Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՎԱՐԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ

Հոկտեմբեր 26,2006 00:00

\"\"1998թ. Մարիա Թեւոսյանը Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում իր առաջնեկն ունեցավ: Նրա երկրորդ երեխան ծնվեց 2005թ. հունվարի 19-ին, Երեւանի Շենգավիթի բժշկական կենտրոնում:

Ընդ որում, երեխաները երկու դեպքում էլ ծնվել են կեսարյան վիրահատմամբ: Վիրահատությունից հետո պարզվեց, որ Թեւոսյանի ձվարանն ու ձախակողմյան փողը չկան: Թեւոսյանն այդ մասին տեղյակ չէր: Առանց նրա գիտության՝ վերոնշյալ բուժհիմնարկներից որեւէ մեկում կամ հեռացվել է ձվարանն ու փողը, կամ գողացվել է:

Ամիսներ առաջ, երբ «Առավոտը» կանգ առավ երկրորդ՝ գողության վարկածի վրա, խմբագրությանը դիմեցին բազմաթիվ մասնագետներ, բացառելով, թե հնարավոր է «գողոնն» օգտագործել:

Այս տարվա մարտի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվեց թիվ 34200106 քրեական գործը: Բացատրություններ տվեցին երկու բուժհիմնարկների բժիշկները: «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի բուժմասի տնօրեն Սարգիս Վարդանյանը, օրինակ, ասել էր, որ վիրահատության ժամանակ Թեւոսյանի ձվարանն ու փողը առկա են եղել եւ «նրա որեւէ օրգան չի հեռացվել»:

Շենգավիթի բժշկական կենտրոնի գինեկոլոգ, փոխտնօրեն Աշոտ Սիրունյանն էլ նախաքննության մարմնին հայտնել էր. «Շոշափելով պարզել եմ, որ ձվարանը բացակայում է, իսկ փողի բացակայությունը «բացառապես պնդել չեմ կարող»: Ուշադրության արժանի էր այն, որ Թեւոսյանի մարմնին հետվիրահատական սպիներ էլ չեն հայտնաբերվել: Իսկ ըստ բժիշկների, ի ծնե բացակայությունն էլ հավանական չէ, քանի որ կինը բազմիցս բուժզննում է անցել, եւ դրա մասին չէր կարող տեղեկացված չլինել: Ըստ մարզի դատախազության քննիչ Ա. Փանոսյանի՝ «Թեւոսյանի փողի եւ ձվարանի հեռացումը նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս»: Այնուհանդերձ, քննության ժամանակ, ըստ նախաքննության մարմնի՝ «հնարավոր չեղավ պարզել, թե Թեւոսյանի ձախակողմյան փողը եւ ձվարանը հեռացվել են 1998թ., թե 2005թ.: Նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված են»:

Նոր ապացույց ձեռք բերելու նպատակով Մ. Թեւոսյանը ենթարկվեց դատաբժշկական փորձագիտական զննման: Փորձառու մասնագետները զննեցին Թեւոսյանին եւ… 26.07.2006-ին եզրակացություն տվեցին մեկ այլ անձի՝ Ա. Մաթեւոսյանի մասին: Փորձագետները պատասխանելով քննիչի հարցին, թե հավանակա՞ն է վերոնշյալ օրգանների փոխպատվաստում, հայտնել էին. «Միջազգային բժշկական պրակտիկայում կատարվում են զանազան օրգանների, այդ թվում՝ ձվարանի եւ փողի փոխպատվաստում»:

Մեկ այլ վարկածով, Թեւոսյանի մոտ առկա է աղիների տեղաշարժ, որը կարող էր հանդիսանալ վերոնշյալ օրգանների բացակայության հետեւանք: Կատարվածը համարվել է օրգանի կորուստ, սակայն քրեական գործն ավարտին չի հասցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել