ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ քսաներկուերորդ
ՖՈՒՏԲՈԼ ՄԻՆՈՒՍ
Հեշտ է, իհարկե, էսպես հանգիստ նստել եւ թեթեւ ձեռքով ու միանգամայն հեշտությամբ գրել եւ արտահայտվել կյանքի բացառիկ ու հազվադեպ հրաշքներից մեկի՝ մեծ ֆուտբոլի հանդեպ ուրիշների բթացածության աստիճանի մասին, առանց իսկ ենթադրելու, որ ինքդ է՛լ ես շատ հաճախ քո առջեւ փակում էդ հրաշքների բոլոր հնարավոր մուտքերը, եւ շատ հաճախ միանգամայն անմեղ ու անմեղսունակ անգիտությամբ ես էդ բանն անում ու ներառյալ նաեւ ֆուտբոլի՛ իմաստով ես էդ բանն անում, ու չնայած հիմա երկրորդ դեմքով եմ խոսում, բայց առաջին հերթին հենց ի՛նձ նկատի ունեմ, որովհետեւ ամբողջ չորս տարի անհամբեր սպասելով ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությանը՝ ես է՛լ առանձնապես չեմ կարողանում լիովին ու անմնացորդ ըմբոշխնել էդ, ուրեմն, անկրկնելի հրաշքը, ու առ էսօր ինձ հաջողվել է էդ անկրկնելի հրաշքն անմնացորդ վայելել միայն Բրազիլիայի չեմպիոնության պարագայում, եւ եթե հանկարծ Բրազիլիայի հավաքականն առաջնության կեսից դուրս է թռնում եւ եթե նույնիսկ եզրափակիչում է պարտվում ու չեմպիոն չի դառնում, էդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ որ քիչ առաջ տոն ու ցնծություն էի անվանում, ինձ համար իսկական սգո արարողության է վերածվում, ու ես խռովում եմ ինքս ինձանից եւ ողջ աշխարհից ու հատկապես ֆուտբոլի մրցավարներից եւ ՈՒԵՖԱ-ի պատասխանատուներից, որոնք ըստ պահանջի ապրում ու մեծամեծ աշխատավարձեր են ստանում զուտ է՛ն բանի համար, որպեսզի մշտապես աչալուրջ լինեն ու թույլ չտան, որ Բրազիլիան հերթական անգամ չեմպիոն դառնա, որպեսզի մրցակցության տեսլականը պահպանվի, ու ֆուտբոլն էլ իր հետաքրքրությունը չկորցնի, ու էդ պատասխանատուները՝ որ մեծամեծ աշխատավարձեր են ստանում ու, փաստորեն, ֆուտբոլի հաշվին են ապրում, հետեւողականորեն շարունակում են չհասկանալ, որ ֆուտբոլն իր հետաքրքրությունն ու ողջ հմայքը կորցնում է հենց է՛ն պահին, երբ Բրազիլիային դուրս են մղում առաջնությունից։
Մարդու ու ֆուտբոլասերի մի տեսակ էլ կա, որ չի ուտում-չի խմում՝ աչքը ջուր արած սպասում է բրազիլացիների անհաջողությանը, ու չնայած ֆուտբոլասերի ու մարդու էս տեսակը չեմ ընդունում, բայց թշնամի էլ չեմ համարում, որովհետեւ ինձ պես սրանք է՛լ աչքները ջուր արած՝ չորս տարի անհամբեր սպասում են մեծ ֆուտբոլի էդ, ուրեմն, ստուգատեսին ու ինձ պես իրենք է՛լ են իրենց կյանքի տեւողությունը ֆուտբոլով չափում, այսինքն, ո՛չ թե մտածում են՝ իրենց էս կյանքում քանի՞ տարի մնաց ապրելու, այլ մտածում են՝ քանի՞ ֆուտբոլի աշխարհի առաջնություն դեռ ունեն տեսնելու, ու «Եվրոֆուտբոլի» կլիենտներից ղարաբաղցի Նիկոլն էլ, որ իմ տարեկիցն է ու ֆուտբոլով անմնացորդ ապրում է դեռեւս Կոմայգու ժամանակներից սկսած, հոգոց հանելով՝ մի օր ինձ ասաց. «Է՜, Շեկունց ջան, մեզ ի՞նչ մնաց ապրելու. ամենաշատը հինգ կամ վեց չեմպիոնատ էլ կտենանք ու վերջ»։
Հա, ի՞նչ էի ասում. ասում էի, որ ֆուտբոլասերի ու մարդու մի տեսակ կա, որ չնայած ինքն է՛լ է ֆուտբոլի վրա մի ամբողջ կյանք մսխել, բայց բրազիլացիների պարտությունն անմարդկայնորեն ու սաստիկ է երազում, ու հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ մարդու էդ տեսակն ամեն բնագավառում էլ կա՝ մանավանդ գրականագիտության ու արվեստաբանության բնագավառներում, ու դրանք էն մարդիկ են, որոնք հատկապես հաստատո՛ւն մեծություններ չեն սիրում, ու էս մարդկանց սրտիկները մշտապես նեղված են հաստատուն մեծությունների գոյությունից ու առկայությունից, եւ եթե բան է՝ հանկարծ մի Հրանտ Մաթեւոսյան է իրենցից հեռու մի տեղ պատահականորեն ծնվում ու լույսաշխարհ գալիս, էս ասածս մարդիկ սկսում են վրա-վրա նորանոր տաղանդներ հայտնաբերել հատկապես արձակի՛ բնագավառում՝ հակադրելու համար էդ, ուրեմն, միանգամայն պատահականորեն ծնվածին ու լույսաշխարհ եկածին, ու մի շրջան էլ կար, որ Սարյանի դեմ օրական մի նկարիչ էին բստրում՝ կապելով ու հակադրելով էդ անկապ ու ահռելի չալդրցուն, եւ Կոջոյանից սկսելով ու Կոջոյանով չբավարարվելով՝ ի վերջո հասան թիֆլիսցի Ջոտոյին ու խեղճ Ջոտոյով էլ չբավարարվելով՝ հընթացս ու զուգահեռաբար Սարյանի հասցեին բամբասանքներ էին հորինում ու տարածում՝ էդ բամբասանքները բխեցնելով Սարյանի երկարակեցությունից եւ ապրած ժամանակաշրջանից, ու էդ անվերջ համեմատություններն ու խոսակցությունները շատ լավ եմ հիշում, որովհետեւ վաթսունականների վերջերին Թերլեմեզյանի տեխնիկումի ուսանող էի ու էդ խոսակցությունների մեջ ուղնուծուծով կայի եւ շատ հաճախ էդ բամբասանքներին տոն տվողների մեջ էլ կայի, որովհետեւ էդ թվերին չափազանց ջահել էի, իսկ չափազանց ջահելներն, ինչպես գիտեք, սովորաբար ստանդարտներին ու ընդունված կարծիքներին են դեմ եւ սովորաբար օրիգինալին ու անհեթեթին են կողմ նույնիսկ է՛ն դեպքերում, երբ էդ օրիգինալն էնքան էլ օրիգինալ չի, եւ էդ անհեթեթն իսկապես է անհեթեթ։
Վերադառնանք ֆուտբոլին, ավելի ճիշտ՝ «Եվրոֆուտբոլին», իսկ ավելի ճիշտ՝ ընդհանրապես բուքմեյքերական տարածքներ, որտեղ կան մարդիկ, որոնք առանց Բրազիլիայի ո՛չ միայն կյանք ունեն, այլեւ Բրազիլիան էս մարդկանց խանգարում է լիարժեք կյանքով ապրել, ու էդ մարդիկ հիմա՝ ֆուտբոլի հերթական առաջնությունից երկուսուկես ամիս առաջ արդեն նախապես ցնծում են՝ Բրազիլիայի հավաքականի անհաջողության կասկածելի հոտերն առնելով, որովհետեւ էս մարդիկ ողջ հոգով ատելով բրազիլացիներին՝ այնուամենայնիվ, իրենց ֆուտբոլասեր են համարում եւ, ցավոք սրտի, ճիշտ են անում՝ որ իրենց ֆուտբոլասեր են համարում, որովհետեւ ինձ պես իրենք է՛լ էս վերջին երեսուն ու քառասուն տարիներին հիմնականում ֆուտբոլով են ապրել եւ ինձ պես իրենք է՛լ են գրեթե ամեն օր խաղադրույքներ դնում, ու չնայած մեջներիցս քչերը կարող են գլուխ գովել, թե էդ ամենից շահած են դուրս գալիս, այդուհանդերձ, գրեթե բոլորս ցույց ենք տալիս թե՝ շահած ենք, որովհետեւ էս բուքմեյքերական տարածքները կազինոներից տարբեր են նրանով, որ էստեղի տանուլ տվողները, ի տարբերություն կազինոներում տանուլ տվողների, տանուլ տվածի չափը ո՛չ թե կրկնակի ու եռակի են ներկայացնում, այլ շատ հաճախ նվազեցնում են, որովհետեւ, ի տարբերություն կազինոների, էստեղի տանուլ տալդ կամ շահելդ հիմնականում քո խելքից է կախված, եւ եթե կազինոների տերերն իրենց ապարատներն ու դիլլերներին էնպես են կարգավորում ու ռեգուլիրովկա անում, որ իրենք երբեւէ տակ չտան, ու տակ մնան միայն կլիենտները, ապա բուքմեյքերական հաստատություններում էդ բանն ուղղակի անհնար է անել, որովհետեւ, եթե խաղադրույքդ դրել ես «Ռեալի» կամ «Բարսի» վրա, եւ եթե Ռոնալդոն կամ Ռոնալդինյոն գոլ են խփում, էստեղ ոչ ոք չի կարող էդ փաստը թաքցնել եւ, ուրեմն, քեզ չտալ շահածդ խաղագումարը, բայց էստեղի բարդությունն էլ էն է, որ եթե բուքմեյքերական համաշխարհային մաֆիաներին պետք լինի, Ռոնալդոն եւ նույնիսկ Ռոնալդինյոն գոլ չեն խփի, այսինքն՝ եթե ողջ աշխարհի առաջադեմ ֆուտբոլասերներն իրենց փողերն էդ օրը դրել են «Բարսի» վրա, ապա էդ օրը գոլ չի խփի ո՛չ միայն Ռոնալդինյոն, այլեւ Էտօօն, որովհետեւ, եթե ողջ աշխարհի առաջադեմ ֆուտբոլասերներն իրենց ողջ փողերը դրել են հենց «Բարսի՛» վրա, եւ եթե Ռոնալդինյոն ու Էտօօն էդ օրն իրենց ողջ վարպետությունն ու ներուժը ներդնեն, մի օրում աշխարհի առաջադեմ ֆուտբոլասերները կհարստանան, եւ էդ նույն օրն աշխարհի բուքմեյքերական բոլոր գրասենյակները կփակվեն, իսկ եթե Ռոնալդինյոն ու Էտօօն էդ օրն ինչ-ինչ ձեւերով հաջողացնեն անհաջող խաղալ ու պարտվեն, էդ ամենածանրակշիռ բուքմեյքերական հաստատությունները մի օրում կկրկնապատկեն ու կբազմապատկեն իրենց միլիոններն ու միլիարդները, ու էս հանգամանքներն են պատճառը, որ Չուկոտկայի նահանգապետ Աբրամովիչն իր էնտեղի ոսկիներն ու նավթը թողած՝ գալիս նստում է Լոնդոնում ու Մորինիոյի հետ «Չելսիով» է լրջագույնս զբաղվում, իսկ Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին էլ ողջ Իտալիայի հոգսերը մի կողմ դրած՝ «Միլանին» է լրջագույնս տիրություն անում, ու էս «տիրություն անելն» էլ ձեր մտածածի ճիշտ հակառակ իմաստն է պարունակում, այսինքն՝ Բեռլուսկոնին խստագույնս հետեւում է, որ չլինի թե՝ իր գերհզոր «Միլանն» իր սրտանց խաղով հաղթանակներ տանի անխտիր բոլոր հանդիպումներում՝ զարմանազան գումարների տեր դարձնելով ո՛չ թե իր անմիջական տերերին ու բուքմեյքերական տիրակալներին, այլ ճիշտ հակառակը՝ ամեն Աստծո օր խաղադրույքներ դնողներիս, եւ տուժածներիս կարծիքով՝ հենց է՛ս հանգամանքն էր պատճառը, որ «Միլանը» չեմպիոնների լիգայի եզրափակիչ առաջին խաղակեսում երեքով զրո հաղթելով «Լիվերպուլին»՝ հանկարծակի դադարեց խաղալ եւ վրա-վրա երեք գնդակ ընդունելով սեփական դարպասն ու այնուհետեւ խաղավարտի տասնմեկմետրանոցներն էլ վրա-վրա փչացնելով՝ հուսախաբ արեց ոչ միայն իր մշտական երկրպագուներին, այլեւ էդ օրն իր վրա փող դրած բազմահազարներիս, եւ էս կոմբինացիաներով ապրողներն ու հարստացողները թքած ունեն, թե դու ամենավերջին հարյուրդոլարանոցդ էիր դրել էդ խաղի վրա, ու կիրովականցի Ռաֆոն էլ պրոսպեկտի վրայի իր տունն էր նախապես ծախել, որպեսզի էդ տան վաճառքից գոյացած ողջ հասույթը «Միլանի» միջոցով կրկնապատկի ու էդ կրկնապատկածն էլ դնի առավել պատկերացնելի մեկ այլ խաղի վրա:
Գրանտ ակումբների սառնասիրտ տերերն ու բուքմեյքերական ոլորտի անսիրտ տերուտիրականները, որ հիմնականում ու ըստ էության նույն մարդիկ ու նույն ուժերն են, իսկապես լուրջ ու ծանրակշիռ ուժ են եւ լուրջ ու ծանրակշիռ ուժ են հատկապես իրենց է՛ն հատկանիշի շնորհիվ, որ առանձնապես չեն խորանում ու չեն էլ պատկերացնում, որ էդ խաղի էդ տեսակ ելքի պատճառով դու քո ամենավերջին հարյուրդոլարանոցդ ես կորցնում, իսկ կիրովականցի Ռաֆոն՝ պրոսպեկտի վրայի իր երեքսենյականոցը, եւ էդ լուրջ ու ծանրակշիռ ուժերի համար փույթ չէ, թե տասը տարի հարազատ զոքանչի մահվանն սպասած ու հինգ տարի արդեն մայրաքաղաքի ամենակենտրոնին վարժված կիրովականցի Ռաֆոն հիմա ճարահատյալ յոթերորդ մասիվում վարձով պիտի ապրի, ու վարձն էլ ամսեամիս եղբայրը պիտի Ռուսաստանից ուղարկի՝ խստագույնս զգուշացնելով, որ եթե որեւէ բուքմեյքերական տերիտորիայում Ռաֆոյին տեսնող լինի՝ էդ, ուրեմն, վարձի փողն է՛լ կկտրի, եւ էսօրվա օրով Ռաֆոն արդեն եղբորից ու աշխարհից թաքուն է ստավկեք դնում, եւ երբ Հրապարակի փոստի մեծ դալանում իրեն կուչուձիգ ու վախվորած տեսնում եմ, ճանապարհս փոխում ու շեղում եմ, որպեսզի իր հանապազօրյա հազար դրամն անձամբ ի՛մ ձեռքով ջուրը չընկնի, քանի որ՝ ժամանակին հարյուր հազարից ոչ պակաս ստավկեք դնող Ռաֆոն հիմա արդեն օրական հազար դրամից ավել ի վիճակի չի էդ խաղերի մեջ ներդնել, ու հիմա իր շահելու հավանականությունն ավելի չնչին է, եւ օրական հազար դրամով պրոսպեկտի վրայի երեքսենյականոցը հետ բերելն ավելի՛ անհավանական ու անիրական պատրանք է, քան, ասենք, «Ընտանեկան լոտոյով» բնակարանի տեր դառնալու ոմանց պատրանքները, որովհետեւ հազար դրամով մի կամ մի քանի միլիոն դրամ շահելու համար էստեղ հազար ու մի խաղ իրար պիտի կապես, հազար ու մի արդյունք պիտի կոնկրետ գուշակես, ընդ որում՝ ո՛չ թե սովորական խաղերի սովորական ու տրամաբանական արդյունքներ պիտի գուշակես, այլ՝ միանգամայն մի քանի սենսացիոն ու անհավանական արդյունքներ. ասենք, էդ օրը «Բարսելոնան» սեփական դաշտում պարտություն է կրելու «Սարագոսայից», իսկ Իտալիայում էլ «Յուվենթուսն» իր իսկ դաշտում նույն օրը պիտի «Ռեջինային» կրվի զրո-չորս հաշվով, եւ Անգլիայում էլ «Չելսին»՝ «Բլեկբերնին»՝ զրո-երեք, որպեսզի կիրովականցի Ռաֆոն իր երբեմնի տան մի չնչին մասը հետ ստանա, եւ եթե էս անհավանական պատմություններից նույնիսկ մեկնումեկը տեղի չի ունենում, Ռաֆոյի հերթական հազարանոցը ջուրը տանում է, եւ իր միակ ու հանապազօրյա մխիթարանքն էլ էն է, որ օրական ընդամենը հազար դրամ է ջուրը գցում, ու էս հազարը, փաստորեն, պրոսպեկտի երեքսենյականոցի համեմատությամբ զրոյից էլ զրո է, ու չնայած ինքը մեզանից էլ լավ է պատկերացնում էդ երեքսենյականոցը հետ բերելու անհնարինությունը, բայց շարունակում է փորձել՝ թքած ունենալով օրական էդ, ուրեմն, հազարի վրա, ու ամեն անգամ Ռաֆոյին էդ անհույս վիճակում տեսնելով՝ ակամա հիշում եմ ռուս ղումարբազների սիրած ասույթը. «Հերը տղին ծեծում էր ո՛չ թե նրա համար՝ որ ղումար էր խաղում ու կրվում էր, այլ է՛ն բանի համար, որ տղեն ուզում էր կրվածները հետ բերել»:
Այսուհանդերձ, Ռաֆոն հետեւողականորեն ու վճռականորեն երազում է հետ ստանալ զոքանչի, ավելի ճիշտ՝ վաղուց արդեն իր, իսկ ավելի ճիշտ՝ վաղուց արդեն իր ձեռից թռած էդ, ուրեմն, երեքսենյականոցը, իսկ ավելի ճշգրիտ՝ անցյալ տարվա դրությամբ էր էդպես մտածում, իսկ հիմա, համոզված եմ, իրենց էդ մասիվներում մի քոսոտ միսենյականոցի էլ համաձայն կլինի, մանավանդ որ՝ էս ընթացքում տների գներն աճում ու աճում են, եւ, փաստորեն, տների գների աճին զուգահեռ՝ նաեւ Ռաֆոյի էդ կորցրած տան գինն է բարձրանում, այսինքն՝ Ռաֆոյի երբեմնի տանուլ տվածն օրեցօր ավելի սպառնալի չափեր է ընդունում եւ ավելանում ու ավելանում է, այսինքն՝ միայն էս հազարանոցնե՛րը չի կորցնում, այլեւ՝ մեծ պարտությունն է շարունակվում գնաճի ու ինֆլյացիայի պատճառով, եւ իր էս ողբերգության մասին որ էսքան սառնասրտորեն եմ պատմում, դրա պատճառը ո՛չ թե այն է, որ ես իր ողբերգությունը չեմ պատկերացնում, այլ, ճիշտ հակառակը, շատ լավ եմ պատկերացնում, որովհետեւ ես է՛լ եմ նույն էդ ողբերգությունն իմ չափով կրում, եւ եթե Ռաֆոն իմ համեմատությամբ, այնուամենայնիվ, Ռաֆո է, ես էլ ձե՛ր համեմատ եմ ահագին Ռաֆո, որովհետեւ Ռաֆոյի պես՝ ես է՛լ եմ իմ ամենօրյա երազներում ֆուտբոլային թեմաներով զարմանազան բաներ տեսնում. ասենք, երազումս տեսնում եմ, որ «Այաքսը» սեփական դաշտում խայտառակ պարտություն է կրում «Բեւերենից», ու արթնանալով՝ վազում ու ճիշտ էդ բովանդակությամբ ստավկա եմ դնում, բայց նույն իրիկուն պարզվում է, որ ո՛չ թե «Այաքսն» է խայտառակ պարտվել, այլ՝ Մադրիդի «Ռեալը», ընդ որում՝ ո՛չ թե ֆուտբոլի «Ռեալը», այլ՝ բասկետբոլի, իսկ ինչ վերաբերում է «Այաքսին», վերջինս էդ նույն իրիկուն վեց-զրո հաշվով ուղղակի սատկացնում է «Բեւերենին», բայց էդ հանգամանքը ոչ թե հուսահատեցնում է քեզ, այլ նորանոր երազների է մղում, եւ դու վերջնականապես ես հասկանում, որ անակնկալներն ու սենսացիաներն անպակաս են ո՛չ միայն ֆուտբոլում, այլեւ սպորտում ընդհա՛նրապես, ու էս հասարակ ճշմարտությունը վերջնականապես պարզելով ու գիտակցելով՝ նորանոր հարյուրդոլարանցոներ ես ճարում ու ներդնում էդ միանգամայն ռեալ երազներիդ մեջ, ու չնայած Ռաֆոյի խնդիրն անհամեմատ բարդ է, բայց Ռաֆոն է՛լ է փաստորեն նույնն անում՝ է՛ն տարբերությամբ, որ ինքն արդեն ի տարբերություն ինձ ու այլ երջանիկների, ո՛չ թե փափագում է շահել, այլ ընդամենը փափագում է հետ վերադարձնել արդեն կորցրածը, ավելի ճիշտ՝ իր կորցրածի գոնե մի աննշան մասը, որովհետեւ իր կորցրածը մեր կորուստների համեմատ էնքան երեւելի ու պատկառելի է, որ ո՛չ միայն ինքն է շարունակ պատկառում իր կորցրածից, այլեւ մենք՝ դեռեւս երջանիկներս, ու, էլի եմ ասում, Ռաֆոյի հարցն է՛ն առումով է մեր հարցից անհամեմատ բարդ, որ ինքը, ի տարբերություն մեզ, ո՛չ թե շահելու մասին է երազում, այլ՝ կորցրածը հետ բերելու, բայց հիշածս ռուսական ասացվածքը մասամբ է Ռաֆոյին վերաբերում, որովհետեւ Ռաֆոն հորից որբ է, ու, փաստորեն, մեծ եղբայրն է ռուսաստաններից Ռաֆոյին հայրություն անում ու Ռաֆոյի ամսական ծախսերն աչքաչափով ուղարկելով հանդերձ՝ էստեղի իր ծանոթներից որոշներին ապսպրել է, որ Ռաֆոյին բուքմեյքերական տարածքներում տեսնելուն պես՝ իրեն խաբար անեն, ու առ էսօր էդ խաբար անողները պարտաճանաչորեն ու տեղնուտեղը խաբարն ուղարկում են, ու Ռաֆոն էսօրվա դրությամբ գլխի չի, թե ով է էդ խաբարներն անմիջապես Ռուսաստան՝ եղբորը հասցնում, ու եղբայրն էլ վերջին անգամ զանգել ու վերջնական զգուշացրել է, որ եթե մեկ էլ Ռաֆոն էդ տարածքները ոտ դնի՝ վերջնականապես թող մոռանա, որ, ուրեմն, Ռուսաստան ախպեր ունի, եւ հիմա Ռաֆոն Հրապարակի փոստի մեծ դալանում կանգնած՝ ինձ նման մեկին է շարունակաբար սպասում, որ ինձ պես մեկի միջոցով իր հանապազօրյա հազար դրամը «Եվրոֆուտբոլ» մտցնի ու տպել տա անհավանական հույսերով լեփլեցուն իր հանապազօրյա բլանկը, եւ ես ինչքան էլ խուսափեմ իր էդ ամենօրյա հազարանոցներն անձամբ ջուրը գցելուց, էլի մեկումեջ հանձն եմ առնում էդ անշնորհակալ դերակատարությունը, չնայած, խոսքը մեր մեջ, Ռաֆոն է՛լ առանձնապես շահագրգռված չի, որ ամեն օր նույն մարդն էդ անշնորհակալ գործն անի, որովհետեւ Ռաֆոն, ինչպես էդ սպեցիֆիկ հաստատության սպեցիֆիկ հիվանդների մեծ մասը, բավական սնոտիապաշտություն ունի, որպեսզի չհանդուրժի ու թույլ չտա, որ ամեն օր միեւնույն անձնավորությունն իր հազարդրամանոցը ներս տանի ու դուրս բերի անհավանական հույսերով լեփլեցուն էդ, ուրեմն, «Եվրոֆուտբոլի» կնիքով հաստատված բլանկը, քանզի, ինչպես էս սպեցիֆիկ տարածքի մյուս բոլոր սպեցիֆիկ հիվանդներս, Ռաֆոն է՛լ է յուրաքանչյուր ձախողումից հետո զարմանազան պատճառներ փնտրում ու գտնում, եւ եթե էդ օրը դո՛ւ ես իր հազարդրամանոցը ներս տարել ու կնքված բլանկը դուրս բերել, եւ եթե էդ իրիկուն «Ռեջինան» Թուրինում «Յուվենթուսին» չի հաղթում, ու «Պալերմոն» էլ Միլանում «Ինտերին» է տանուլ տալիս, Ռաֆոն անկախ իրենից սկսում է մտածել, թե էդ ամենի մեղավորը հենց դո՛ւ ես, այսինքն՝ ձեռքդ խերով չի, ու էդպես մտածելով՝ հաջորդ օրերին նորանոր ձեռքեր է փորձարկում՝ մինչեւ վերստին վերադառնում է քեզ ու վերստին սկսում է քո՛ ձեռքը փորձել, ու էս ամենի մեջ միակը, ումից Ռաֆոն երբեւէ երես չի թեքել ու չի թեքում, Հույսն է, ու էդ Հույսն է իրեն էս ամեն ինչին դեռեւս կպած պահում, ու միակ բանը, որ Ռաֆոն մեզանից մուրալով ակնկալում է, վերստին Հույսն է, ու Ռաֆոն մեծ դժվարությամբ է Հույսը պահպանում ու փայփայելով հասցնում հաջորդ օրվան, ու խաղացողներիցս քչերն են իրեն ռեալ հույսեր տալիս, որովհետեւ խաղացողներիս մեջ, այնուամենայնիվ, իրատեսները մեծամասնություն են, եւ հոռետեսներն է՛լ են մեծամասնություն, ու էս ասպարեզում իրատեսությունն ու հոռետեսությունը գրեթե նույն բանն են, ու էս ասպարեզի իրատեսներն ու հոռետեսներն իրատես ու հոռետես են միայն է՛ն դեպքերում, երբ հարցը վերաբերում է միայն ուրիշների՛ դրած ստավկեքին, բայց երբ հարցն անձամբ իրենց խաղադրույքներին է վերաբերում, իրենք Ռաֆոյից բեթար երազող ու ռոմանտիկ են, ու ես էս տարածքում է՛ն քչերից մեկն եմ, որ Ռաֆոյին ու բոլորին հույս եմ տալիս ու հորդորում եմ՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի երերուն ու անհաստատ հույսերի մեջ են իրենց էդ օրվա խարիսխը գցած լինում, որովհետեւ ես է՛ն մարդկանցից եմ, ովքեր քծիբություն չեն անում ու մարդկանց աջուձախ ձրի հույսեր են շռայլում. որովհետեւ ես է՛ն մարդկանցից չեմ, որ ձեզ տեսնելիս ասում են՝ «գույնդ ոնց որ է՛ն չի» կամ՝ «էս խի՞ ես ըսենց նիհարել», այլ է՛ն մարդկանցից եմ, որ ձեզ տեսնելիս ասում են՝ «շատ ես ջահելացել» կամ, վատագույն դեպքում՝ «հեչ չես փոխվել. քսան տարի առաջ ոնց որ կայիր՝ նույնն էլ մնացել ես», եւ եթե հանդիպածս կին կամ աղջիկ է, ասում եմ՝ «էդ ո՞նց ես անում, որ ըտենց սիրուն ու ջահել ես մնում» կամ՝ «շատ ես լավացել. տուտուզդ կսմթի», ու ես էս բաներն էնքա՛ն անշահախնդիր ու մաքուր սրտով եմ ասում, որ էդ կինն ու աղջիկը ո՛չ միայն չեն նեղանում, այլեւ անմիջապես անում են ասածս, այսինքն՝ կսմթում են իրենց ամանափափուկ տեղը, որովհետեւ ես է՛ն մարդկանցից չեմ, ովքեր էդ տեսակ բաները կեղտոտ ու հետին մտքով են ասում, եւ եթե ճանապարհին հանդիպածս գրող կամ բանաստեղծ է ու հանդիպելիս ինձ հարցնում է՝ «էս ի՞նչ ես մտքերի մեջ ընկած գնում. ի՞նչ ես մտածում», անմիջապես ինձ հավաքում եւ էդ հարցնողին պատասխանում ու ասում եմ՝ «մտածում էի՝ ո՞նց ես ըտենց ուժեղ գրում. էրեկ գիշեր էլի գիրքդ էի կարդում», ու էդ մարդը, որի նվիրած գրքերը միշտ ճանապարհիս հանդիպած առաջին իսկ աղբարկղն եմ գցել, բնավ չի մտածում՝ թե իրեն ձեռ եմ առնում, ու էդպիսի խոսակցություն իմ ու իր միջեւ իսկապե՛ս եղել է, ու էդ բանաստեղծն առ էսօր էլ ոգեւորված շարունակում է ստեղծագործել, ու չնայած Խաչատրյանի երաժշտությանը հարմարեցրած օրհներգի իր տեքստը լավագույն հնգյակ չմտավ, այդուհանդերձ, ոչ միայն շարունակում է անկոտրում ստեղծագործել, այլեւ ինձ հանդիպելիս ուսիս է թփթփացնում, ասել է թե՝ հույսդ մի՛ կտրի՝ ամեն ինչ լավ կլինի,- բայց դուք չկարծեք, թե իմ ճանապարհին անխտիր հիմար մարդիկ են պատահում, ու ե՛ս եմ միշտ խելոք դուրս գալիս. ճիշտ հակառակն է՛լ է պատահում, ու էս առթիվ չեմ կարող միանգամայն այլ դեպք չհիշել մութ ու ցուրտ տարիներից, երբ Թումանյանի թանգարանի տնօրենն էի ու ամեն աստծո օր Թումանյան փողոցով ոտով դանդաղ ու անշտապ գործի էի գնում ու էնքան դանդաղ էի գնում, որ չլիներ թե՝ պերերիվից շուտ հիմնարկ հասնեմ, ու թանգարանի տնօրեն աշխատելուս լավագույն պահերը հենց դրանք էին, երբ Խանջյանից ձախ թեքվում ու մտնում էի Թումանյան եւ հենց Թումանյանի սկզբից աչքս գցում էի թանգարանի շենքին ու մտքիս մեջ հպարտանում էի, որ Աստված հատկապես ու առանձնապես ի՛նձ է կամեցել դեռեւս Խանջյանից երեւացող ու շողշողացող էդ բարձրադիր շենքի տնօրենը լինել, ու առանձնապես չէի շտապում, որովհետեւ էդ շենքը դրսից ինձ ավելի՛ սրտամոտ ու սիրելի էր, քան, ուրեմն, ներսից, եւ որպեսզի պերերիվից շուտ տեղ չհասնեմ, ճանապարհին մտնում էի նախարարություն եւ սենյակից սենյակ փոխադրվելով՝ նախարարության աշխատողների մոտ տպավորություն էի ստեղծում, թե թանգարանի գործերով ու թանգարանային մտահոգություններով եմ նախարարության միջանցքներում ֆռֆռում, ու թանգարանի ժողովուրդն է՛լ էր էդպես կարծում, ու որ թանգարանում ինձ չէին սպասում՝ դա միանգամայն հասկանալի էր է՛ն առումով, որ ընդհա՛նրապես որեւէ հիմնարկում աշխատողներն իրենց շեֆին առանձնապես սրտատրոփ չեն սպասում, ու էդ առումով ես է՛լ բացառություն չէի, չնայած հինգ տարվա էդ պաշտոնավարությանս ընթացքում որեւէ մեկին ասած չկամ՝ աչքիդ վերեւը ունք կա, այլ հիմնականում պերերիվներին հայտնվում, ու մինչեւ պերերիվ գոյացած այցելությունների մեր եկամտի մի մասն առանձնացնում ու միասին մի կտոր բան էինք ուտում, որովհետեւ մինչեւ տնից ոտով ու անշտապ մի քանի ժամում հասնում էի թանգարան, լավ սովածացած էի լինում: