Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՄԲԱԴԱՆ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"Կամրջի տակ ավտոլվացման կետ հիմնելը ճարտարապետական տեսանկյունից աննպատակահարմար է 

Արաբկիր համայնքի «Լամբադա» կամրջի տակ ավտոլվացման կետ է բացվել: Նախկինում այնտեղ միայն ավտոկայանատեղի էր, հետո քիչ-քիչ բիզնեսն ընդլայնվեց ու սկսեց պոտենցիալ վտանգ դառնալ կամրջի ու նրա վրայով երթեւեկող մեքենաների համար: Նույնիսկ ոչ մասնագետ լինելով էլ հստակ կարելի է ասել, որ ճարտարապետական տեսանկյունից կամրջի տակ նման «օբյեկտի» կառուցումն արգելվում է, քանի որ օգտագործված ջրերը հոսում են ուղիղ կամրջի տակ՝ թուլացնելով նրա հիմքը:\"\"

Ավտոլվացման կետը պատկանում է «KARCHER» ընկերությանը: Այս ընկերության անունով մայրաքաղաքում նման մի քանի կետ կա: Ըստ մեր տեղեկությունների՝ այս բիզնեսում ներգրավված է նաեւ թիվ 76 երթուղայինի գծի տերը՝ Լյուդվիգ Պողոսյանը: Նրա երթուղայինները կայանում են հենց այդ կետում: Սակայն «Առավոտի» հետ զրույցում պարոն Պողոսյանը հավաստիացրեց, որ ինքը պարզապես օգտվում է այդ կայանատեղիի ծառայություններից. «Ճիշտ է, ես սեփական կայանատեղի ու ավտոլվացման կետ ունեմ, բայց «Լամբադայի» տակինն ինձ չի պատկանում, պարզապես 7-10 մեքենա ունեմ, որ օրվա կեսից այդտեղից են գիծ մտնում. իմ կայանատեղին Արեշում է, այն քչություն է անում, հիմա ինձ հարմար է այդ կետը, վճարում եմ՝ կանգնեցնում»:

«KARCHER» ընկերության տնօրինությունից հաստատեցին, որ ավտոլվացման կետն իրենց է պատկանում, եւ որ իրենք «Լամբադա» կամրջի տակի տարածքը այդ նպատակով շահագործելու բոլոր պատկան մարմինների թույլտվություններն ունեն: Ըստ տնօրենի (որը ներկայացավ «Մկրտիչ», բայց ազգանունը հրաժարվեց ասել), ավտոլվացման կետը ոչնչով չի վնասում կամրջին, քանի որ իրենք գերհզոր տեխնիկայով են աշխատում. «Մենք հսկայական նասոսներ ենք տեղադրել այդ տարածքում, եւ ոչ մի գրամ ջուր կամրջի տակ չի հոսում»: Մեր այն դիտարկմանը, որ տեղում ենք եղել եւ տեսել ենք, որ ջուրը լճանում է ու ներծծվում կամրջի պատերի, հենասյուների մեջ՝ տնօրենը պատասխանեց. «Մի խաբվեք ձեր տեսածին, որ ջուրը գոլ է կապած եղել, կարող է էդպես հավաքվի, բայց պոմպերը հզոր են, այն կլանում են, եթե ինձ չեք հավատում, կարող եմ իմ ճարտարապետի կոորդինատները տրամադրել, որպեսզի հարցում անեք, ինքը ձեզ մանրամասն կբացատրի, որ լվացման կետն իրենից վտանգ չի ներկայացնում»: Հաշվի առնելով, որ տվյալ ավտոլվացման կետի ճարտարապետը երբեք իր նախագծին դեմ չի արտահայտվի, մենք մասնագիտական պարզաբանումներ խնդրեցինք մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանից: Նա «Առավոտի» հետ զրույցում միանշանակ վստահեցրեց, որ կամրջի տակ լվացման կետի կառուցումը ճարտարապետական տեսանկյունից բացարձակապես նպատակահարմար չէ: Այդուհանդերձ, պարոն Դանիելյանը նշեց, որ «պետք է տեղում ուսումնասիրենք, նոր միայն վնասների մասին խոսենք»:

Ըստ գլխավոր ճարտարապետի՝ «Այդ ավտոլվացման կետ հիմնելու համար սեփականատերը չի դիմել քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետաշինարարության վարչության թույլտվությունը ստանալու համար, եւ որեւէ քաղաքաշինական փաստաթուղթ գոյություն չունի: Նրա գործունեությունը մեր վարչության հետ համաձայնեցված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել