Ռուսաստանում ծավալված հակավրացական արշավը վերջին օրերին նկատելիորեն թուլացել է: Դարձյալ սկսել են գործել այդ արշավի շրջանակներում փակված վրացական ռեստորաններն ու կազինոները:
Նվազել է Ռուսաստանից արտաքսվող վրաց միգրանտների հոսքը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, անգամ առկա են վրացական կրիմինալի դեմ մղվող պայքարի թուլացման ակնհայտ միտումներ: Ի՞նչ է սա: Արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարումն ինչ-որ չափով մեղմվել է, որի արդյունքում Մոսկվան որոշում է կայացրել դադարեցնել վրացիների հալածանքները:
Երկու բաղադրիչից բաղկացած այս հարցը, մեր համոզմամբ, ունի ճիշտ նույնքան պատասխան: Այսինքն՝ փաստ է, որ պաշտոնական Մոսկվան, առնվազն «խոհանոցային» մակարդակով, իսկապես որոշում է կայացրել եթե չդադարեցնել, ապա գոնե փոքր-ինչ մեղմել երկրի առանց այդ էլ սասանված իմիջն առ ոչինչ դարձնող հակավրացական հիստերիան: Սակայն փաստ է նաեւ, որ ռուս-վրացական հարաբերությունները ոչ միայն փոքրիշատե չեն կարգավորվել, այլեւ, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացմանը զուգընթաց, առավել վտանգավոր բովանդակություն են ձեռք բերել:
Փորձենք հասկանալ. գործնականում ի՞նչ տվեց Ռուսաստանին հակավրացական արշավը: Ռուս իրավապահների կողմից սկզբնապես իբրեւ «հակակրիմինալ» հռչակված գործողությունների ընթացքում, ըստ էության, տուժեցին միայն սովորական՝ կրիմինալի հետ ոչ մի առնչություն չունեցող աշխատավոր մարդիկ, ովքեր, մեր շատ հայրենակիցների նման, Ռուսաստան էին մեկնել ծանր աշխատանքով մի քիչ դրամ վաստակելու: Ինչ վերաբերում է վրացական ծագման կրիմինալին, ապա, ինչպես իրավացիորեն նշում են ռուսական լրատվամիջոցները, հիմնականում խաղատնային եւ ռեստորանային գերշահութաբեր բիզնեսի մեջ ներգրավված վրացական հանցագործ տարրը շատ հեշտ լեզու գտավ Ռուսաստանի՝ մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված ուժայինների հետ եւ ոչ միայն վնասներ չկրեց, այլեւ առատորեն սփռած կաշառքների շնորհիվ էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Արդյունքում՝ քաղաքակիրթ աշխարհն ականատես եղավ Ռուսաստանում մարդու իրավունքների պետական մակարդակով համակարգվող ոտնահարումների խայտառակ փաստերի, ինչը, ի հակառակ Կրեմլի սպասումների, քաղաքական հզոր դիվիդենդներ բերեց հավասարակշիռ գործողություններով առանձնապես աչքի չընկնող Սահակաշվիլու կառավարությանը, եւ հակառակը՝ մեծ չափով սասանեց Ռուսաստանի միջազգային վարկը: Ռուսաստանի նոր՝ «հակավրացական» իմիջի ազդեցությամբ ձեւավորված Արեւմուտքի նոր վերաբերմունքը, ի դեպ, պարզորոշ երեւաց նաեւ վերջերս ֆիննական Լախտի քաղաքում կայացած ՌԴ-Եվրամիություն գագաթաժողովի ժամանակ, ինչը, եթե հիշում եք, հարուցեց Պուտինի բավական ջղագրգիռ արձագանքը:
Թերեւս այս հանգամանքն է Մոսկվային ստիպել փոքր-ինչ վերանայել վրացիների սանձահարման «տեխնոլոգիաները», ինչը, իհարկե, առավել սկզբունքային պրոգրես, օրինակ՝ Վրաստանի ապաշրջափակում, դեռեւս չի ենթադրում: