Լրահոս
Օրվա լրահոսը

Վերամշակված փայտը թանկացել է

Հոկտեմբեր 25,2006 00:00

\"\"Պատճառը քաղաքական է

Արդեն քանի ամիս է՝ կտրուկ թանկացել են Վրաստանից ու Ռուսաստանից ներկրվող վերամշակված փայտի գները: Եթե անցած տարի մեկ խմ վերամշակված փայտն արժեր 170-200 դոլար, ապա այժմ այն վաճառվում է 300 դոլարով: Հայաստանում այսօր մեծ պահանջարկ ունեցող վերամշակված փայտը հիմնականում օգտագործվում է բնակարանաշինության մեջ:

Վերամշակված փայտի բիզնեսով զբաղվողները փայտի թանկացումը պայմանավորում են ռուս-վրացական հակամարտությամբ:

«Եվրոպա» շինանյութի խանութի տնօրեն Սերգեյ Մանուկյանը, որը մեր երկրում վերամշակված փայտերի հիմնական ներկրողն է, «Առավոտի» հետ զրույցում հավելեց, որ փայտի գները կտրուկ թանկացել են ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում ու Ռուսաստանում, ըստ նրա՝ վրացիների եւ ռուսների միջեւ առկա լարվածությունը հայերի գործին էլ է խփել. «Սահմանների փակ լինելը թանկացման վրա լուրջ ազդեցություն է թողել: Վրացիները պատճառաբանում են, թե փայտի արտահանման ծավալների կրճատմամբ փորձում են պահպանել իրենց անտառները: Բացի այդ, վրացիները փայլուն իմանալով, որ վերամշակված փայտը Հայաստանը միայն Վրաստանից է ներկրում, առիթն օգտագործում են եւ գները սովորականից թանկացնում»: Ըստ Ս. Մանուկյանի՝ «Մենք մեծ թափով սկսել ենք վերամշակված փայտը նաեւ Ռուսաստանից ներկրել, որպեսզի վրացիներին գոնե մի քիչ զսպենք: Անգամ Սիբիրում ձեռք ենք բերել անտառ եւ շուտով ներկրելու ենք այնտեղից: Վերամշակված փայտի մոտ 30-40 դոլարով էժանացումը հնարավոր է միայն այդ դեպքում»:

Մեր տեղեկություններով, Վրաստանում վերամշակված փայտի արհեստական թանկացման մի պատճառ էլ կա: Քանի որ Վրաստանում վերամշակված փայտի բիզնեսով հիմնականում ջավախահայերն են զբաղվում, վրացական կողմն այս հանգամանքը երկրի ներսում դիտում է որպես ջավախահայերի ուժեղացման ու հզորացման գործոն, ուստի Հայաստան ներկրվող վերամշակված փայտի ծավալները քչացրել են ու գներն էլ՝ բարձրացրել:

Շուկայում տեղական արտադրության փայտը պահպանել է իր գինը, մեկ խմ-ն արժե 100 դոլար: Փայտի բիզնեսով զբաղվողների խոսքերով, տեղական փայտը չունի այն որակն ու պահանջարկը, ինչ ներկրվողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել