Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբաջանյանը «կշարունակվի»

Հոկտեմբեր 25,2006 00:00

\"\"Օրերս Երեւանում անցկացված Առնո Բաբաջանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված երաժշտական փառատոնը շարունակություն կունենա Մոսկվայում, ապա ԱՄՆ-ում:

Մոսկովյան փառատոնի առիթով մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեցինք անվանի կոմպոզիտորի որդուն՝ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանին:

Նա տեղեկացրեց, որ Մոսկվայում նոյեմբերի 15-ին, Երաժշտության տանը, Կամերային դահլիճում կկատարվեն Բաբաջանյանի սիմֆոնիկ եւ կամերային երկերը: Համերգներին ներգրավված են հայաստանցի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Արմեն Բաբախանյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը:

Հարցին, թե բաբաջանյանական փառատոնը կունենա՞ իր շարունակությունը այլ երկրներում, Ա. Բաբաջանյանն ասաց, որ այս փառատոնի առաջին ակորդը կայացել է մինչ երեւանյան միջոցառումները. «Մոսկվայում ՀՀ դեսպանատանը կայացավ Առնո Արուտյունովիչի երգերի՝ Իոսիֆ Կոբզոնի մեկնաբանությամբ, «Չջնջել ձյան հուշը» CD-ի շնորհանդեսը: Անցկացրել ենք նաեւ ակցիա, որի ընթացքում մտավորականներին նվիրել ենք հիշյալ CD-ն: Հավանաբար 2007թ. սկզբին փառատոնն իր շարունակությունը կունենա ԱՄՆ-ում»: Տեղեկացնենք, որ մոսկովյան փառատոնի ավարտը էստրադային գալա համերգով կկայանա Կրեմլյան պալատի դահլիճում՝ դեկտեմբերի 15-ին: Մեր տարակուսանքին, թե ինչու Հայաստանից մասնակցում է միայն Անդրեն, այն դեպքում, երբ կոմպոզիտորը, ժամանակին, օրինակ, տարբեր երկրներում իր երգերից ընդամենը «Պայծառացումը» կատարելու համար հրավիրում էր հայկական էստրադայի իրական աստղ Զառա Տոնիկյանին, եւ տեղեկացված ենք, որ Մոսկվայի գալա համերգին հայ կատարողների մասնակցության հարցում Արա Բաբաջանյանի «խորհրդականն» է եղել նորաստեղծ Ա. Բաբաջանյանի անվան էստրադային նվագախմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Մադաթովը: Ընդ որում, վերջինս երկարատեւ ընդմիջումից հետո միայն այս տարվա գարնանն է վերադարձել Եվրոպայից եւ հավանաբար քաջատեղյակ չէ հայաստանյան էստրադային դաշտին: Ի վերջո, Մոսկվայում բաբաջանյանական միջոցառումները անցկացվում են ՌԴ-ում ՀՀ տարվա շրջանակներում եւ ակնկալվում էր հայաստանցի ավելի շատ կատարողների մասնակցություն: Այս առիթով Ա. Բաբաջանյանը հայտնեց. «Իրոք դժվար է եղել ՌԴ, ՀՀ եւ արտասահմանյան էստրադայի արտիստներին հրավիրելը. օրինակ, ռուսաստանյան PTP պետական հեռուստատեսությունը ունի իր նախընտրած էստրադային երգիչներին (փաստորեն այնպես, ինչպես մեր Հանրայինը- Ս. Դ.): Ի վերջո, նրանք պետք է նկարահանեն ու եթեր սփռեն ամբողջ համերգը: Մի խոսքով՝ բարդ աշխատանք է, որտեղ, անկասկած, դեր է խաղում մարդկային գործոնը»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարի Երեւանում անցկացնել Ա. Բաբաջանյանի անվան երիտասարդ կատարողների կամ ժամանակակից երգի միջազգային մրցույթ:

ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ՌԴ-ում ՀՀ տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումները համաձայնեցվա՞ծ են իրենց հետ, հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Գ. Դուրգարյանն ասաց, որ նախարարությունը այդ հարցում «վստահում» է հիմնադրամին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել