Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակի գանձում

Հոկտեմբեր 23,2006 00:00

«ԱրմենՏելը» մի ծառայության դիմաց երկու տեսակի վարձ է սահմանել

Մինչեւ 2010 թվականը «ԱրմենՏելը» պատրաստվում է իր ծառայությունների սակագները կրկնակի եւ նույնիսկ եռակի բարձրացնել: Ընկերությունն առաջնորդվում է մեր կառավարության կողմից ընդունված թիվ 60 լիցենզիայով, որով մեր պետությունը նպատակ է դրել առաջիկա 4 տարիների ընթացքում հասնել շուկայի ազատականացմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը, որն իր հետ կբերի սակագների շեշտակի բարձրացում: Ընկերությունից առայժմ դժվարանում են ասել, թե որ ծառայության գինը կոնկրետ որքան կբարձրանա կամ երբ կբարձրանա, բայց մի բան հստակ է՝ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային վարձը տատանվելու է 4000 դրամի սահմաններում. կարող է ավելի բարձր լինել, կարող է՝ ցածր:

Մեր երկրում, բացի բաժանորդային վարձից, ընկերությունը միեւնույն ծառայության դիմաց՝ լարային հեռախոսով խոսելու համար առանձին գանձում է նաեւ րոպեավճար: 1 րոպեի համար սահմանված սակագինը՝ 5 դրամ, արդեն իր մեջ ներառում է ընկերության ծախսային պահանջներն ու ծառայությունից ստացվող եկամուտը, ուստի բաժանորդային վարձը, որը 1100 դրամից նախատեսվում է հասցնել 4000 դրամի, այսինքն՝ եռակի-քառակի թանկացնել, ընդհանրապես անտրամաբանական է: Նման ծառայություն չկա:

Նախկինում «ԱրմենՏելը» բաժանորդային վարձը սահմանել էր, որովհետեւ չուներ մեխանիզմ՝ հաշվարկելու բաժանորդների խոսացած րոպեները: Ընդ որում, դա հաշվարկվել էր այսպես. գումարել էին ընկերության կատարած ծախսերը, ողջամիտ եկամտի չափը որոշել ու ստացված թիվը հավասարապես բաշխել հեռախոսակապից օգտվող բոլոր բաժանորդների միջեւ, ինչն անարդարացի էր: Սակայն հետագայում, երբ րոպեավճար սահմանվեց, բաժանորդային վարձ հասկացությունն ընկերությունը պետք է ընդհանրապես մոռանար, մինչդեռ այժմ մենք՝ բաժանորդներս, ոչ միայն շարունակում ենք մուծել տարեցտարի բարձրացվող այդ վարձը, այլեւ մի բան էլ րոպեավճար ենք տալիս: Առանց այդ էլ հեռախոսագծին միանալու համար բաժանորդները 12 հազար դրամ են վճարում:

Հաշվի առնելով, որ ներկայումս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «ԱրմենՏելի» տնօրեն Վասիլիս Ֆետսիսը շարունակում է սակագների բարձրացման շուրջ բանակցություններ վարել ու չի բացառվում, որ մեկ ամիս անց դարձյալ սակագների վերանայման հարց բարձրացվի, ուստի մնում է հուսալ, որ հանձնաժողովի փորձագետները, վերը նշված հանգամանքը հիմք կընդունեն՝ մերժելու «ԱրմենՏելի» հայտում գոնե բաժանորդային վարձի բարձրացման առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել