Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՀՆԵՐԳ ԸՆՏՐՎԵՑ ՀՐԱՀԱՆԳՈՎ

Հոկտեմբեր 24,2006 00:00

Ի սկզբանե էին պնդում, թե Հայաստանի օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծված մրցու֊թային հանձնաժողովը ձեւավորվել է, որ դակի նախագահի նստավայրում ընդունված որոշումը՝ Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունը հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ինչը եւ հանձնաժողովն արեց շաբաթ օրը:

«Առավոտի» հարցին՝ արդյոք սա ապացո՞ւյց չէ, թե ի սկզբանե հանձնաժողովն ընդամենը «շիրմա», քողածածկույթ էր ընդունված քաղաքական որոշումը հաստատելու համար՝ հանձնաժողովի նախկին անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Եթե ես մի 5 օր առաջ դեռ վերապահությամբ կխոսեի այս մասին՝ հիմա կարող եմ ասել՝ այո՛, «շիրմա» է»:

Մրցույթի առաջին փուլի արդյունքները խիստ տարբեր էին՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը վարկանիշային քվեարկությամբ միայն 4-րդ տեղն էր զբաղեցրել՝ զիջելով մասնավորապես Տիգրան Մանսուրյանին: Ինչո՞վ է բացատրելի, որ այսպես փոխվեց պատկերը, հարցին Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Նշանակում է, որ հենց սկզբից եղել է հրահանգ կամ որոշում, որն իրագործվեց աստիճանաբար: Բոլորը, ովքեր դեմ պիտի լինեին դրան՝ դուրս եկան: Իսկ մնացածների հետ կարողացան հաշտություն կնքել: Ուրիշ կերպ չեմ կարող բացատրել: Քանի որ քվեարկության առաջին փուլում, երբ ընտրվում էր 5-յակը՝ բացարձակապե՛ս չէր երեւում, թե կարող է պատահի՝ Արամ Խաչատրյանի տարբերակը դառնա առաջնորդող»: Այսինքն, կարծո՞ւմ է, որ որոշակի աշխատանք է տարվել հանձնաժողովի անդամների հետ: «Անշուշտ,- պատասխանեց պրն Հովսեփյանը՝ դարձյալ ընդգծելով:- Եթե մի 5 օր առաջ նման բան չէի ասի՝ հիմա վստահ կարող եմ պնդել, որ այդպե՛ս է եղել: Քանի որ այդ ինչպե՞ս եղավ, որ Արամ Խաչատրյանն ավելի շատ ձայն ստացավ, իսկ մնացածները՝ ոչ, որոնք ավելի բարձր տեղում էին առաջին փուլում: Սակայն այս քվեարկությունը ոչի՛նչ չի նշանակում՝ այս նախագիծը դեռ պիտի գա խորհրդարան»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել իր նախագիծը, որով նախատեսվում է, թե ՀՀ օրհներգ կմնա «Մեր Հայրենիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել