Հեղուկ գազի լիցքավորման շրջիկ մեքենաների գործունեությունն արգելված է ձեւական
Քաղաքապետարանի որոշմամբ՝ այս տարվա հունվարից արգելվում է մայրաքաղաքի փողոցներում հեղուկ գազ մատակարարող մեքենաների առկայությունը: Չնայած այս որոշմանը, այսօր Երեւանի մի շարք թաղամասերում գազի լիցքավորման շրջիկ մեքենաներ կան կայանած, որոնք, անտեսելով անվտանգության բոլոր կանոններն ու քաղաքապետարանի որոշումը, բնակչությանը հեղուկ գազ են մատակարարում: Ընդ որում, գազի ցիստեռնները խարիսխ են գցում բնակչությունով ծանրաբեռնված թաղամասերում եւ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում բազմաբնակարան շենքերից: Որքան էլ տարօրինակ է, բնակիչները չեն բողոքում իրենցից վտանգ ներկայացնող գազի ցիստեռնների դեմ: Ավելին, եթե բնակիչների «ձեռքը ճար» լինի՝ իրենց բալոնները լիցքավորելու համար, ինչ է թե մի քանի մետր ավելի չքայլեն, գազ մատակարարողներին կխնդրեն, որպեսզի գազի ցիստեռնները տեղադրվեն շենքերի հենց շքամուտքերի մոտ:
Արդեն քանի տարի է՝ Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոնի փողոցում գործում է հեղուկ գազի լիցքավորման այս կետը (տե՛ս լուսանկարը): Քաղաքապետարանի որոշումը լիցքավորման այս կետի վրա ոչ մի կերպ չի ազդում. վերջինս շարունակում է գործունեություն ծավալել: Ճիշտ է, ցիստեռնը մոտ 20 մետր հեռավորությամբ է հարակից բազմաբնակարան շենքերին, բայց գտնվում է անմիջապես ճանապարհի եզրին: Այդ փողոցով ամեն րոպե ավտոմեքենաներ ու ուղեւորներով ծանրաբեռնված միկրոավտոբուսներ են երթեւեկում, բացի այդ, գազը տարածված է շրջապատով մեկ, եւ անցորդներն այդ հատվածով անցնելիս հոտից խեղդվում են:
Ինչպես պարզվեց, գազի ցիստեռնը պատկանում է անհատ ձեռներեց Արա Ծատուրյանին: Մեր հարցին, թե ինչո՞ւ են անտեսում քաղաքապետարանի որոշումը եւ բնակիչների կյանքը վտանգի ենթարկում, աշխատակիցը պատասխանեց. «Բնակիչները բոլորովին չեն բողոքում, ընդհակառակը գոհ են, ուրախ, որ շատ հեռու չեն գնում»: Աշխատակցի խոսքերը շարունակեց հարակից շենքերից մեկի մի բնակիչ, որն այդ պահին իր գազի տարան էր լիցքավորում. «Շատ էլ լավ է, բա ի՞նչ է, պիտի կիլոմետրեր անցնենք, որ ինչ է, թե 5 լիտր գազ ե՞նք լցնում, հոտն էլ չի խանգարում»:
Մինչդեռ «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Կարեն Գեւորգյանը, վկայակոչելով քաղաքապետարանի վերոնշյալ որոշումը, ասաց. «Խանգարի, չխանգարի, իրավունք չունեն մայրաքաղաքում հեղուկ գազի վաճառքով զբաղվել: Բնակիչները պետք է օգտվեն գազալցակայաններից: Իսկ 2007-ի հունվարից այս օրենքը կտարածվի նաեւ հանրապետության մարզերում եւս»: Մեր այն հարցին, թե ո՞վ պետք է վերահսկի եւ արդյոք տեղյա՞կ են, որ իրենց որոշումը չի կատարվում, Կ. Գեւորգյանը պատասխանեց. «Վերահսկողը քաղաքապետարանն է: Ճիշտ է, գազի ցիստեռններ կան, բայց դրանց թիվը կրճատվել է: Կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի»: