Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները կդիմեն դատարան

Հոկտեմբեր 25,2006 00:00

\"\"Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 180 ուսանողները, որոնք կառավարության հուլիսի 13-ի որոշմամբ զրկվել են տարկետման իրավունքից, առաջիկա օրերին կդիմեն 1-ին ատյանի դատարան:

Նրանք վերջապես, 1.5 ամիս հետո, ստացել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի պարզաբանումը՝ իրենց բազմաթիվ նամակներին ի պատասխան: Սակայն 13 տղաներ արդեն նոյեմբերի 1-ին ստիպված կլինեն համալրել հայոց բանակի շարքերը եւ, բնականաբար, չեն հասցնի դատական ատյաններում իրենց իրավունքները պաշտպանել: Այս ուսանողների ծնողները համոզված են, որ նման քայլով կառավարությունը բնավ էլ բանակի խնդիր չի լուծում. պարզ է, որ մեր բանակն այս 13 հոգու պակասը հենց այս պահին չի զգում: Պարզապես, ըստ նրանց, հարցին պետք էր մեծ հնչեղություն տալ եւ որքան հնարավոր է աղմկոտ կերպով վրեժխնդիր լինել բուհի ղեկավարությունից եւ մասնավորապես հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանից՝ նախկինում բուհի ունեցած բազմաթիվ արտոնությունների համար, որոնք բուհին տվել էր նույն կառավարությունը: Օրինակ այն, որ տարիների ընթացքում բուհի տարկետման իրավունքով տեղերը՝ առանց կոնկրետ հիմնավորումների, իրենց-իրենց շատացել էին: Այս մասին վերջերս մեզ հետ զրույցում ասաց ԿԳ նախարարը՝ հուշելով հարցի լուծման ձեւերից մեկը. «Որակյալ դատապաշտպաններ կան, եթե կգտնեն, որ երեխաների իրավունքներն իսկապես ոտնահարվել են՝ ժամկետային խնդիրների հետ կապված, խնդրին այլ լուծում կտրվի՝ կոնկրետ երեխաների տարկետման իրավունք տալու ճանապարհով, բայց ոչ՝ ակադեմիային տեղեր ավելացնելու»:

Իսկ ի՞նչ է ասում ԿԳ նախարարն իր պատասխան նամակում։ Նա հայտնում է, որ հարցի առնչությամբ պարզաբանում է տվել նաեւ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը, համաձայն «Զինապարտության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, կարող է ընդունել որոշումներ պարտադիր զինծառայությունից տարկետում տալու համար: «Ընդ որում՝ ՀՀ կառավարությունն իրավասու է ցանկացած ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ կատարել իր իսկ կողմից ընդունած իրավական ակտերում»:

Ըստ գործով պաշտպան Կարեն Մեժլումյանի, սա ճիշտ մեկնաբանություն չէ, որովհետեւ «որոշումն ուժի մեջ է մտել միայն սեպտեմբերի 3-ին, իսկ այդ ժամանակ այս ուսանողներն արդեն տարկետման իրավունք ունեցողի կարգավիճակի մեջ են եղել, եւ այդ իրավունքը տրվել է ողջ ուսման տեւողության համար: Իսկ դրանից հետո ցանկացած որոշում արդեն հետադարձ ուժ է»: Պրն Մեժլումյանը նշեց այն հիմքերը, ինչով նրանք պետք է կազմեն հայցադիմումը: Նախ՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: (Նույն միտքն է սահմանում նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78 հոդվածի 1-ին կետը): Իհարկե, որոշ պաշտոնյաներ այս թեմայի մասին խոսելով, երբեմն նշում են, որ բանակ գնալը դեռեւս անձի վիճակը չի վատթարացնում: Սակայն, ըստ Կ. Մեժլումյանի, մենք այստեղ նախեւառաջ ունենք կրթության շարունակականության պահպանման խնդիրը, ինչի իրավունքը անձը ձեռք է բերել մինչ որոշման ուժի մեջ մտնելը:

Ավելի վաղ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս հարցի առնչությամբ խոսելով՝ ասաց, որ սույն որոշումն իրավական ուժ չունի, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ դրանց իրականացումն ապահովելու նպատակով: Իսկ այս որոշման մեջ որեւէ հղում չկա՝ ի տարբերություն 2002 թ. որոշման, որով ի սկզբանե սահմանվել էր բուհի տարկետման իրավունքով տեղերի թիվը՝ հղում անելով «Զինապարտության մասին» օրենքին:

Պաշտպան Կ. Մեժլումյանը հուսով է, որ իրենց կհաջողվի միջնորդությամբ հանդես գալ դատարանում, որպեսզի դատարանը հարցի կապակցությամբ դիմի Սահմանադրական դատարան. քանի որ քաղաքացին ինքը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ միայն օրենքին վերաբերող հարցերի կապակցությամբ եւ ոչ՝ իրավական ակտերի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել