Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԵԼ ԿԱԴԱՍՏՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 25,2006 00:00

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը 600-ից ավելի հայցադիմումներով դիմել է առաջին ատյանի դատարաններ

Քաղաքապետը պահանջում է անվավեր ճանաչել քաղաքացիներին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Ընդ որում, պատասխանող են ճանաչվել ոչ միայն քաղաքացիները, այլ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Քաղաքապետը դիմել է դատարան այն ժամանակ, երբ զուգահեռ ընթանում է քրեական գործի նախաքննությունը 12-ի նկատմամբ, որոնք գերազանցելով իրենց պաշտոնեական դիրքն ու լիազորությունները, սեփականության իրավունքի վկայական տալու համար կողոպտել են միամիտ քաղաքացիներին, որոնցից շատերը տուժող են ճանաչվել եւ շարունակում են ճանաչվել հունիսի 22-ի հարուցված քրգործով: Այդ գործով բացահայտվել է 200 դրվագ:

Նար-Դոսի 32/7 տան սեփականատեր Հակոբ Պապյանը կադաստրի պատճառով կաթված է ստացել: 2-րդ կարգի հաշմանդամին Մարաշի ստորաբաժանումը (որի ղեկավարն է փախուստի մեջ գտնվող «Ծիտը»՝ Արմեն Սահակյանը) 8000 դոլար է պահանջել՝ 1928 թ. կառուցված նրա պապենական տունը սեփականաշնորհելու, գրանցման վկայական տալու համար: Այս բազմանդամ ընտանիքը բանկից գումար է վերցրել՝ 8000 դոլար: Յուրաքանչյուր ամիս նա 93.000 դրամ է տալիս «Առէքսիմբանկին»: Սակայն տուժողի հետ հարցերը պետությունը դեռ չավարտած, ի հայտ է եկել քաղաքապետարանը, որը ոչ միայն պահանջել է դատարանից չեղյալ համարել այս գերդաստանի տան սեփականության իրավունքի վկայականը, այլեւ միջնորդել է «կիրառել արագացված դատաքննություն եւ կայացնել վճիռ», «վեճը լուծել քաղաքապետարանի ներկայացուցչի բացակայությամբ», «հաշվի առնել, որ իրավունքի պետական գրանցման արդյունքում Հայաստանին պատճառվել է խոշոր գույքային վնաս»: Տվյալ դեպքում պարզ չէ, թե ովքեր են «պետությունը». գումարներ շորթած կադաստրի տարբեր ստորաբաժանման պետերի՞ն, թե՞ քաղաքացիներին, որոնք միամտաբար գումար են մուծել, իսկ բանկային անդորրագրում գրվել է այլ գումար: Քրեական գործի նախաքննության փուլում (ինչի մասին տեղյակ չէ վարույթն իրականացնող մարմինը՝ գլխավոր դատախազությունը) Հակոբ Պապյանը այս օրերին ստացել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի 06-277-Ա հրամանը՝ «կեղծ փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցումն ու գրանցման վկայականը անվավեր ճանաչելու մասին»: Սակայն ոչ մի խոսք այն մասին, որ «կեղծ փաստաթղթերը» տրվել են հենց կադաստրի կողմից, իսկ քաղաքացին էլ կրիմինալիստ չէր, որպեսզի կարողանար ճշտել դրանց իսկությունը: Կադաստրը այս գործին կցել է մի տեղեկանք, թե «անշարժ գույքը հաշվառված է որպես անօրինական շինություն՝ Մանուկ Քոչարյանի անվամբ»: Մանուկ Քոչարյանը Հակոբ Պապյանի պապն է, որի 1928-ին կառուցած տան սեփականությունը դարասկզբի, դարավերջի եւ 21-րդ դարի սկզբի քաղաքագլուխներից ոչ մեկը չեն վիճարկել դատարանով: Պապյանը միջնորդել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին՝ կասեցնել հայցի քննությունը մինչ կադաստրի հետ կապված քրեական գործի ավարտը. «Հույս ունեմ՝ ինձնից խաբեությամբ ստացված գումարը կբռնագանձվի»,- «Առավոտին» ասում է նա:

Ավելի ողբերգական վիճակ է 1992թ. զոհված ազատամարտիկ Ավետիք Դավթյանի ընտանիքում: Այրին՝ Սվետլանա Դավթյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Տղաներից 26-ամյա Դավիթ Դավթյանը անգործունակ է (տառապում է հոգեկան հիվանդությամբ), մյուս տղան՝ Գագիկ Դավթյանը, զինծառայող է, միաժամանակ հիվանդ մոր եւ եղբոր խնամակալը: Երեկ նա հուզված «Առավոտին» պատմում էր, որ կադաստրը 3700 դոլար գումար է պահանջել իրենց ընտանիքից՝ Խորենացի 97/12 հասցեում սեփականության իրավունքի գրանցման վկայական տալու համար: Անապահով այս ընտանիքին գումար են հասցրել հարազատները՝ նրանց տալով սեփական ոսկեղենը: Կադաստրի նախագահը հրաման է տվել (06-275-Ա) սեփականության իրավունքի վկայականը դարձյալ անվավեր ճանաչելու համար: Այդ հրամանի տակ Մանուկ Վարդանյանը մոռացել է հղում անել ՊՆ իրավական վարչության պետ Ռ. Ավագյանի տեղեկանքի մասին, որի համաձայն՝ «Դավթյանը հանդիսանում է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհվածի այրի եւ օգտվում է Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի հոդվածներից եւ արտոնություններից»:

Առնվազն անհասկանալի է, որ խմբակային հանցագործության մեջ մեղադրված կադաստրը (իր պետերով եւ աշխատակիցներով) եւ քաղաքապետը անվավեր են ճանաչում մի վկայական, որը հենց կադաստրի մեղքով է կեղծվել:

Մյասնիկյան 9/2, 7/12 տների բնակիչներ Յուխանյան Գագիկն եւ Օֆելյան, Մ. Գորկու 98 տան բնակիչ, Հայրենական պատերազմի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ Կարապետ Գեւորգյանն ու Մ. Գորկու 98/1 տան բնակչուհի Ժենյա Գեւորգյանը ստացել էին ծանուցագիր. քաղաքապետը նրանց դատարան է կանչել: Խնդիրը նույնն է. սեփականության վկայականն անվավեր ճանաչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել