Լրահոս
Օրվա լրահոսը

Փայտի գինը կախված է «նալոգներից»

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Թեեւ անտառահատումն արգելված է, Հայաստանի քաղաքներում հեշտությամբ կարելի է վառելափայտ գնել

Հաշվի առնելով Հայաստանին սպառնացող անապատացումը՝ մեր կառավարությունն արգելել է անտառներից ծառեր հատելը: Սակայն ձմեռնամուտի այս օրերին անտառահատումներից խուսափել չի լինում, որովհետեւ անտառներն ու կանաչ գոտիներն, ըստ էության, չեն վերահսկվում: Փայտահատները հստակ գիտեն, թե որ ժամին որ անտառից կարող են ծառ կտրել: Այն, որ զանգվածային ծառահատումները շարունակվում են՝ վկայում են նաեւ այս օրերին գյուղերում շրջող փայտով գերբեռնված մեքենաները: Փայտավաճառները գյուղի մի ծայրից մյուսը «էստի համեցեք» են կանչում՝ բնակիչներին գովերգելով, թե Ալավերդիի, Դիլիջանի կամ Վանաձորի այսինչ անտառի ընտիր, չոր փայտերից է:

Օրերս մենք ականատես եղանք, թե ինչպես է փայտավաճառներից մեկը, որը ներկայացավ ալավերդցի Կարեն, Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում շրջիկ մեքենայով փայտ վաճառում: Երբ հարցուփորձ արինք, թե չի՞ վախենում կառավարության արգելքից, նա արդարացավ՝ «Մենք կյանքի գնով ենք փայտ բերում, այս սեզոնին մեր ապրելու միակ միջոցը սա է, մի քանի կոպեկ աշխատելու համար գիշեր-ցերեկ քուն չունենք»: Փայտավաճառի ներկայացմամբ՝ ծառ կտրելու գործը գիշերով են անում, որ ճանապարհներին չկանգնեցնեն: Կարենը խոստովանեց, որ ինչ էլ պատահի, ով էլ իր դեմը դուրս գա՝ փայտը ձեռքից չեն վերցնի, պարզապես անօրինական «նալոգները» կմեծանան: Ճանապարհներին փայտավաճառների հիմնական «խոչընդոտը» պետավտոտեսուչներն են, որոնց մինչեւ «չնայես»՝ փայտի գործ չես անի:

Գյուղացիների տեղեկացմամբ, թեեւ նախորդ տարվա համեմատությամբ վառելափայտի գինն էական փոփոխության չի ենթարկվել, սակայն դժվարացել է լավ որակի փայտ ձեռք բերելը: Ներկայումս գյուղերում վաճառվող լավ որակի փայտի 1 խմ-ն արժե 17-18 հազար դրամ: Գինը պայմանավորված է նրանով, թե փայտն ինչ ճանապարհ է անցել, եւ ճանապահներին որքան չնախատեսված ծախսեր են կատարվել: Գյուղացիների պատմելով՝ մեկ-մեկ փայտը վաճառում են նաեւ 15 հազար դրամով, դա Հրազդանի կեչին ու կաղնին է, որը, սակայն, պահանջարկ չունի, քանի որ լավ չի այրվում, ածխանում է:

Փայտավաճառները ապրանքը «բիրիք» տալու եւ շառից պրծնելու համար այն նվազագույնը վաճառում են 5 խմ-ով, եւ գյուղացիները եթե ուզենան գնել, ասենք՝ 3 խմ, պետք է հարեւան-ծանոթ-բարեկամներին էլ խնդրեն-աղաչեն, որ իրենք էլ մնացած 2-ը գնեն: Փայտին այլընտրանք կա, սակայն դրանից ոչ բոլորը կարող են օգտվել: Թեեւ գազն ավելի ձեռնտու է գյուղացուն, բայց խողովակները տուն հասցնելու, պահանջվող թույլտվության եւ հաշվիչի համար մոտ 110-120 հազար դրամ է պահանջվում, որը քչերը հնարավորություն ունեն տալու եւ բնակարանները գազիֆիկացնելու:

Գյուղերում շատերի հույսը դեռ մնում է ավանդական աթարը, որը փոշու ու կեղտի բուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել