Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ԾՆՆԴԱԿԱՆ ՀԱՆԵՆ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"7-ամյա Խոսրովը դպրոց գնում է, բայց աշակերտ չի համարվում \"\"

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում աղքատ ընտանիքներ շատ կան: Սամվել Հակոբյանի ընտանիքն ամենաչքավորներից է: Տանտիկնոջ՝ Քրիստինե Հակոբյանի պատմելով՝ «ոչ մի տեղից օգնություն չենք ստանում: Մի կերպ օրվա հացն ենք կարողանում ճարել ու ամբողջ տարի չարչարվում ենք, որ չորս երեխաների դպրոցի շորերն առնենք, որ ոտաբոբիկ ու տկլոր չգնան դասի»: Հակոբյանների ընտանիքը գյուղի բոլոր խանութներում պարտքեր ունի՝ հաց գնելու դիմաց: Ընտանիքի 7 անդամներն ապրում են մի կիսախարխուլ, իրարից փուլ եկող տանը: Պատերն արդեն մեծ-մեծ ճաքեր են տվել, հատակը քանդվել է: Խոնավությունից տանը մի քանի րոպե նստել չէր լինում:

Հակոբյանների երկու երեխաները՝ Մերին ու Խոսրովը, տանն են ծնվել. ընտանիքը փող չի ունեցել, որ ծննդկանին տանեն հիվանդանոց: Նույնիսկ ֆինանսական սուղ միջոցները չեն բավականացրել՝ Խոսրովի համար ծննդյան վկայական հանելու: Այժմ նա 7 տարեկան է եւ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չունի: Նա այս տարի դպրոց է գնացել՝ առանց փաստաթղթային ձեւակերպումների: Մոր պատմելով՝ «երեխաս գնում է դպրոց, բայց աշակերտ չի համարվում, մատյանում անգամ անուն-ազգանունը չկա: Ուղղակի տնօրենը մեր բարեկամն է, ընդառաջել է մեր խնդրանքին, թողնում է, որ ուսում ստանա: Բայց չգիտենք, թե հետո ինչ է լինելու: Ծննդյան վկայական հանելու համար Ապարանի անձնագրային բաժնից 30 հազար դրամ են ուզում, մենք այդքան գումար չունենք, որ տանք»: Մյուս երկու երեխաները՝ Մանվելն ու Նաթելլան, թեեւ աշակերտ համարվում են, բայց այս ուսումնական տարում դպրոց չեն գնացել՝ հագուստ չունենալու պատճառով: Մանվելը սովորում է 9-րդ դասարանում, Նաթելլան՝ 7-րդում: Տանտիրուհու ներկայացմամբ՝ «մի կերպ մածուն ծախեցի, փոքրերին շորով ապահովեցի, երբ հերթը հասավ մեծերին՝ էլ փող չմնաց»:

Երեխաները քնում են երկաթե մահճակալների վրա, իսկ վերմակները պատառոտված են ու կարկատած: Ընտանիքն ունի նաեւ անասնագոմ ու թոնրատուն: Դրանք էլ խոնավությունից կամաց-կամաց սկսել են փլուզվել:

Հակոբյանները դժգոհում էին, որ գյուղում որեւէ աշխատանք չկա, որ բազմազավակ ընտանիքի հայրն ու մայրը կարողանան աշխատել եւ պահել իրենց երեխաներին: Նրանց ապրուստի միակ միջոցը 3 կովն է, սակայն անասուններն էլ իրենց չեն արդարացնում. «Այս տարի ծնել է միայն երկուսը, բայց շատ քիչ են կաթ տալիս, որ յոլա գնանք: Ոչ մի տեղից օգնող էլ չունենք: Գազն եկել հասել է մեր դուռը, բայց կոպեկ չունենք, որ մենք էլ քաշենք: Էստեղի ահավոր ձմեռներին բավարարվում ենք միայն ցանով ու աթարով, երեք կովից ինչքա՞ն վառելիք պիտի հավաքենք, որ ձմեռը հանենք»,- ասում է Սամվել Հակոբյանի քույրը՝ Այծեմնիկը: Նա նույնպես բնակվում է Հակոբյանների կիսաքանդ տանը: Այծեմնիկը գամված է անկողնուն, նա տառապում է արյան հիվանդությամբ, սակայն մինչ օրս նա հաշմանդամի կարգավիճակ չունի, որ գոնե թոշակ ստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել