Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԳՎ-ից չեն ցանկանում օգտվել

Հոկտեմբեր 26,2006 00:00

Գյումրեցի անօթեւաններից շատերը փտած տնակներում ապրելը գերադասում են «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրին մասնակցելուց:

Գյումրիում բնակարան ունենալու միակ շանսը կառավարության «Բնակարանների գնման վկայագիր» (ԲԳՎ) ծրագրին մասնակցելն է, որի անարդյունավետության մասին գյումրեցիները գիտեն: Բանն այն է, որ այս ծրագրի խիստ օրենքների համաձայն, բնակիչը սահմանափակ ժամանակահատվածում պարտավորվում է անձամբ բնակարան փնտրել, բանկերում գործարքներ կատարել եւ մարզպետարանի չինովնիկներին համոզել, որ իր գտած բնակարանը քիչ թե շատ նորմալ է բնակության համար:

Գյումրեցիների խոսքերով, թղթարարությունն ու քաշքշուկները գուցեեւ անտեսվեին, եթե ԲԳՎ ծրագրով կառավարությունն իրենց պատշաճ գումար տրամադրեր եւ եթե վթարային շենքերով հագեցած Գյումրիում բնակարանների դեֆիցիտ չլիներ: Հենց այս պատճառներով էլ գյումրեցի անօթեւաններից շատերը ԲԳՎ ծրագիրը բառի բուն իմաստով արհամարհում են: Շիրակի մարզպետարան՝ ԲԳՎ ծրագրով տուն ձեռք բերելու համար դիմումատուներ գրեթե չկան:

Օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ ներկա պահին ԲԳՎ ծրագրից օգտվելու ցանկություն հայտնել է ընդամենը 285 ընտանիք: Մինչդեռ այսօր Գյումրիում, քաղաքապետարանի տվյալներով, մոտ 4400 անօթեւան ընտանիք կա: Չնայած մարզպետարանը ամեն ինչ անում է մեծ թվով մարդկանց ծրագրում ներգրավելու համար՝ երկարացնում է դիմումների ընդունման ժամկետը, փոքր-ինչ ավելացնում հատկացվող գումարի չափը եւ այլն, այնուամենայնիվ, գյումրեցիները հրաժարվում են ԲԳՎ-ից օգտվել: Ա. Մարգարյանի տեղեկացմամբ, ծրագիրը կմեկնարկի վաղը՝ քաղաքաշինության նախարարության որոշմամբ վկայականներ կտրվի 40 անօթեւան ընտանիքի: Պաշտոնյայի ասելով, այս պահին վկայագրեր տրամադրվում են այն ընտանիքներին, որոնց Հայաստանի տարածքում սեփականություն չունենալը հաստատված է Կադաստրի պետական կոմիտեի կողմից: Չնայած այստեղ եւս որոշակի պրոբլեմներ են ստեղծվել. երբեմն համընկնում են բնակիչների անուն-ազգանունները եւ ստացվում է, որ իսկական անօթեւանը սեփականություն ունի:

Ա. Մարգարյանի ներկայացնելով, Կադաստրը տալիս է տեղեկատվություն Երեւան քաղաքի եւ Շիրակի մարզի կտրվածքով եւ 180 ընտանիքի վերաբերյալ նրանց կողմից մարզպետարան ուղարկված տեղեկանքներում նշված է, որ 95-ը սեփականություն ունի Երեւանում, որը սխալ է: Պարզ է, որ վերջին շրջանում ԲԳՎ-ի տրամադրումը խստացրել են. եթե նախկինում Կադաստրի պետական կոմիտեի հետ սերտ համագործակցումը այնքան էլ չէր հուզում մարզպետարանի պաշտոնյաներին, ապա այժմ հարկադրված են դա անում: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ Ս. Գրիգորյանը նախորդ ԲԳՎ-ի արդյունքներն ուսումնասիրելիս վարչապետին մի քանի փաստեր էր ներկայացրել, համաձայն որի, մասնավորապես Լոռիում, ԲԳՎ-ից օգտվել էին նաեւ որոշ սեփականատերեր: Շիրակի մարզում էլ աջակցող խմբերը աշխատել են երկու ցուցակով. աջակցող խումբը ունեցել է իր ցուցակը, մարզպետի կողմից քաղաքաշինության նախարարություն ուղարկվել է մեկ այլ ցուցակ:

Շիրակի մարզում որպես կոպիտ խախտում դիտվել է նաեւ բնակարանները ձեռք բերելուց հետո տնակները չազատելը: Մի խոսքով, նախորդ ԲԳՎ-ի իրացման ժամանակ, ըստ վարչապետին ուղղված զեկուցագրի, ավելի է ֆինանսավորվել 136170 հազար դրամ: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը խնայում է անօթեւանին նորմալ գումար տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել