Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼ Է ՈՉ ԹԵ ԳՈՐԾՈՂԻ, ԱՅԼ ՀԱՋՈՐԴԻ ՄԱՍԻՆ

Հոկտեմբեր 26,2006 00:00

«Հայտնվել է կառավարության մի անդամ, որը, մոռանալով իր բուն պետական գործառույթները, երկրի առաջ  ծառացած մարտահրավերները, մի շարք դեսպանատների զարհուրելի աշխատանքը եւ չաշխատանքը, կառավարության 80 տոկոս նիստերին չի մասնակցել եւ դա համարում է բախտի բերում,- ԱԳ նախարարի հարցազրույցին հայտարարությամբ հակադարձել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:

– Դժգոհ է կառավարության քաղաքականությունից, սակայն շարունակում է պաշտոնավարել։ Լավ գիտի մի շարք կոռուպցիոներների անունները, սակայն չի ասում ու թաքցնում է»: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վարդան Օսկանյանն ասաց. «Ինչ ասել եմ՝ խորքից է եկել: Այս հարցերն ինձ մտահոգում են՝ արծարծել եմ: Տարբեր կարծիքներ կարող են լինել»: Ի պատասխան մեկ այլ հարցի՝ նշեց, թե «իր խնդիրը չէ» կոռուպցիոներների անուններ հրապարակելը. «Ես ոստիկանություն չեմ, ոչ էլ դատախազություն»: Ուղղակի առաջարկեց ավելի լուրջ կիրառել կառավարության հակակոռուպցիոն ծրագիրը:

«Առավոտի» դիտարկմանը, թե ՀՀԿ դժգոհությունը պայմանավորված է թերեւս նաեւ այն հանգամանքով, որ այդ կուսակցությունն ունի նախագահական ընտրություններում իր թեկնածուն, իսկ Վարդան Օսկանյանն այդպես էլ չի բացառում իր մասնակցությունն այդ ընտրարշավին՝ ԱԳ նախարարն այսպես արձագանքեց. «Ես իմ ո՛չ ելույթները, ո՛չ հայտարարություններն այդ տրամաբանության մեջ չեմ դիտարկում: Ես ուղղակի գտնում եմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրության ժամանակ այս հարցերի մասին արժե խոսել: Այդքա՛ն բան: Եթե ուզում ենք իսկապես երկրում լրացուցիչ տեղաշարժ արձանագրել, կարողանալ մրցակցությունը պահել տարածաշրջանում՝ նոր ռեսուրսների որոնման հետեւից պետք է գնալ: Եվ այդ ռեսուրսները կա՛ն: Դրանք վերակենդանացնելու, ակտիվացնելու համար լուրջ, երկրորդ սերնդի բարեփոխումներ են պետք: Սա է, եւ ես որեւէ մեկին չեմ քննադատում դրա մեջ: Կառավարությունն արել է՝ ինչ որ արել է, եւ շարունակում է անել: Խնդիրն այն է, որ հաջորդ սերնդի ղեկավարները եւ քաղաքական ուժերը, որոնք հաջորդ փուլում պետք է ղեկավարեն երկիրը՝ այդ հարցերին, կարծում եմ, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել