայլ ճանապարհներով գնահատական ստանալու հնարավորությունից։ Սովորող երեխայի համար «Գլաձորում» սովորելը դժվար չէ, այլ՝ ընդհակառակը: Իսկ մեր շրջանավարտները երբ կյանքում հասնում են հաջողությունների, մենք չենք ափսոսում մեր աշխատաոճի համար եւ վաղն ավելի մեծ բերքատվություն ենք ակնկալում:

– Այսօր Հայաստանում շատ կան մասնավոր բուհեր, որոնց հասարակությունը ուղղակիորեն չի վստահում: Պե՞տք են մեր երկրին այսքան շատ մասնավոր ուսումնական հաստատություններ:

– Կարեւորն այն չէ՝ բուհը մասնավոր է, թե պետական, այլ նրա բովանդակությունն է էական։ Այսօր Հայաստանում գործում են մի քանի տասնյակ մասնավոր բուհեր, որոնցից շատերն ուղղակիորեն վարկաբեկում են մասնավոր բուհական համակարգը, ինչպես ժողովուրդն է ասում՝ թացն ու չորը խառնվում են իրար եւ ստեղծվում է սխալ պատկերացում ողջ համակարգի նկատմամբ: Վերջերս ինձ զայրույթ պատճառեց «Ազգ» օրաթերթի սեպտեմբերի 16-ի «Ձեր սխալը մե՞նք պիտի սրբագրենք» հոդվածը: Այդտեղ արծարծված երեւույթները վարկաբեկում են մասնավոր բուհական համակարգը: Կարծում եմ, համապատասխան իրավասու մարմինները պետք է անհրաժեշտ վերաբերմունք դրսեւորեն, բացահայտեն ճշմարտությունը եւ նման երեւույթները կանխարգելեն ու այդ բուհերին զրկեն գործունեությունից: Հակառակ դեպքում կշարունակվի արտերկրում բացասական վերաբերմունքի տարածումը: Պետք է փրկել կայացած մասնավոր բուհերին նման վարկաբեկումից: Իսկ եթե բուհը կարող է արժանապատիվ ծառայել իր նպատակին՝ սերունդ դաստիարակել, շրջանավարտ տալ, ուրեմն նրան պետք է հնարավորություն տրվի աշխատելու, անկախ նրանից՝ մասնավոր է, թե պետական։ Սերունդ խաբելը նվազագույնը անբարոյականություն է, առավելագույնը՝ ազգադավություն։ Իհարկե, վարկաբեկող բուհեր կան նաեւ պետականների մեջ, եւ դրանք բոլորը պետք է փակվեն:

– Ինչպիսի՞ն է մրցակցությունը մասնավոր եւ պետական բուհերի միջեւ:

– Պետությունը, նկատի ունեմ ԿԳ նախարարությունը, խորթ զավակի նման է նայում մասնավորներին, նրանց միջեւ դնելով անհավասար մրցակցության պայմաններ, ասենք՝ կապված զինծառայության, պետպատվերով տեղերի հատկացման եւ այլ արտոնությունների հետ: Եթե այսօր պետական բուհերը անգամ ցածր միավորներով ընդունում են գրեթե անսահմանափակ թվով դիմորդներ եւ թույլատրելիից ավելի ուսանողներ, դասեր են անցկացնում փոքր ու անհարմար լսարաններում, մասնավոր բուհերի համար այդ հարցը շատ խիստ է դրված: Այս ամենը մրցակցության անհավասար պայմաններ են առաջացնում մասնավոր եւ պետական բուհերի միջեւ, թեեւ, ըստ օրենքի, պետք է վերացնել նրանց տարանջատումը: Արդյունքում մասնավոր բուհերը, անկախ նրանց բոլոր առավելություններից, կանգնում են դժվարությունների առջեւ: Նրանցից մեծ ջանքեր են պահանջվում՝ ապացուցելու, որ իրենք էլ են օրինական զավակ: Կոնկրետ «Գլաձորը» ստեղծվել է պետության թույլտվությամբ, ստացել է պետական լիցենզավորում եւ պետական հավատարմագիր, այդ ամենին հասնելով արժանապատիվ ձեւով: Ես վստահորեն կարող եմ ասել, որ մեր բուհը մրցունակ է շատ պետական բուհերի հետ: «Գլաձորում» մի տեսակ ավանդույթ է դարձել, որ գլաձորցին նոր ուսանողներ է բերում՝ իր քույրերին, եղբայրներին, ընկերներին, բարեկամներին եւ, հետեւաբար, դիմորդների առումով «Գլաձորը» խնդիր չի ունենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել