Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀՐԱՎԻՐՎԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐ

Հոկտեմբեր 25,2006 00:00

\"\"Թեեւ իշխանություններն այժմ դրական են պատասխանում այս հարցին, սակայն հրատապ են մնում հանրաքվեից հետո առաջացած մտահոգությունները:

Անցած շաբաթ Հայաստան այցելած ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլին լրագրողների հետ զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն չընդունելու կապակցությամբ կատակել էր. «Հավանաբար, նա չի հանդիպել ինձ հետ, քանի որ կարծել է, թե ես հմայք չունեմ եւ անհետաքրքիր զրուցակից եմ»: Իսկ ավելի լուրջ՝ հավելել էր. «Գուցե նա չկարողացավ հանդիպել ինձ հետ, ենթադրելով, թե ես պետք է սովորեցնեմ իրեն, թե ինչ անել եւ ինչպես»: Նույն զրույցի ընթացքում Ջուլի Ֆինլին հայտնել էր, թե հայաստանյան պաշտոնյաներից մեկն իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ դիտորդների»: Եվ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը դիմել էր լրագրողների աջակցությանը. «Դուք պետք է ճնշում գործադրեք ձեր կառավարության նկատմամբ, որպեսզի ընտրությունների օրը որոշելուց եւ դրա մասին հայտարարելուց հետո անմիջապես հրավերն ուղարկեն»:

Նույն մտահոգությունները տիկին Ֆինլին արտահայտել էր նաեւ հայ պաշտոնյաների հետ զրույցների ժամանակ: Մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ էր համարել ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկարաժամկետ՝ 90-օրյա ներկայությունը Հայաստանում, պնդելով, թե դիտորդների ներկայությունը նախընտրական գործընթացում նույնքան կարեւոր է, որքան ընտրությունների ժամանակ:

Իր հերթին՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինն ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստ է ուղարկել դիտորդական առաքելություն՝ Հայաստանի իշխանություններից համապատասխան հրավերը ժամանակին ստանալու դեպքում: Միաժամանակ խնդրել էր Տիգրան Թորոսյանին, որ հայկական կողմը մինչեւ տարեվերջ հրավեր ուղարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններում միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելության իրականացման համար:

Երեկ «Առավոտի» հետ զրույցի ընթացքում Վլադիմիր Պրյախինն ասաց. «Համոզված եմ, որ հրավեր կլինի: Միայն մի տեխնիկական հարց է մեզ մի քիչ մտահոգում: Ավելի լավ է նախապես ուղարկել հրավերը, քանի որ քիչ ժամանակ է մնացել: Միշտ լինում են ինչ-որ տեխնիկական հարցեր՝ պետք է տեղ ընտրել, որտեղ կտեղակայվեն դիտորդները, պայմաններ նախապատրաստել նրանց աշխատանքի համար: Ուստի, որքան շուտ ստանանք այդ հրավերը՝ այդքան լավ»:

Թերեւս լրագրողների կողմից իշխանությունների վրա ճնշում գործադրելու կարիք չլինի էլ, քանի որ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» հայտնեց. «Մտահոգություններն ավելորդ են: Բայց քանի դեռ ընտրությունների օրը նշանակված չէ՝ դիտորդական առաքելություններ հրավիրելու մասին խոսելն անհեթեթ է եւ անիմաստ: Ինչի՞ն պիտի հրավիրեն, եթե որոշված չէ, թե երբ են լինելու ընտրությունները»: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ մեր զրույցի ընթացքում նշեց. «Իմ անձնական կարծիքն է, որ ցանկացած դիտորդի համար մենք պետք է ապահովենք ազատ, բաց դռներ: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»:

Թվում է, թե խնդիրը սպառված է: Սակայն մտահոգությունները չեն փարատվում, երբ հիշում ենք, թե նույն ԵԱՀԿ դիտորդներին հրավիրել-չհրավիրելու հարցի առնչությամբ ինչ բանավեճեր ընթացան անցած տարի՝ սահմանադրական հանրաքվեից առաջ: Համաժողովրդական քվեարկությունից 2 շաբաթ առաջ էլ՝ նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Էլսի Հասթինգսը «Ազատությանը» հայտնել էր, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում արծարծել է հանրաքվեին հետեւելու նպատակով ԵԱՀԿ դիտորդական խումբ հրավիրելու խնդիրը. «Հույս ունեմ, որ նրանք նույնիսկ այս ուշ շրջանում կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին, որը, ես վստահ եմ, պատրաստ կլինի ուղարկել փոքր խումբ՝ դիտորդական առաքելության համար… Մենք չենք հապաղի դա անել»:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը դիտորդներ չհրավիրելու այս նախադեպի մասին մեր հիշեցմանն այսպես արձագանքեց. «Հանրաքվեն ուրիշ բան է: ԵԱՀԿ-ն մինչեւ վերջին ժամանակներս հանրաքվե դիտարկելու փորձ չի ունեցել: Նրանք երբե՛ք հանրաքվեի դիտորդ չեն ուղարկել: Եվ ինչի՞ պիտի Հայաստանը դառնար այդ փորձադաշտը: Բայց ընտրություններն այլ հարց են»:

Վլադիմիր Պրյախինն այս կապակցությամբ պարզաբանեց. «Այո՛, ԵԱՀԿ-ն իրոք պատրաստ էր դիտորդներ ուղարկել դիտարկելու հանրաքվեն: Սակայն հայկական կողմը համարեց, որ դա նպատակահարմար չէ: Իրավունք ունեին, քանի որ գոյություն ունի Կոպենհագենյան փաստաթուղթը, ուր արձանագրված է դիտորդներ հրավիրելու պարտավորությունը, եւ այնտեղ ասված է, որ կողմերը պարտավորվում են դիտորդներ հրավիրել նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Հանրաքվեներն այնտեղ նշված չեն»:

Ի դեպ, քանի որ անցած տարի անգամ վիճահարույց էր դիտվում, թե պետական ո՞ր մարմինը պետք է հրավիրի ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վը, թե՞ ԱԺ-ն կամ ԱԳՆ-ն՝ փորձեցինք այժմ պարզել, թե ով է ուղարկելու հրավերը: Տիգրան Թորոսյանն ասաց. «Մեր երկիրը մի շարք ընտրությունների հրավեր ուղարկել է՝ որեւէ խնդիր չի եղել: Եվ նույն մեխանիզմներով, կարծում եմ, այս անգամ եւս անպայման կհրավիրենք դիտորդներ»: ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, թե իրենք չեն հղում հրավերները. «Դիտորդական առաքելություն հրավիրելու իրավունք ունի ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ն, նաեւ ԱԺ-ն»: Իսկ Վահան Հովհաննիսյանը կարծում է, թե ընդհանրապես՝ «Ընտրական օրենսգրքում» պիտի ամրագրվի այն մարմինը, որն իրավասու է հրավիրել դիտորդներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել