Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք «քաղաքակիրթ» ստրուկներ ենք

Հոկտեմբեր 24,2006 00:00

Այս համոզմանն է արվեստագետ Լեւոն Իվանյանը

Աշխարհում ընդունված են որեւէ ներկայացման բեմադրական ընթացքի մասին հրատարակված օրագրագրքերը, ինչը հայ իրականությունում դեֆիցիտ է: Մեզ միայն հայտնի է Վահրամ Փափազյանի «Համլետն ինչպես տեսա», «Իմ Օթելլոն», «Լիր արքա» գործերը, որտեղ մեծանուն դերասանը ներկայացնում, վերլուծում է շեքսպիրյան իր հերոսներին:

Վերջերս ավարտված «Արմմոնո» շեքսպիրյան ամենամյա փառատոնին դերասան Լեւոն Իվանյանի «Շեքսպիրի լուռ կյանքը» բեմադրության ժամանակ կայացավ նաեւ հիշյալ բեմադրության առիթով դերասանի հեղինակած նույնանուն գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ Լ. Իվանյանը «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրենն է: Ըստ վերջինիս, ինքը նպատակ չի հետապնդել գիրք գրելու. «Մեզանում ներկայացումների ստեղծագործական ընթացքի մասին գրականություն քիչ կա եւ կարծում եմ, որ այս գիրքը կհետաքրքրի թատերական միջավայրին»:

Ծանոթանալով գրքին, նկատեցինք, որ այն Շեքսպիրի ներկայացման օրագրախոհեր լինելուց զատ, մերօրյա մշակութային աշխարհընկալման մի աշխատություն է: Համակարծիք լինելով մեզ հետ, Լ. Իվանյանն ասաց. «Մինչեւ հիմա համամարդկային օրգանիզմը մի պարզ շարժում անգամ չի կարող անել: Փոխարենը՝ անկապակից ապաշնորհությունների մի անվերջ անընդհատություն է: Կա՞, արդյոք, մի ուժ, որ կկարողանա երբեւիցե կանոնավորել մեզ: Հազիվ թե, չի եղել եւ չի էլ երեւում: Փորձե՞ր: Իհարկե արվել են: Հատուկենտ անձինք հանճարեղ մի ճիգով փորձում են մեզ… խելքի բերել: Սակայն այդ ճիգերը նմանվում են 5000-ամյա մի դինոզավրի պարել սովորեցնելուն: Մարդն իր գոյությամբ արձանագրել է վայրենության առաջընթաց: Ոչ մի վայրենի այնքան վայրի չէ, որքան մարդ արարածը: Մարդն է, որ սպանում է աջուձախ, սփռում է չարիք ու ստրկություն: Մարդն է, որ ստեղծել է ստրկատիրություն եւ այն պահպանում է մինչ օրս՝ 21-րդ դարը»: Հարցին, թե քաղաքակրթության մեր օրերում ոչ մի լուսավոր կետ չի՞ տեսնում արվեստագետը, պատասխանեց. «Մենք «քաղաքակիրթ» ստրուկներ ենք: Մեքենայով ու ինքնաթիռով ստրուկներ: Մարդն ազատ չի եղել եւ չէ: Ազատության մասին խոսում ենք, քանզի այն չունենք: Օրինակ, օդի մասին չենք խոսում, որովհետեւ այն կա, մենք չենք կարող լինել առանց դրա: Խոսում ենք «ժողովրդավարության» մասին, բայց դա չկա, մինչդեռ այն պիտի լիներ այնպես, ինչպես օդը: Այսինքն, եթե չկա՝ մենք չպիտի լինեինք…»:

Վերադառնալով շեքսպիրյան իր օրագրագրքին, Լ. Իվանյանը նշեց. «Մենք շփվում ենք շեքսպիրյան ընկալումի 1%-ին՝ դրամատուրգիայի ձեւով: Ավելի ճիշտ՝ գրական ժառանգությունը ընդամենը միջնորդավորված հենք է եղել: Ավելի զորեղ է եղել գործարարի, դերասանի, գործչի, ռեժիսորի աշխատանքը, գործեր, որոնք պահպանման ձեւ չունեն, ժամանակի պես անցնող են: Դրամատուրգը եւ բանաստեղծը իր անձի (նկատի ունի Շեքսպիրին) թերեւս վերջին դերում են եղել: Առաջին տեղում փիլիսոփան է, արտիստը, անձը, հետո՝ գրողը: Շեքսպիրյան տողերից հասկանալի է, որ ինքը հիանալի դերասան է եղել, հասկանալի է մի բան, որ Շեքսպիրի դրամատուրգիան գրողի ստեղծագործություն չէ, այլ դերասանի: Գրող մարդը (Շեքսպիրը) չի կարող այդքան թատերային գրել: Դա արտիստի գրած է: Այդ տեսակ թատերագրությունը կարող է ծնվել միայն թատրոնում եւ ապրել թատրոնով: Նկատի ունեմ, որ լինել դերասան, կազմակերպիչ եւ գրող՝ անհնար վիճակ է: Եվ նրան այլ ճանապարհ չէր մնում, բացի սեղմ ժամանակում արագ գրելուց: Այդպես են գրված շեքսպիրյան գործերը՝ ժամանակ չունենալու հստակ արտահայտությամբ: Ի դեպ, այդպես էլ ես գրել եմ գիրքս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել