Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԱԾՆԵՐ ԿԱՆ

Հոկտեմբեր 24,2006 00:00

\"\"Ձերբակալվածներ չկան

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:10-ի սահմաններում, մահափորձ էր կատարվել ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել Երեւանի Կենտրոն համայնքի Ղազար Փարպեցու փողոցի 24 շենքի բակում գտնվող ու Ա. Զաքարյանին պատկանող ավտոտնակում: Անհայտ անձն իր մոտ եղած հրազենից կրակել էր գեներալ-մայորի ուղղությամբ, որի հետեւանքով Ա. Զաքարյանը ստացել է մարմնական վնասվածք՝ կրծքավանդակի ձախ վերին շրջանում: Կրակողը, որին Ա. Զաքարյանը չէր տեսել, դեպքի վայրից դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ ավտոտնակում հայտնաբերվել է երկու գնդակ եւ մեկ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքից անմիջապես հետո Ա. Զաքարյանը տեղափոխվել էր հիվանդանոց ու առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։

Կատարվածի առնչությամբ մամուլում եղած հրապարակումներում դիտարկում կար, թե իրավապահները կարծում են, որ եթե արձակված գնդակների եւ պարկուճի ուսումնասիրությունից պարզվի, որ տվյալ հրազենն ինչ-որ տեղ գրանցված է կամ մեկ այլ առիթով օգտագործված՝ ապա դրանք հուսադրող կլինեն հանցագործության բացահայտման համար։ Հակառակ պարագայում կրակողին բացահայտելու հավանականությունը շատ փոքր է։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հրահանգել էր ոստիկանության բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների աշխատակիցներին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ իրենց գործակալական ցանցը, Ա. Զաքարյանի դեմ կատարված մահափորձի բացահայտմանը նպաստելու համար:

Դեպքից արդեն 20 օր է անցել, ու թեեւ, մեր տեղեկություններով, նախաքննական խումբը շուրջ մեկ տասնյակ վարկածներ է առաջ քաշել, այդ թվում՝ նրա ծառայական գործունեությանն առնչվող, սակայն այդ գործով ձերբակալվածներ դեռ չկան: Ա. Զաքարյանին այս կամ այն կերպ առնչված այն բոլոր մարդկանց, ում հետ մենք զրուցեցինք՝ ակնկալելով որոշակի մանրամասնություններ իմանալ նրա պաշտոնեական կամ բիզնես գործունեության վերաբերյալ, ասացին, թե Ա. Զաքարյանը իրավապահ համակարգում իրենց ճանաչած այն բացառիկ մարդկանցից մեկն է, ում պոպուլյար լեզվով բնութագրում են որպես «անշառ մարդ»: Նա, իհարկե, բիզնես ունի, բայց մեր զրուցակիցների համոզմամբ, այդ գործում առանձնապես աչքի չի ընկնում ու դժվար թե որեւէ մեկի ոտքը տրորած լինի: Նույնը վերաբերում է նաեւ նրա զբաղեցրած դիրքին:

Այդուհանդերձ, վարկածներից մեկն ու հիմնականը, որը քննարկվում է նախաքննության շրջանակներում, առնչվում է շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած մի դիպվածի հետ: Բանն այն է, որ Ա. Զաքարյանին պատկանող ավտոտնակի ետնամասում ինչ-որ մեկը, ունենալով Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը, շինարարություն էր սկսել, արանքում՝ մի քանի հաստափոր ծառեր էին հատվել: Շինարարներն արդեն հսկայական փոս էին փորել 9 հարկանի էլիտար շենք կառուցելու նպատակով: Շինարարական աշխատանքների հենց սկզբում սկսել էին ճաքեր տալ Ա. Զաքարյանին պատկանող ավտոտնակի պատերը: Ըստ մեր տեղեկությունների, պարոն Զաքարյանն էլ դիմել էր Երեւանի քաղաքապետարան ու Կենտրոնի թաղապետարան՝ շինարարությունը կասեցնելու պահանջով:

Ա. Զաքարյանը հաստատել է մեր այս տեղեկությունը, բայց ճշտումով՝ շինարարության դեմ բողոքել են շենքի բնակիչները: Երեւանի քաղաքապետարանը մոտ մեկ ամիս առաջ կասեցրել էր շինարարությունը, բայց քանի որ դրա համար թույլտվությունը, որը ներկայացրել էր Արմեն Պետրոսյան անունով մեկը, օրինական էր եղել, կասեցումը պատճառաբանվել էր հետեւյալ ձեւակերպմամբ՝ «նախագծային լուծումների վերանայման անհրաժեշտությունից ելնելով»: Մեր աղբյուրների ասելով, էլիտար շենք կառուցելու հավակնություն ունեցողները տարբեր խողովակներով փորձել էին Ա. Զաքարյանին համոզել, որ իր բողոքները ետ վերցնի, բայց՝ ապարդյուն: Ի դեպ, հարկ է շեշտել, որ այս շինության եւ Ա. Զաքարյանի ավտոտնակի հարեւանությամբ մի կիսակառույց էլիտար շենք արդեն կա: Հիմա նախաքննական խմբի առաջ քաշած վարկածներից մեկով ենթադրվում է, որ հենց այդ շինարարության տերը կարող էր կրակած լինել Ա. Զաքարյանի վրա՝ վրեժխնդիր լինելու նպատակով: Ա. Զաքարյանին մոտ կանգնած մեր աղբյուրները հաստատեցին այս տեղեկությունը եւս, բայց նաեւ ասացին, թե այդ վարկածը շրջանառվում է հենց շենքի բնակիչների շրջանում: Ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք այդ Արմեն Պետրոսյանը «լուրջ կշիռ» կամ «թիկունք ու տանիք» ունեցո՞ղ մեկն է, մեր աղբյուրներից մեկը վստահեցրեց՝ ոչ, չեմ կարծում: Ինքը՝ գեներալ-մայոր Զաքարյանը չի շտապում որեւէ կասկած կամ վարկած հրապարակայնորեն առաջ քաշել ու ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է այդ վարկածի հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել