Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՈՈՒ»

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Խորհրդարանական իրադարձություններն այսպես է որակում նաեւ ՍԴՀԿ ատենապետը

«Հակոբ Հակոբյանը միակը չէ ԱԺ-ում կամ, ընդհանրապես, իշխանական համակարգում: Մի շատ տգեղ գործընթաց է տեղի ունենում: Ուզում են մեկին զոհել, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե կրիմինալի դեմ պայքարում են: Իրականում իշխանությունը մի զարկով մի քանի նապաստակ է ուզում խփել՝ հանրությանը մատուցում են, իբր պայքարում են կրիմինալի դեմ, անգամ եթե դա յուրային է եւ, միաժամանակ, Հակոբյանի ձեռքից կկարողանան վերցնել նրա ունեցվածքը»,- մեծ աղմուկ բարձրացրած վերջին իրադարձությունների մասին «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ելնելով այս տեսանկյունից՝ հակակրիմինալ շարժման անդամ կուսակցության ղեկավարը միանգամայն տրամաբանական է համարում Ազգային ժողովում ընդդիմության մերժողական պահվածքը եւ, ի հեճուկս իշխանական լրատվամիջոցների բարձրացրած վայնասունի ու նախագահի վերջին հայտարարությունների, ասում է. «Պետք չէ ընդդիմությանը դնել հիմար վիճակի մեջ: Ընդդիմադիր պատգամավորներն այնքան էլ միամիտ մարդիկ չեն եւ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Ընտրեցին մեկին, այն էլ՝ համեմատության մեջ շատ ավելի անվնասին եւ փորձում են պատժել ընդդիմության ձեռքով: Մինչդեռ, իրենք դրա պտուղներն են վայելելու: Ինչո՞ւ պիտի ընդդիմությունն ընդառաջ գնա իշխանությանն այդ ձեւական պայքարում: Պետք է սկսել ոչ թե Հակոբ Հակոբյանից, այլ շատ ավելի վերեւներից»: Եվ ընդհանրապես, ըստ մեր զրուցակցի, եթե ԱԺ-ում էլ են «ձայներն առնվում»՝ յուրաքանչյուր կոճակը սեղմելու համար պայմաններ են առաջադրվում եւ այլն, իրական պայքարի մասին խոսելը միամտություն է: Ուստի՝ «Հակված եմ կարծելու, որ այս ամենը նախընտրական շոու է»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը:

ՍԴՀԿ-ն առայժմ ֆորմալ գործող «Արդարություն» դաշինքի կազմում է, բայց տիկին Սարգսյանը չի բացառում կուսակցության՝ նախընտրական այլ միավորներում հանդես գալը: ՍԴՀԿ ատենապետը համոզված է, որ 2007-ին կուսակցությունների համար, հատկապես ընդդիմադիր, հեշտ չի լինելու միայնակ պայքարել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» գայլային ախորժակի, ֆինանսական եւ իշխանական ռեսուրսների դեմ: Հետեւաբար, ճիշտ է համարում հատկապես գաղափարական դաշինքների ստեղծումը: Այս համատեքստում, սակայն, համագործակցությունը ՀՍԴՀԿ-ի հետ (Էռնեստ Սողոմոնյանի ղեկավարած իշխանական հնչակյանների- Ն. Գ.) չի տեսնում: Ի դեպ, հաջորդ խորհրդարանում հնչակները ակնկալում են գոնե երկու մանդատ: Կուսակցության գերխնդիրը, ըստ տիկին Սարգսյանի, հնչակյան գաղափարների տարածումն է, սակայն նպատակներից մեկն էլ օրենսդիր մարմնում պետականության կայացմանն օժանդակելն է: «Կցանկանայի, որ ժողովուրդը վերջապես հասկանար, որ իր ձայնն ինչ-որ բան նշանակում է: Իշխանությունը ժողովրդին միտումնավոր տարանջատեց, ու հիմա հասարակության մեջ գերիշխող է կարծիքը, որ ժողովրդի ձայնը ոչինչ է: Ժողովուրդն է երկրի տերը, ո՞նց կարելի է տիրոջից ձայնը խլել: Ես կոչ եմ անում փոքրիկ նվիրատվություններով չխաբվել, որովհետեւ հետո տասնապատիկն է խլվելու: Ոչ մի քաղաքական գործիչ ոչինչ չի կարողանալու այս երկրում փոխել, եթե ժողովուրդը դա չցանկանա»,- ասում է մեր զրուցակիցը: Իսկ մինչ ընտրություններ ՍԴՀԿ-ն շարունակելու է կուսակցական շինարարությունը, հատկապես, երիտասարդական թեւը. «Միգուցե 100 հազարների չի հասնում մեր քանակը, բայց ովքեր մեզ հետ են՝ գաղափարական մարդիկ են եւ ամեն առիթով չեն լքում մեզ»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կապեր կան ՍԴՀԿ նախկին ատենապետ Ջորջ Հակոբյանի հետ: «Ես չեմ ցանկանում որեւէ մեկի ավանդը կուսակցության մեջ ոչնչացնել: Այնպես որ, մենք բարեկամական հարաբերություններ ունենք: Ազդեցություն, բնականաբար, Հակոբյանը մեզ վրա չի կարող ունենալ: Նա հիմա ԱՄՆ-ում է եւ թեթեւ համագործակցություն ունի տեղի հնչակյան կառույցների հետ»,- ասաց Լ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել