ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը, գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին մեկնել է Կիպրոս, որտեղ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը անցկացվելու է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարը:
Ընտրական 7-րդ խմբում Հայաստանի հետ ընդգրկված են Հունգարիայի, Կիպրոսի եւ Ադրբեջանի հավաքականները: Մեր ընտրանին մրցավայր է մեկնել ժամկետից շուտ՝ Երեւանում սկսած ուսումնամարզական հավաքը տեղում շարունակելու, նախապատրաստական մարզումները հենց խմբային մրցաշարի անցկացման վայրում եւ խաղադաշտերում անցկացնելու նպատակով: Մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ միասին Կիպրոս են մեկնել նաեւ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը, մինչեւ 21 տարեկանների ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը:
Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ. Գեւորգ Պռազյան՝ «Արարատ», Արմեն Ֆիշյան՝ «Փյունիկ»:
Պաշտպաններ. Կարեն Խաչատրյան, Հայկ Չիլինգարյան, Արտակ Անդրիկյան, Վահագն Գեւորգյան (բոլորն էլ՝ «Փյունիկ»):
Կիսապաշտպաններ. Արամ Բարսեղյան՝ «Բանանց», Հենրիկ Մխիթարյան՝ «Փյունիկ», Կառլեն Մկրտչյան՝ «Փյունիկ», Դավիթ Օհանյան՝ «Բանանց», Գորիկ Խաչատրյան՝ «Փյունիկ», Նարեկ Դավթյան՝ «Փյունիկ», Լեւոն Հայրապետյան՝ «ՀՍՎ Համբուրգ», Արթուր Յուզբաշյան՝ «Փյունիկ»:
Հարձակվողներ. Սեմյոն Մուրադյան՝ «Բանանց», Գեւորգ Ղազարյան՝ «Փյունիկ», Վարդան Պետրոսյան՝ «Փյունիկ», Արտակ Հովհաննիսյան՝ «Փյունիկ», Գրիգոր Մովսիսյան՝ «Փյունիկ»:
Մեր թիմն առաջին հանդիպումն անցկացնելու է ադրբեջանցիների հետ: Խաղը կայանալու է հոկտեմբերի 27-ին՝ Լառնակայի «Անտոնիս Պապադոպուլոս» ստադիոնում: Հաջորդ երկու հանդիպումները նշանակված են. հոկտեմբերի 29-ին՝ Կիպրոս-Հայաստան, քաղաք Պարալիմնի, «Տասոս Մարկու» քաղաքային ստադիոն, նոյեմբերի 1-ին՝ Հայաստան-Հունգարիա, Լառնակա, «Անտոնիս Պապադոպուլոս» ստադիոն:
Բոլոր հանդիպումները կայանալու են Երեւանի Ժամանակով ժամը 18.00-ին: