Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

Հոկտեմբեր 26,2006 00:00

Արդեն 3 ամիս է, ինչ շարունակվում է ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի մասնակցությամբ երկու քրգործերի նախաքննությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից օրերս հրապարակած ցուցակում Հայաստանը խոսքի ազատության վարկանիշային ցուցակում 170 երկրների շարքում գրավում էր 101-րդ տեղը: Ընդ որում, նշվել էր, որ մեր երկրում տեղի է ունեցել լրագրողների նկատմամբ սպառնալիքների՝ 2, հարձակման 5 դեպքեր: Դրանցից մեկը «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ դեռ հուլիսի 12-ին տեղի ունեցած հարձակումն է: Հիշեցնենք, որ այդ օրը, ինչպես թղթակիցն էր հայտարարել, Նուբարաշենի թաղապետի հրահանգով կամ համաձայնությամբ թաղապետարանի մի շարք պաշտոնյաներ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ բռնություն էին կիրառել ֆոտոթղթակցի նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազությունը կատարված փաստի առթիվ քրեական գործ էր հարուցել մի շարք, այդ թվում՝ ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված՝ «լրագրողի մասնագիտական օրինական գործողությանը խոչընդոտելը» հոդվածով, որի նախաքննությունը փոխանցվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությանը: Հիշյալ դեպքից մոտ մեկ ամիս անց արդեն ֆոտոթղթակցի դեմ էր քրգործ հարուցվել ՀՀ ՔՕ երեք հոդվածներով՝ «խարդախություն», «հափշտակություն» եւ «մարդկային արժանապատվությունը ոտնահարելու» մեղադրանքներով:

Անցել է արդեն 3 ամսից ավելի, իսկ հարուցված երկու քրգործերի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Սա այն դեպքում, երբ այն քրգործով, որտեղ Գ. Շամշյանն ընդգրկված էր որպես տուժող, հանցագործները հայտնի են, կատարվել են հարցաքննություններ, կան կասկածյալներ, որոնցից մեկն ազատ է արձակվել գրավի դիմաց, կատարվել են առերեսումներ: Քրեական մյուս գործով, որտեղ Գ. Շամշյանն արդեն մեղադրյալի կարգավիճակում է, դարձյալ քննչական մի քանի գործողություններ են կատարվել: Հարցաքննվել են ե՛ւ Գ. Շամշյանը, ե՛ւ նրա գործողություններից, իբր, տուժած բողոքավորները, ովքեր, ի դեպ, Գ. Շամշյանի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանություն ցուցմունքներ տալու էին եկել հենց Նուբարաշեն համայնքի թաղապետի՝ Մհեր Հովհաննիսյանի ավտոմեքենայով: Ինքը՝ Գ. Շամշյանն առաջադրված որեւէ մեղադրանքով իրեն մեղավոր չի ճանաչում:

Ի դեպ, նկատի ունենալով այն փաստը, որ մի քանի տարի առաջ ֆոտոթղթակիցը համապատասխան մասնագետների եզրակացությամբ, իբր, տառապել է շիզոֆրենիայով, ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս քրգործի շրջանակներում Գ. Շամշյանը ենթարկվել է նաեւ բժշկական փորձաքննության: Երկու այդպիսի փորձաքննությունների արդյունքում էլ պարզվել է, որ Գ. Շամշյանը լիարժեք առողջ է ու մեղսունակ: «Ես՝ որպես պաշտպան, մասնակցել եմ փորձաքննություններից մեկին ու թեեւ մասնագետ չեմ, բայց նրա ու մասնագետ բժիշկների հարցուպատասխանից տպավորություն եմ ստացել, որ նա լիարժեք առողջ մարդ է եւ պատասխանատու է իր գործողությունների համար: Իհարկե, պաշտոնական գրությամբ մեզ այդ մասին դեռեւս չեն տեղեկացրել, բայց բանավոր կերպով փոխանցել են փորձաքննության եզրակացությունը, այն է՝ ներկայումս Գ. Շամշյանը լիարժեք առողջ է, թեեւ նախկինում ունեցել է շիզոֆրենիա»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ֆոտոթղթակցի պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Վերջինս ասաց, թե հարուցված երկու քրեական գործերով այս պահին որեւէ այլ քննչական գործողություններ արվում են, թե ոչ, համենայնդեպս՝ իրեն հայտնի չէ: «Այն քրգործի շրջանակներում, որտեղ Գ. Շամշյանը հանդես է գալիս որպես տուժող, իմ պաշտպանյալի մասնակցությամբ վերջերս եղել է առերես հարցաքննություն նրա ու հուլիսի 12-ին նրան սպառնած Անդրանիկ Հովհաննիսյանի՝ Նուբարաշեն համայնքի թաղապետի հոր միջեւ: Առերեսման ժամանակ Գագիկը պնդել է դեպքից հետո իր տված առաջին ցուցմունքները: Այն քրգործում, որտեղ նա ներգրավված է որպես մեղադրյալ, առաջարկվել էր առերես հարցաքննություն անել Գ. Շամշյանի ու նրա գործողություններից, այսպես կոչված, տուժողների միջեւ: Մենք որոշեցինք, օգտվելով մեր իրավունքից, հրաժարվել այդ առերեսումներից ու հարմար գտանք, որ Գ. Շամշյանի հետ առերեսումները կատարվեն հրապարակայնորեն հենց դատաքննության ժամանակ, որ բոլորի համար ամեն ինչ պարզ լինի»,- ասաց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ եթե որեւէ հանցագործության հետեւանքով մարդը տուժել է, ապա ցանկության դեպքում նա իր իրավունքները վերականգնելու համար ժամանակին կգնար ու կդիմեր համապատասխան մարմիններին, ինչը չի արվել: «Շատ նախադեպեր կան, երբ դատախազությունը գրությամբ է մերժում քրգործեր հարուցելը: Ես գտնում եմ, որ դա կարող էր արվել նաեւ Գ. Շամշյանի պարագայում: Մինչդեռ Գ. Շամշյանի դեպքում նրա դեմ արված ու մի քանի տարվա վաղեմություն ունեցող՝ 98-ին, 2000-ին եւ 2004-ին կատարված դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը արագ-արագ գործը վարույթ էր ընդունել, քրգործ հարուցել: Կարծում եմ, որ սա նախորդ քրգործի համար որպես հակակշիռ է ստեղծվել՝ Գ. Շամշյանի նկատմամբ ճնշում գործադրելու, նրան անելանելի վիճակում դնելու նպատակով»,- եզրակացրեց պաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել