Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտ ես ուզում՝ զբաղվիր գովազդով

Հոկտեմբեր 24,2006 00:00

Սա է պահանջը Գյումրիի դպրոցներում

Պաշտոնական տեղեկատվությամբ, Շիրակի մարզի մոտ 40 դպրոցներում (ընդ որում՝ մեծ մասամբ գյուղական համայնքներում) կրտսեր առաջին դասարաններ չեն ձեւավորվել: Ավելին՝ մի քանի գյուղերում պրոբլեմ է նաեւ ավագ առաջին դասարաններ ունենալը. որոշ դեպքերում այստեղ սովորում է մեկ կամ երկու աշակերտ: Իսկ Գյումրիում, ինչպես ազնվորեն խոստովանում են դասվարները, կոնտինգենտ ապահովելու համար առնվազն անհրաժեշտ է գովազդային գործակալ լինել. տնետուն ընկնել, «սազն առած» դպրոցը գովերգել ու նախապես աշակերտ հավաքագրել: Այլապես, մեր զրուցակիցների ասելով, իրենց կսպառնա գործազուրկների շարքերում հայտնվելու վտանգը, ճիշտ այնպես, ինչպես վերջերս եղավ Գյումրիի թիվ 10 դպրոցում: Այս դպրոցում փակվեց կրտսեր առաջին դասարանը, ու դասվարը ժամանակավորապես համալրեց տնային տնտեսուհիների շարքերը: Ու չնայած ծնողների՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությանը ուղղված բողոքներին, թե իրենք նախընտրել էին հենց այդ դպրոցը եւ դա իրենց իրավունքների ոտնահարում է, հարցը լուծում չստացավ: Մենք դպրոցի տնօրեն Մարտին Փաշայանից փորձեցինք պարզաբանել կրտսեր դասարանի փակվելու իրական պատճառները. չէ՞ որ կրթության նախարարությունը տվել է լիարժեք հնարավորություն 5 երեխայի դեպքում անգամ նմանատիպ դասարան պահել: Տնօրենի տեղեկացնելով, հավաքված 5 աշակերտներից երկուսի տարիքը 1-2 ամսով պակաս էր պահանջվածից, իրենք էլ, մտածելով պետական միջոցների խնայողության մասին, նպատակահարմար չգտան փոքրաթիվ դասարան պահել: Ի դեպ, նմանատիպ մի պարզաբանում էլ մեր օրաթերթին տվեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը՝ ասելով, որ թիվ 10 դպրոցում հավաքվել էր մոտ 10-12 աշակերտ, որոնց հետ նույնիսկ սկսվել էին ուսումնական պարապմունքները: Սակայն կրթության վարչության կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ նրանցից ընդամենը երեքի տարիքն է համապատասխանում պահանջին: Արդյունքում, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ստեղծվում էր թերկոմպլեկտավորված դասարան, իսկ սա լուրջ ֆինանսական խնդիրներ էր առաջ բերում դպրոցի համար:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ քաղաքի երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների պակասը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Տեղեկացնենք, որ մի ժամանակ Գյումրիի տարբեր ծայրերից ծնողները ջանք չէին խնայում իրենց երեխաներին ֆրանսիական թիվ 10 դպրոց տեղավորելու համար: Տնօրեն Մարտին Փաշայանի պարզաբանելով՝ իր դպրոցի հանդեպ հետաքրքրության կորուստը բացատրվում է ավելի գլոբալ խնդրով՝ «երկրում տիրող «անգլոմանիայով», այսօր ֆրանսերենը որպես միջազգային լեզու երկրորդ պլան է մղվել՝ թե համակարգչի, թե գիտական գրականության լեզուն անգլերենն է, ծնողներն էլ պարզ է՝ շահագրգռված են երեխաներին «անգլալեզու» դպրոցներ տանել»: Իսկ տնօրենը չի՞ կարծում, որ կրտսեր դասարան չունենալու պատճառը դասվարի «պասիվությունն» է, ամառային արձակուրդների ընթացքում գովազդով չզբաղվելը: «Ես համաձայն եմ Ձեր հարցադրման հետ, անխոս կա նաեւ այդ պատճառը: Տեսեք՝ այս թաղում քայլ քայլի վրա դպրոցներ են՝ բոլորն էլ լավ պայմաններով: Եթե նկատի ունենանք, որ այս թաղամասում աշակերտություն չկա (թաղի տները մեծամասամբ միհարկանի են, բազմաբնակարան շենք մեկ-երկու հատ է, ու համատարած արտագաղթ է), ուրեմն պետք է մտածեինք գովազդի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել