Այսպես է վերնագրված «Պոլիտիչեսկի կլասս» ամսագրի սեպտեմբերյան համարում լույս տեսած հոդվածը
Այն ոչ պակաս խոսուն ենթավերնագիր ունի, որը հարցական է դիտում՝ «արդյոք թավշյա հեղափոխությունը կհանգեցնի՞ իրական առողջացման, թե՞ կդառնա վերնախավի հերթական փոփոխություն»:
Սակայն մինչ ամսագրի 58-68-րդ էջերը զբաղեցնող այս հոդվածից /https://www.politklass.ru/cgi-bin/issue.pl?id=621/ որոշ մեջբերումներ անելը, մի քանի խոսք «Պոլիտիչեսկի կլասս»-ի մասին: Այս պարբերականը լույս է տեսնում 2005-ի հունվարից: Գլխավոր խմբագիրը Վիտալի Տրետյակովն է, որը 2001-ից «Կուլտուրա» ալիքով վարում է նաեւ «Ի՞նչ անել. փիլիսոփայական զրույցներ» հեղինակային ծրագիրը: «Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին է» հոդվածի հեղինակը նշված է իբրեւ «Գագիկ Սարկիսյան»: Հայտնի է, որ Հայաստանում նման լրագրող կամ քաղաքագետ գոյություն չունի, ուստի կամ սա կեղծանուն է, կամ էլ, որ հավանական է՝ հեղինակը Ռուսաստանից է:
«Զարմանալի է, որ այսօր ոչինչ չի խոսվում Հայաստանում «գունավոր նախագծի» հավանականության մասին, այնժամ, երբ դրա իրականությունը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում,- նշում է հեղինակը, որը հոդվածի նպատակն է նշում այս բացը լրացնելը:- Հապաղել չի կարելի՝ թավշյա հեղափոխությունը Հայաստանում կանցնի անհամեմատ հետաքրքիր, քան որտեղ ասես»: Կանխատեսված է, որ այն կկրի «յասամանային հեղափոխություն» անվանումը, եթե գործողությունները ծավալվեն ԱԺ ընտրություններից հետո՝ 2007-ի մայիսին: Սակայն չի բացառվում, որ ծրագրի իրականացումը հետաձգվի մինչեւ 2008-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները:
Հոդվածում ծավալուն անդրադարձ կա ՀՀ պետականությանը, որը բնորոշվում է իբրեւ «կլանա-ընտանեկան սկզբունքներով» ձեւավորված, եւ վերջին տարիների պատմությանը: Մասնավորապես, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին՝ հոդվածագիրը նշում է. «Հակված եմ կարծել, թե առաջին նախագահի հեռանալու իրական պատճառը ԼՂ կարգավորման շուրջ տարաձայնությունները չէին, ինչպես մատուցվեց հանրությանը: Ավելի շուտ նրան, որպես խորապես մտավորական մարդու՝ ուղղակի զզվեցրեց ամենօրյա հարկադիր շփումն այն խաժամուժի հետ, որին ինքը սխալմամբ մոտ թողեց իշխանությանը»: 1998-ի ընտրությունների կապակցությամբ նշված է, թե Դեմիրճյանից հաղթանակը գողացվեց, եւ նախագահ ճանաչվեց Քոչարյանը. «Համազգային կամարտահայտության արդյունքները կեղծվեցին»: Նշված է նաեւ, որ 2000-ի մայիսից Ռոբերտ Քոչարյանն ու իր մերձավորագույն դաշնակից Սերժ Սարգսյանն իրենց ձեռքին են պահում իրական ողջ իշխանությունը: Ըստ հոդվածագրի, նման դիրքի հասած մարդն այդ ներուժն օգտագործում է նախ անձնական իշխանության անվտանգության եւ ապագայում՝ սեփական անվտանգության ապահովման վրա, երկրորդ՝ անձնական շահերի իրականացման, եւ երրորդ՝ ի փառս պետության. «Ռոբերտ Քոչարյանը սխալվեց բոլոր երեք կետերով: Սա դարձավ պետության ողբերգություն եւ անխուսափելիորեն կդառնա նրա անձնական ողբերգությունը»: Որպես հիմնավորում մասնավորապես նշված է, թե անձնական իշխանության անվտանգությանը նախագահը հասավ հենվելով ուժայինների եւ օլիգարխների վրա՝ «վերջիններիս նա դուրս բերեց ստվերից ու դարձրեց քաղաքական գործընթացների իրական մասնակից: Թերեւս, Քոչարյանը հաշվի չառավ այն պարզ իմաստությունը, որը ձեւակերպել էր Թալեյրանը, եւ որը փոփոխված տարբերակով հնչում է այսպես՝ գողացված փողերը պիտանի են ամեն ինչի, բայց չի կարելի դրանց վրա նստել»: Ապագայի անվտանգության երաշխիք Քոչարյանն, ըստ հոդվածագրի՝ ընտրեց իշխանության վերարտադրության համակարգը. «Սա նշանակում է, որ խորհրդարանում նստելու են միեւնույն ուժերը (աննշան փոփոխություններով), իսկ քաղաքականություն կխցկվեն երկրի առաջնորդների զավակներն ու մերձավոր ազգականները: Այս առումով արդեն կան հաջող փորձեր, ու թերեւս, հեռու չեն այն ժամանակները, երբ Հայաստանում կստեղծվեն նախադրյալներ իշխանության ժառանգականության համար»: Որպես Քոչարյանի անձնական շահեր՝ մասնավորապես նշված են տնտեսության առավելագույնս շատ հատվածների վերահսկողությունը, կառավարումը եւ հուսալի քաղաքական վերնախավի ձեւավորումը. «Որքանով է այս ամենը համապատասխանում ազգային շահերին՝ դատեք ինքներդ»:
Որպես քաղաքական ներկա իրականության էություն՝ մասնավորապես նշված է, թե ընտրական արատավոր ավանդույթների վերացումն արդեն թվում է անիրական խնդիր, «քանի որ դրա համար պիտի ստիպված լինես վերացնել հենց ընտրությունները»: Գործող ԱԺ-ն բնութագրվում է իբրեւ «դասական օլիգարխիկ ժողովրդավարության մի օրինակ»: Նշվում է, թե նախագահն ու ՊՆ նախարարն են որոշում, թե հատկապես որ կուսակցությանը թույլ տան մտնել ԱԺ, եւ սահմանում են քվոտաներ հաղթողների համար: Հոդվածագիրը նկատում է. «Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չի մնացել գաղափարախոսությունների համար, քանի որ վճռորոշ գործոններն այստեղ բոլորովին այլ են: Այս իրավիճակում այլասերվել է քաղաքական կուսակցությունների էությունն իսկ»: Խիստ քննադատություն կա նաեւ ընդդիմադիր ուժերի հասցեին՝ «դրանք իշխող վարչակարգի հայելային արտացոլանքն են»: Առավել խիստ քննադատություն, գրեթե անձնական վիրավորանքների մակարդակի՝ հոդվածում կա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին: Այս կուսակցությունը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստանը», համարվում են ստեղծված իշխանությունների կողմից:
Մի խոսքով, Հայաստանի վարչակարգն այս հոդվածում ներկայացվում է իբրեւ կազմալուծված մի օրգանիզմ, որն արդեն փտում է, եւ սա անդառնալի գործընթաց է. «Հայաստանին չի սպառնում հեղափոխությունը, քանի որ երկրում չկան առողջ հասարակական ուժեր: Ուրեմն, Հայաստանին սպառնում է հեղաշրջումը, որն ուղղակի կանվանվի հեղափոխություն: Հեղաշրջման համար անհրաժեշտ նախապայմանը՝ հանրության խորապես անտարբեր վերաբերմունքը վարչակարգին եւ պետությանը, Հայաստանում ակնհայտ է»: Ըստ հոդվածագրի, վարչակարգն անպայման կփլվի 2007-2008 ընտրարշավի ընթացքում: Եվ ամեն տեսակետից անթույլատրելի է համարվում, որ Մոսկվան այսօր աջակցում է Քոչարյանի վարչակազմին. «Այն դատապարտված է: Եվ սա ամենամոտ ապագայի խնդիր է»: