Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ԿԵՂԾԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԸ»

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"Հայտարարում է ամերիկաբնակ նկարիչ Քիքի Բոբոն (Գրիգոր Միքայելյան)

«Առավոտի» հետ զրույցի սկզբում աբստրակցիոնիզմի հայտնի ներկայացուցիչ Քիքին հատկապես նշեց, որ ինքը ժամանակին կապիտալիստական սիստեմից զզվում էր. «Մտադրություն էլ չունեի գնալ Ամերիկա ու մնալ: Բայց 1993-ին գնացի ու տեսա, որ այդքան էլ վատ չէ, ինչքան ես էի պատկերացնում»: Թե ինչը դրդեց նկարչին գնալ ու հաստատվել ԱՄՆ-ում, Քիքին հայտնեց, որ մեղավորը ԱՄՆ դեսպանատունն էր. «1991-ից ընտանիքս ապրում էր Ամերիկայում եւ երբ ես դիմեցի դեսպանատուն՝ գնալ իբրեւ տուրիստ ու վերադառնալ, նրանք ինձ մերժեցին: Առանց ընտանիքիս դժվար էր Հայաստանում, մի խոսքով՝ կնոջս հրավերով գնացի ու գնացի…»:

Թեեւ 80-ականներին Հայաստանում խոսուն անուն էր Գրիգոր Միքայելյանը որպես աբստրակցիոնիզմի ջատագով, այնուամենայնիվ, ոչ այնքան հայտնի՝ ինչպես մեր օրերում է: Մեր այս դիտարկմանը նկարիչն ասաց, որ իրեն երբեք չի հետաքրքրել հաջողությունը. «Ինքս ինձ երբեք չդավաճանեցի ոչ Հայաստանում, ոչ էլ Ամերիկայում: Սա է իմ հաջողության գաղտնիքը: Այսօր արդեն աշխարհում կա փոստ-մոդեռն ուղղությունը, որը հրաժարվում է նկարչության բոլոր ուղղություններից: Այդուհանդերձ, ես երբեք չեմ դավաճանել ու չեմ էլ պատրաստվում դավաճանել իմ մտածողությանը, ասել է թե՝ աբստրակտին: Այս ուղղությունը ինձ համար եղել ու մնում է իմ ազատությունը»: Քիքիից հետաքրքրվեցինք, թե ինչու հատկապես իր «Բոբոները» (նկարչի աբստրակտ աշխատանքների շարքի անվանումը) հետաքրքրեցին ՀՀ արտգործնախարարությանը եւ ինչո՞վ բացատրել, որ այսօր իր աշխատանքները տեղ են գտել ՀՀ վճռաբեկ, տնտեսական դատարաններում: Որքան հայտնի է, ԱՄՆ-ում իր աշխատանքները «չիրացնող» նկարիչը հայրենիքում վաճառել է դրանք: «Բոբոներովս հետաքրքրվել էր արտգործնախարարությունը եւ, այո, անցյալ տարի իրենց մոտ կազմակերպեց «Գործողության արվեստ» ցուցադրությունը: Սա պետական պատվերի շրջանակներում էր, բնականաբար՝ վարձատրվել եմ: Գումարի չափը չեմ ասի, դա համարեք կոմերցիոն գաղտնիք»,- ասաց Քիքին: Իսկ թե հատկապես ինչու կամ ինչով են «Բոբոները» գրավել ՀՀ արդարադատության աշխատակիցներին, Քիքին զուգահեռ անցկացրեց իր աշխատանքների եւ Ֆեմիդայի միջեւ. «Բոբոն ոչ այլ ինչ է, քան կշեռք»:

Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, եթե Ամերիկայում էլ արդարադատության ջատագովները խնդրեն գնել ձեր «Բոբոները» եւ ներկայացնեն դա որպես պետպատվեր, չե՞ք համաձայնվելու, Քիքին ասաց. «Դա ժամանակը ցույց կտա եւ զարմանալի չի լինի, որ իմ գործերն այնտեղ էլ վաճառեմ: Հիմա ամեն ինչ վաճառվում է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել