Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հոկտեմբեր 25,2006 00:00

\"\"Երեկվանից Սպորտպետկոմում ազատ ոճի ըմբշամարտով սկսվեցին մրցաշրջան 2006-ում առանձին մարզաձեւերի կատարած աշխատանքների ՚նախնական եւ եկող տարվա ծրագրերի քննարկումները:

Դրանց մասին պատմում է Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանը:

«Այս նախնական քննարկումները նպատակ ունեն ճշտելու, թե պետության ֆինանսական աջակցության պարագայում առանձին մարզաձեւերի ֆեդերացիաներում աշխատանքներն ինչպե՞ս են իրականացվել եւ դրանց արդյունքում մրցաշրջան 2006-ում ի՞նչ ենք ունեցել պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների տարիքային խմբերում: Միաժամանակ լսում ենք հաջորդ տարվա համար նրանց առաջարկներն ու խնդիրները: Սկսեցինք ազատ ոճի ըմբշամարտից, իսկ վաղը լսելու ենք հունահռոմեական ոճի ներկայացուցիչներին:

Նախապես ասեմ, որ եկող տարի մեր ըմբիշները շատ լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու՝ կապված օլիմպիական վարկանիշներ նվաճելու հետ: Բանն այն է, որ 2007 թվականի երկու ոճերի աշխարհի առաջնությունները, որտեղ խաղարկվելու է Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրերի հիմնական մասը, նշանակվել են Բաքվում: Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում վարկանիշ տրվելու է առաջին տասնյակում տեղ զբաղեցնողներին: Կասկած չկա, որ Ադրբեջանը հայաստանցի մարզիկների անվտանգությունն ապահովելու երաշխիքներ չի տալու: Հետեւաբար, մեր հավաքականները չեն կարողանա մեկնել մրցավայր: Դրանով պայմանավորված, վիճակը բարդանում ու ծանրանում է այնքանով, որ հիմա պետք է ամբողջությամբ վերանայենք ու փոխենք եկող տարվա մեր ծրագրերը: Ճիշտ է, 2008-ին կան նաեւ մեկ-երկու միջազգային մրցաշարեր, որոնցում նույնպես չնչին քանակությամբ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու, բայց դա մեզ համար խնդրի լիարժեք լուծում չէ: Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունում կետ կա, որով նա կարող է չթույլատրել մասնակցել նշածս միջազգային մրցաշարերին, եթե այս կամ այն երկիրը աշխարհի առաջնությանը չի մասնակցել: Հիմա պետք է պաշտոնական գրություններով աշխատենք ՖԻԼԱ-ի հետ, ներկայացնենք իրականությունը, որպեսզի նախապես մյուս վարկանիշային մրցումներին մասնակցելու երաշխիք ստանանք:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, ազատ ոճի ըմբշամարտի եւ ընդհանրապես մյուս մարզաձեւերի աշխատանքներին վերջնական գնահատական տալուն, դրան կանդրադառնանք միայն ֆեդերացիաներում կազմակերպվելիք քննարկումներից ու նրանց գնահատականները լսելուց հետո: Իսկ առայժմ ասեմ, որ պատանեկան հավաքականի գործունեությունը վատ չհամարվեց, քանի որ նրանք Եվրոպայի առաջնությունում տվել են մեկ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, երիտասարդականինը՝ անբավարար, որովհետեւ Եվրոպայում հինգ մասնակցից միայն մեկ հոգի 5-րդ տեղն է գրավել, իսկ աշխարհի առաջնությունում միայն մեկ 3-րդ մրցանակակիր, իսկ մեծահասակներինը՝ բավարար, աշխարհի առաջնությունում մեկ բրոնզե մեդալ նվաճելու համար, չնայած մրցանակակիրը ծանր քաշային լեգեոներական է: Բայց միեւնույն է, նա հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո ու մասնակցել է հավաքականի ուսումնամարզական հավաքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել