Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՄԲԱՎԸ»

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Ասում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը

Հոկտեմբերի 15-17-ը մայրաքաղաքի հեծանվահրապարակում անցկացվեցին հրապարակային հեծանվավազքի հանրապետության մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Աբովյանի, Արմավիրի, Մասիսի եւ Գուգարքի շուրջ հիսուն ուժեղագույն մարզիկներ: Հեծանվորդները հանդես եկան այն մրցաձեւերում, որոնք ընդգրկված են օլիմպիական ծրագրում:

Մեծահասակների՝ հետապնդումով 4 կմ մրցաձեւում մրցանակային եռյակը կազմեցին. 1. Սերգեյ Սարկիսով, 2. Սուրեն Չաթոյան, 3. Արթուր Գրիգորյան: Երիտասարդների 3 կմ հետապնդումով մրցաձեւում աչքի ընկան, համապատասխանաբար, Սուրեն Պետրոսյանը, Դավիթ Մկրտչյանը եւ Գեւորգ Առաքելյանը: Տեղից 1000 մետրում առաջատարների եռյակներն այսպիսին էին. Մեծահասակներ՝ Ներսես Շիրինյան, Սուրեն Չաթոյան, Սերգեյ Սարկիսով: Երիտասարդներ՝ Սուրեն Պետրոսյան, Գեւորգ Առաքելյան, Դավիթ Մկրտչյան: Վերջին օրը խմբային 100 շրջան 10 միջանկյալ վերջնագծով ձեւում կրկին հաղթող դարձավ Սերգեյ Սարկիսովը: Նրան հաջորդեցին Սուրեն Չաթոյանը եւ Արթուր Գրիգորյանը, իսկ երիտասարդների 80 շրջան 8 միջանկյալ վերջնագծով մրցաձեւում հաղթողները դասավորվեցին այսպիսի հերթականությամբ. Դավիթ Մկրտչյան, Գեւորգ Խաչատրյան, Սուրեն Պետրոսյան:

Մրցումների ավարտին հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանն ասաց, որ առաջնություններն ի հայտ բերեցին մի շարք խոստումնալից մարզիկների, ում աչքաթող չանելու դեպքում հետագայում աշխարհի վազքուղիներում մեր հանրապետության անունը հնչեցնելու լավ հեռանկարներ կարող են բացվել:

– Անուններ կարո՞ղ եք տալ:

– Հատկապես կառանձնացնեի 15-ամյա Սուրեն Պետրոսյանին: Չնայած պատանի տարիքին, նա հաջող է հադես գալիս թե խճուղային, թե հրապարակային հեծանվավազքերում: Սուրենն այս տարվա մայիսին Մոլդովայի նախագահի մրցանակների խաղարկության մրցումներում խճուղային հեծանվավազքում դարձել է 2-րդ մրցանակակիր՝ անակնկալի բերելով մարզաձեւի առաջատար երկրների ներկայացուցիչներին: Եվ պատահական չէ, որ այս առաջնությունում էլ ցույց տված արդյունքներով նրան, որպես խոստումնալից ու հեռանկարային հեծանվորդի, ուսումնամարզական հավաքի են հրավիրել ԱՊՀ երկրների եւ միջցամաքային կենտրոն: Սուրենն արդեն մեկնել է Մոսկվա եւ մարզվում է հանրահայտ «Կռիլատսկի» հեծանվահրապարակում:

– Մեր հեծանվորդների արդյունքները միջազգայինին մո՞տ են:

– Դեռ այնքան էլ համեմատելի չեն: Բայց դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Հայաստանի հեծանվորդները միջազգային մրցումների անչափ քիչ են մասնակցում: Հատկապես հրապարակայինները լավագույն դեպքում մեկնում են Վրաստան կամ նրանց ենք հրավիրում Երեւան: Մինչդեռ, առանց մրցափորձի, ուժեղների հետ պայքարի (համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կարող ենք պատշաճ մրցակցություն ցույց տալ) ցուցանիշները չեն բարձրանա: Օրինակ, մեր Տիգրան Կորկոտյանը: Նա հիմա Ֆրանսիայում է: Սկզբում Տիգրանը խճուղիներում դժվարանում էր անգամ եզրագիծ հասնել: Բայց աստիճանաբար աճեց ու հիմա ապացուցում է, որ արդեն կարող է ոչ միայն մտնել այս կամ այն մրցման առաջատարների տասնյակ, այլեւ հաղթել: Ճիշտ է, շնորհիվ մեր ֆեդերացիայի նախագահ Լեւոն Աբրահամյանի, այս տարի մրցաշրջանն ավելի էր հագեցած, բայց, միեւնույն է, առանց երկրից հաճախակի դուրս գալու, սպասվող արդյունքները կուշանան: Պակաս կարեւոր չէ նաեւ ժամանակակից հեծանիվների ու հանդերձանքի խնդիրը: Ֆեդերացիայի նախագահի ջանքերով Երեւանում ստեղծվել է մարզաձեւի կենտրոն, բերվել է 12 հեծանիվ ու հանդերձանք, բայց դա էլ դեռ քիչ է: Եթե լավ գույքի ու մարզահագուստի պակաս չլիներ, հանրապետության առաջնությանն ավելի շատ մարզիկ կմասնակցեր:

– Հիմա ունե՞նք հեծանվորդներ, ովքեր երբեւէ կմասնակցեն օլիմպիական խաղերին:

– Հայաստանը ժամանակին միշտ էլ համաշխարհային մակարդակի հեծանվորդներ ունեցել է: Հիմա ուզում ենք վերականգնել մեր մարզաձեւի երբեմնի հեղինակությունը: Հիշենք աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանին, աշխարհի երիտասարդների թիմային չեմպիոն Օլեգ Կլեւցովին, միջազգային կարգի սպորտի վարպետ Արման Ավետիսյանին, Գրիգոր Գրիգորյանին, հիմա էլ՝ Տիգրան Կորկոտյանին, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո ու արդեն նրան ուզում են պրոֆեսիոնալ ակումբներ վերցնել: Բայց երբ նրանց՝ 15 տարեկանում ցույց տված արդյունքները համեմատում ենք Սուրեն Պետրոսյանի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ 15-ամյա պատանին նրանց գերազանցում է: Կրկնում եմ, անհրաժեշտ է միջազգային մրցումների շատ մասնակցել: Իսկ ինչ վերաբերում է օլիմպիական խաղերի մասնակից ունենալուն, դրա համար պետք է անպայման հանդես գալ աշխարհի գավաթի խաղարկությունում, որը, ինչպես գիտեք, բաղկացած է 4-5 փուլերից, ու անհրաժեշտ միավորներ վաստակել: Հույս ունենք, որ մեր ֆեդերացիայի, Սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի համատեղ ջանքերով դրա համար ֆինանսական միջոցներ կտրամադրվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել