Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունն էլ ստվեր կմտնի

Հոկտեմբեր 23,2006 00:00

Խոշոր ֆերմերները հարկերից խուսափելու ձեւը կգտնեն

Հայաստանը 2003-ից անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այդ անդամակցությամբ մեր կառավարությունը ստանձնել է որոշակի պարտավորություններ, որոնցից առանձնանում է հատկապես 2009-ի հունվարի 1-ից գյուղատնտեսության՝ հարկման դաշտ մտնելը: Մինչ օրս գյուղացիներն իրենց եկամտից ավելացված արժեքի հարկ չեն վճարել, իսկ 2009-ից արդեն այդ արտոնությունը չեն ունենալու:

Այս հանգամանքը հարուցել է մի շարք գյուղապետերի դժգոհությունը: Ըստ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետ Հովհաննես Հովեյանի, իրենց գյուղի ամենախոշոր հողատերն ունի ընդամենը 3-4 հեկտար տարածք, որը հազիվ է կարողանում մշակել: «Գյուղացու ծախսերն այնքան շատ են, որ բերքի իրացումից սկի ծախսերը չի կարողանում հետ բերել: Այս տարի 1 հա հողից ստացել են 300-500 կգ ցորեն, դրանով հազիվ կարողանան ապրել, ի՞նչ եկամուտ պիտի ապահովեն, որ դեռ մի մասն էլ պետությանը տան: Նրանք հիմնականում տուժած են դուրս գալիս: Միգուցե Արարատյան դաշտում հողերը բերրի են, եկամուտ կա, բայց մեր սոված-ծարավ մարզում ի՞նչ կա, որ եկամուտ էլ ունենանք: Մենք նստած սպասում ենք արտոնությունների ու օգնությունների, հարկ որտեղի՞ց տանք»: Ըստ պարոն Հովեյանի, այսօրվա դրությամբ Վարդենիկի բնակիչները գյուղապետարանին միայն 35-40 մլն դրամ հողի հարկ են պարտք: Այդ պարտքը գրվել է սառույցին, նույն ճակատագիրն էլ կունենա նաեւ ԱԱՀ-ն:

Եթե գյուղատնտեսությունը հարկվի՝ գյուղացի չի մնա. այս կարծիքին է Արարատի մարզի Դիմիտրովի գյուղապետ Արտյուշա Լաչինյանը. «Գյուղացու վիճակը շատ վատ է, չեն կարողանում գոնե իրենց մինիմալ ծախսերի տակից դուրս գալ: Եթե դրան էլ հարկեր ավելացնեն՝ սարսափելի վիճակ կստացվի»: Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի գյուղապետ Մանվել Բաբայանը նույնպես մեծ դժգոհություններ ուներ ԱՀԿ-ի այդ պահանջի հետ: Ըստ նրա՝ «իբր թե գյուղացին կարողանո՞ւմ է ոտքի կանգնել, որ մի հատ էլ եկամուտ ունենա ու հարկ վճարի: Մեր գյուղն ունի ընդամենը 350 հա վարելահող: Եթե գյուղացիներն ի վիճակի լինեն՝ կվճարեն գոնե իրենց հողի հարկերը, որի տակից չեն կարողանում դուրս գալ: Նրանք վարուցանքի փող տնտեսե՞ն, թունաքիմիկատների համար վճարե՞ն, թե՞ հարկերը տան»:

ԱՀԿ-ի պահանջը մեր երկրում հնարավոր է կոռուպցիոն նոր ռիսկեր առաջ բերի: Կառավարությունը նախատեսել է, որ գյուղացիական տնտեսությունները ԱԱՀ վճարեն միայն այն դեպքում, եթե նրանց մեկ տարվա եկամուտը կազմի 8 մլն դրամ եւ ավելի: Իսկ սա նշանակում է, որ խոշոր գյուղատնտեսները հարկերից խուսափելու համար կաշխատեն ստվերում գործել եւ թաքցնել իրական եկամուտները՝ համաձայնության գալով հարկայինի աշխատակիցների հետ: Սակայն մեզ հետո զրույցում գյուղնախարարության աշխատակազմի գյուղատնտեսության եւ գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության պետ Հրաչիկ Ծպնեցյանը հավատացրեց, որ գյուղացիներն իրենք են շահագրգռված լինելու իրենց եկամուտները բարձր ցույց տալ, քանի որ պետությունը, հարկելուց բացի, 8 մլն դրամից ավելի եկամուտ ունեցող գյուղատնտեսությունների համար նախատեսում է սուբսիդիաներ ու մեծ արտոնություններ տրամադրել, որի շնորհիվ տակ չեն տա: Գյուղնախարարության հաշվարկներով՝ հարկման դաշտ կմտնեն 340 հազար գյուղացիական տնտեսություններից մոտ 3 հազարը:

Ի դեպ, կառավարությունը նախատեսում է 20%-ի փոխարեն ԱԱՀ-ի դրույքաչափը կիսով չափ նվազեցնել՝ դարձնելով 10%: Բայց կառավարության բոլոր այս պլաններն առայժմ հայեցակարգի տեսքով են, եւ օրենքի ուժ ստանալու համար պետք է ԱԺ-ն հաստատի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել