Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆԻԿՈՒՄԻ» «ՉՈՒԶՈՂՆԵՐԸ» ՇԱՏ ԵՆ

Հոկտեմբեր 23,2006 00:00

Դեղամիջոցի տարածումը հարվածում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ «պայքարողների» գրպանին

«Արմենիկումն» այսօր ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության վիրուս) կանխարգելման լավագույն դեղամիջոցն է, որն այս պահին չունի մրցակիցներ: Հաշվի առնելով այս հիվանդության դեպքերի շարունակական աճը՝ ամբողջ աշխարհում այդ դեղամիջոցի պահանջարկը մեծ է: Բիզնեսի ամենապարզ կանոններն էլ հուշում են, որ, եթե դաշտում որեւէ ընկերություն չունի մրցակից, նրա արտադրանքը պետք է ունենա լայն սպառում եւ ապահովի հսկայական եկամուտներ: Սակայն «Արմենիկումի» դեպքում ճիշտ հակառակն է. թե՛ ՁԻԱՀ-ի, թե՛ մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեպքերը տարեցտարի ավելանում են, բայց դեղամիջոցը, կոպիտ ասած, չի ծախվում: Այն, որ «Արմենիկումի» բիզնեսը ձախողվում է, ցույց է տալիս ընկերության կրած ֆինանսական ճգնաժամը. «Արմենիկումը» միայն անցյալ տարի պետությանը 1 մլրդ դրամից ավելի պարտք է մնացել, այսինքն՝ չի կարողանում դուրս գալ նույնիսկ հարկայինի սահմանած տուրքերի տակից:

Ընկերության հաջողությունները, կարելի է ասել, միայն իմիջային են. «Արմենիկումը» մեծ համբավ է վայելում արտերկրում, մի շարք երկրներում այն գրանցված է, վերջերս՝ օգոստոս ամսին, ընկերությունը գրանցվել է նաեւ Ռուսաստանում՝ որպես իմունամոդուլացնող եւ հակավիրուսային դեղ: Բայց դեղը, ինչպես երեւում է, չի սպառվում, քանի որ այն շատ թանկարժեք է, եւ եթե սպառվեր, ընկերությունը ֆինանսական որեւէ պրոբլեմ չէր ունենա: «Արմենիկումի» անհաջողությունն ունի իր բացատրությունը: Մեր տեղեկություններով, «Արմենիկումն» ունի շատ «չուզողներ», դրանք, մասնավորապես, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպություններն են, որոնք ամեն տարի միջազգային դոնոր կազմակերպություններից հիվանդությունը կանխարգելելու անվան տակ միլիոնավոր դոլարներ են վերցնում: «Արմենիկումը» հարվածում է նրանց բիզնեսին, ուստի վերջիններս աշխատում են խոչընդոտել դեղամիջոցի տարածմանը, այդ իսկ պատճառով այսօր ոչ ոք հստակ չի կարողանում ասել՝ «Արմենիկումը» բուժո՞ւմ է դարի հիվանդությունը, թե՞ ոչ: Եթե չի բուժում, տարօրինակ է, թե ինչո՞ւ է այն շարունակում հարկային պարտքեր կուտակել՝ լուծարվելու փոխարեն, եթե բուժում է, այդ դեպքում ինչո՞ւ գոնե մեր երկրի հիվանդների վրա վերջնական փորձարկում չի արվում, մանավանդ որ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի քաղաքացիները կարող են «Արմենիկումով» բուժվել պետպատվերի շրջանակներում:

Այս տարվա միայն 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի նույնքան դեպք, որքան նախորդ տարի: Այսինքն՝ հիվանդացության դեպքերը չեն պակասել: Ավելին՝ ընդհանուր առմամբ վերջին տարիներին նույնիսկ նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ սա հաստատել է նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ իրենք հիվանդությունը վատ են կանխարգելում, պարզապես բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը. վերջին տարիներին լաբորատոր ախտորոշման հնարավորությունները մեծացել են, եւ ավելի շատ թվով մարդիկ են գնում հետազոտման, քան նախորդ տարիներին: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ ՁԻԱՀ-ի դեմ իրականում շատ հեշտ է պայքարել, պարզապես այդ հիվանդության առկայությունը ձեռնտու է շատերին, պարոն Գրիգորյանն, ըստ էության, որեւէ պատասխան չի տվել՝ նշելով, որ «առաջին հայացքից ՁԻԱՀ-ի կանխարգելումը բավականին դյուրին է, դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ՝ զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, խուսափել պատահական սեռական կապերից եւ այլն: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում: Ուստի չափազանց կարեւոր է մարդկանց շրջանում պատասխանատու վարքագծի եւ առողջ ապրելակերպի մշտական քարոզչությունը»:

Ներկայումս ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում աշխատում է 76 մարդ, որոնք, պարոն Գրիգորյանի ներկայացմամբ, ստանում են այնքան, որքան առողջապահության պետական համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձն է: Ինչպես ճշտեցինք առողջապահության նախարարությունից, նրանց միջին աշխատավարձը 36 հազար դրամ է: Փաստորեն, ամսական մոտ 3 մլն դրամ (7.5 հազար դոլար) այս կենտրոնը ծախսում է միայն աշխատավարձերի համար: Իսկ մնացած գումարով պահպանակներ են բաժանում, մարմնավաճառների, հոմոսեքսուալ տղամարդկանց, բանտարկյալների ու խոցելի մյուս խմբերի համար սեմինարներ են կազմակերպում, որոնց արդյունավետության մասին խոսում է հիվանդների թվի աճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել