Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԿԵՂԾԵԼ. ԾՐԱՐՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ԾՐԱՐԻ

Հոկտեմբեր 25,2006 00:00

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, երեկ ԱԺ-ում այդ խնդիրն էր քննարկվում

Երեկ ԱԺ-ում Արշակ Սադոյանը հերթական անգամ ժողովրդին խնդրեց հավաքվել բարեկամ-հարազատներով, ընկնել տնից տուն եւ համոզել մարդկանց. «Անդամագրվել, ցուցակագրվել, հեռախոսի համարներ թողնել, իմանանք, որ իրենց վրա կարելի է հույս դնել, եւ եթե կարողանանք ապահովել 10-15 հազար պայքարի ընդունակ մարդ, խնդիրը միարժեքորեն կլուծվի»: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը տեղից խնդրեց. «Մեր շենք կգա՞ք»: Արշակ Սադոյանը ոչինչ չխոստացավ:

«Ընտրական օրենսգրքի» կոալիցիայի տարբերակը քննարկողները առիթը բաց չթողեցին իրենց քաղաքական հայտարարությունները հրամցնել միմյանց եւ հանդիսատեսին: Վիկտոր Դալլաքյանը երեկ դարձյալ մեղադրեց Դաշնակցությանը, որ չի միացել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու իր առաջարկությանը: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ՀՅԴ-ն այս հարցում առեւտրի է գնացել: ՀՅԴ խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ով նախորդ շաբաթ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից դուրս եկավ եւ չմասնակցեց «ԸՕ»-ի դալլաքյանական տարբերակի քվեարկությանը, երեկ ասաց, որ Դաշնակցությունը միշտ էլ իր սկզբունքներով է առաջնորդվում, եւ քվեարկությանը իր չմասնակցելը հենց դրա ապացույցն էր: Ըստ պատգամավորի, համամասնականի համար այս ամբողջ աղմուկը մեջտեղ քաշվեց մի նպատակով՝ մեծամասնականով սեփական հարցերը լուծելու համար:

Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ խորհրդարանը քննարկում է ոչ թե «Ընտրական օրենսգիրքը» որպես այդպիսին, այլ միայն մեկ հարց՝ «ընտրությունները կեղծել ծրարո՞վ, թե՞ առանց ծրարի»: Նաեւ կոչ արեց «Արդարությանը», «Ազգային միաբանությանը» եւ ՕԵԿ-ին «ժողովրդին դարձնել գործոն, որ չկրկնվի 2003-ը»: Հանրապետական խմբակցության անդամ, անկուսակցական Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը ամենեւին համաձայն չէ հնչած պնդումներին, թե ընտրությունները միշտ եւ ամեն տեղ կեղծվում են. «Ես 15 տարի ընտրվում եմ մեծամասնականով, եւ այնտեղ, որտեղից ես ընտրվում եմ, որեւէ կեղծիք երբեք չի եղել»: Նաեւ առաջարկեց չհուսալքել ժողովրդին եւ այժմվանից չտրամադրել, որ միեւնույն է, ինչ էլ լինի, ընտրությունները կեղծվելու են, առաջարկեց լավատեսության հույս ներշնչել ընտրողներին։ Այդպես կլինի, ըստ տիկին Հակոբյանի, «եթե մենք կարողանանք բացատրել ընտրողներին, որ ընտրակեղծիքներ կատարողները կտուգանվեն մինչեւ 100 հազար դրամով կամ կազատազրկվեն մինչեւ վեց տարի ժամանակով, եթե զգուշացնենք այն մարդկանցից, ովքեր 30 արծաթով ծախվում են, մարդիկ կզգուշանան ընտրակեղծիքներ կատարել»: Տիկին Հակոբյանը հույս ունի, որ «ընդդիմություն-իշխանություն» միասին կարող են նորմալ ընտրություններ անցկացնել:

ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը առաջարկեց կիրառել պաշտպանիչ շերտերով որոշակի կոդեր, իսկ Շավարշ Քոչարյանը սեփական «ԸՕ»-ի գովքն անելուց հետո առաջարկեց արդեն ընտրություններին մասնակցած քաղաքացու անձնագրում կնիք խփել, որը կապացուցի, որ նա արդեն ընտրել է: Պարոն Քոչարյանը նաեւ առաջարկեց՝ եթե իշխանությունները իրոք ուզում են արդար ընտրություններ անցկացնել, թող հանձնաժողովների նախագահների եւ տեղակալների տեղերը հավասարակշռեն: Եթե նախագահը իշխանական թեւից է, տեղակալները լինեն ընդդիմությունից եւ՝ հակառակը:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը իր ամբողջ խոսքը կառուցեց որոշ կուսակցությունների սկսած բարեգործական արշավի մասին խոսելով եւ հայտարարեց. «Ո՞վ է մեղավոր, որ այսօր ժողովուրդը կանգնում է էկրանի առաջ եւ ասում է՝ 15 տարի օգնություն չեմ ստացել, շնորհակալ եմ էսինչից, էնինչից, որ ինձ բարեգործություն արեց: Ո՞վ պետք է այսօր որոշի՝ ընտրակաշա՞ռք է բաժանվում, թե՞ ոչ, ո՞վ պետք է ասի՝ կուսակցությունը իրավունք ունի՞ այդպիսի բարեգործություն անել: Հիմա նստել ենք եւ որոշում ենք՝ էս հոդվածում էս գրենք, էն գրենք: Ինչ ուզում եք, գրեք: Ինչի՞ չկան էդ մարդիկ էսօր դահլիճում: Իրենց շա՞տ հետաքրքիր է, թե դուք ինչ եք որոշելու: Իրենք արդեն գիտեն ինչքան գումար են տալու, ինչքան տեղ են վերցնելու, որտեղ են արդեն պայմանավորվել: Իրենց համար ամեն ինչ պարզ է, մեզ էլ միամիտների տեղ են դրել: Այս իրավիճակն է, որ մեզ բերելու է ամենանողկալի վիճակին»: Հանրապետական Համլետ Հարությունյանը քննարկումների մասին իր կարծիքն ուներ. «Ընտրական օրենսգի՞րքն» ենք քննարկում, թե՞ առիթը օգտագործում ենք հեղափոխական կոչերի համար, ասենք՝ կեղծվելու են, բայց ո՞ւմ օգտին են կեղծվելու»,- հարցնում էր իշխանության ներկայացուցիչը: Քննարկումները կշարունակվեն այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել