Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին գործընկերները վերջնականապես գժտվեցին

Հոկտեմբեր 25,2006 00:00

«Դոդոշները», «վամպիրները», «աղբակույտը» եւ «գարշահոտությունը» խորհրդարանում

Երեկ հայտարարությունների ժամը հերթական անգամ վերածվեց ՕԵԿ-ՀՀԿ բառային «փոխհրաձգության», որն անցավ պարկեշտության բոլոր սահմանները: Երբեմնի գործընկերները միմյանց հասցեին այնպիսի բառապաշարով էին արտահայտվում, որից անհարմար կզգար անգամ ամենափողոցային «ռազբորկայի» մասնակիցը: Հեղինե Բիշարյանը առաջինը սկսեց եւ հայտարարեց. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ի դեմ սեւ քարոզչությունը կազմակերպվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից»: Ըստ Հեղինե Բիշարյանի, քանի որ իր վաղօրոք տարածած այդ տեղեկությունը հանրապետականները ժամանակին չեն հերքել, ուրեմն ասվածը ճիշտ է. «Դիմում եմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որ կոպեկներով տասնյակ հազարավոր քառակուսի մետրեր է սեփականաշնորհել միայն Երեւանում, հազարավոր հա հողատարածքներ է ձեւակերպել իր մտերիմների անուններով տարբեր մարզերում, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որը հայտնի է բազմաթիվ ստվերային գործարքներին իր մասնակցությամբ, կազինոներում միլիոններ տանուլ տալու իր հայտնի սովորությամբ, բենզինի, դիզվառելիքի նկատմամբ իր ստվերային վերահսկողությամբ. դադարեցրեք սեւ քարոզչությունը ՕԵԿ-ի նկատմամբ»: ՀՀԿ-ի շահերը առաջինը պաշտպանեց Համլետ Հարությունյանը, ով ասաց. «Երբ քաղաքական գործիչները կամ կուսակցությունները անբարոյական անկում են ունենում, դրա հետ չեմ կարողանում համակերպվել»: Ասաց նաեւ, որ «չի կարելի երախտամոռ» լինել: Հովհաննես Մարգարյանը Համլետ Հարությունյանին դիմեց. «Պարոն Հարությունյան, ինչքանով ինձ հայտնի է, դուք ԱԺ եկաք «Ազգային միաբանության» հետ, հիմա էլ Հանրապետականի հետ եք, վաղն էլ չգիտեմ ինչ «բառադի» ճանապարհներով, հիմա էլ խոսում եք երախտամոռությունից, ինձ համար խիստ զարմանալի է»:

Արմեն Աշոտյանը իր հերթին հիշեց հին իմաստնությունը, որը, ըստ նրա՝ «վկայում է, որ աղբակույտի հետ գործ ունեցողը գարշահոտից չի վախենում»: Հովհաննես Մարգարյանը նրան էլ հակադարձեց, ասելով. «Արյան փոխներարկման կայանում նշանակվեցին վամպիրները պահեստապետ»: Վահան Հովհաննիսյանը չդիմացավ եւ միջամտեց. «Պարոն Մարգարյան, դուք որերորդ անգամ ապացուցում եք, որ ձեր բառապաշարը պառլամենտական չէ»: Իսկ Հովհաննես Մարգարյանը հարց էր տվել. «Ո՞վ է հրահրում այս քաղաքական քաոսը, ո՞ւմ է ձեռնտու այս պղտոր եւ գաղջ ցեխաջուրը, միգուցե ճահճուտների արքայի՞ն՝ դոդոշի՞ն»: Հանրապետական Սամվել Նիկոյանը իր հերթին նկատեց, որ երբ «Աստված մեկին ուզում է պատժել, զրկում է տրամաբանությունից»:

Մհեր Շահգելդյանը իր կողմից ասաց. «Մենք դեռ 2003-ին ասել ենք, թե որտեղից է գալիս գարշահոտությունը, ասել ենք, որ դա գալիս է կառավարությունից»: Ապա հերթը հանրապետական Սուքիաս Ավետիսյանինն էր, ով անկեղծորեն զարմացած հարցրեց. «Չի կարելի այստեղ գալ, չքմեղանալ, կույսի կերպարանք ընդունել եւ խոսել այն ամենը, ինչին իրենք ժամանակին մասնակցել են եւ ավելի շատ բաժին են տարել»: Այդ պահին պետք էր տեսնել ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դեմքը, որը մոտավորապես սա էր արտահայտում. «Խայտառակ եղանք»: Արշակ Սադոյանն էլ անմիջապես պահը բռնեց եւ տեղից առաջարկեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ պարզել, թե ով ինչքան է «բաժին տարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել