Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մեկը թող իրեն փղի տեղ չդնի»

Հոկտեմբեր 26,2006 00:00

Երեկ «ԸՕ»-ի քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի տեսակետը հայտնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

Խորհրդարանական ուժերը երեկ վերջնականապես քննարկեցին «ԸՕ»-ի կոալիցիոն նախագիծը: Ծանոթներիցս մեկը՝ նախկին պատգամավոր, ով հեռակա հետեւում է խորհրդարանում ծավալված համամասնական-մեծամասնական թեմայով կռիվներին, երեկ նկատեց, որ իզուր էլ այդքան վիճում են, թող խորհրդարանի պատգամավորական տեղերը ավելացնեն, դարձնեն 200 հոգիանոց եւ բոլոր մականունավորներին եւ օլիգարխներին իրենց թիկնապահներով եւ սափրագլուխներով բերեն ու նստեցնեն դահլիճում, դրանից ոչինչ չի փոխվելու:

Բայց քանի դեռ նման բան չկա, եւ տեղերը սահմանափակ են, երեկ պատգամավորները քննարկում էին կոալիցիայի նախագիծը եւ եկան այն եզրակացության, որ այն դեռեւս փոփոխվելու տեղեր ունի: Նախորդ օրը ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը «ԸՕ»-ի նախագծի հետ կապված մի պատմություն էր պատմել այն մասին, որ փիղը (փիղն այս դեպքում երեւի ՀՀԿ-ն է) նկար է, գալիս են մյուս կենդանիները եւ իրենց հերթին մի-մի շտրիխ են ավելացնում՝ իբր բարեփոխելով նկարը, բայց վերջում գալիս են այն եզրակացության, որ փղի նկարածն ամենալավն էր: Գուրգեն Արսենյանը, ի պատասխան այս պատկերավոր համեմատության, հայտարարեց. «Ոչ մեկը իրեն թող փղի տեղ չդնի, որովհետեւ հայկական բնաշխարհին հատուկ չի այդ կենդանու՝ փղի առկայությունը, փիղն այլ լանդշաֆտների ներկայացուցիչ է, եթե չեմ սխալվում` մեր կենսագրության մեջ եղել է ընդամենը երկու փիղ, մեկը ողբերգական վախճան ունեցավ, երբ փախավ գազանանոցից, մյուս փիղը պահված է գազանանոցում եւ մտորումների մեջ է, երբ կբերեն իր ընկերուհուն»:

«Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը հայտարարեց, որ իրենք հանել են իրենց ստորագրությունը համատեղ նախագծից, քանի որ համոզվել են, որ ճիշտը համամասնական ընտրակարգի անցնելն է: Պարոն Կարապետյանը նշեց բոլոր դրական բաները, որ կարող է տալ 100 տոկոսանոց համամասնականի անցումը, եւ բացասական բաները, որ տալիս է մեծամասնական ընտրակարգը. «Հարյուր տոկոսանոց համակարգը ժողովրդին եւ պետականությանը կտա ընտրակաշառքների հնարավորության 90 տոկոսի սահմանափակում, ընտրակեղծիքների կեսի կրճատում, ընտրողների բարոյահոգեբանական վիճակի կայունացում, իրավապահ մարմինների, հարկային տեսչությունների, մարզպետարանների կողմից ժողովրդին շանտաժի ենթարկելու եւ հետապնդման գործելաոճի շեշտակի նվազում, կուսակցությունների ամրացում եւ կայունացում»: Իսկ մեծամասնականում պայքարը կսկսվի կաշառքի եւ շատ մեծ փողերի բնագավառից, եւ վերջում գործը կհասնի մեծ ուժերին` ծեծուջարդով եւ հրազենի օգտագործմամբ. «Արդեն հիմիկվանից, ում ընտրատարածքները իրար են խառնվել, սկսել են միմյանց դեմ «կոնտր» նյութեր հավաքել: Իսկ մեծամասնականի այդ պայքարում միայն մեկ մարդ է օգտվելու՝ Ռոբերտ Քոչարյանը»: Ըստ պատգամավորի, մեծամասնականով անցնողը դառնում է Ռոբերտ Քոչարյանի «մանեկենը», եւ օրինակ բերեց. «2003-ին պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր ընտրատարածքում ինքը ընտրեց Քոչարյանին՝ աշխատելով ընդդիմության թեկնածուների դեմ, բայց էսօր տեսաք, ի՞նչ արեցին նրա հետ, բոլորին էլ նույնն է սպասվում»: «ԱՄ»-ն ձեռնպահ կքվեարկի կոալիցիայի նախագծին, քանի որ նրա առաջարկություններից շատերը տեղ են գտել նախագծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել