Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 23,2006 00:00

Ջրագծերի թալանի մասին խոսքերը հետ չվերցնելու դեպքում գյուղապետարանի հաշիվները ստուգման կենթարկեն:

Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի ջրագծերի թալանի մասին «Առավոտի» հրապարակումից հետո ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից սկսել են ճնշումներ գործադրել Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի վրա: Նա, որպես ջրագծերի թալանչիների հովանավոր, ակնարկել էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը, ինչը բարկացրել է «վերեւներին» այն աստիճան, որ «ընկել» են գյուղապետի հետեւից:

Արդեն մեկ տարի է, ինչ Շիրակի մարզի տարբեր գյուղերից բարձրաստիճան պաշտոնյաների անունից գողանում են երկաթ ու պողպատ պարունակող բոլոր արժեքավոր իրերը, մասնավորապես՝ ջրագծերն ու տրոլեյբուսի գծերը: Եվ Մարմաշենի գյուղապետն առաջինն էր, ով սկսեց բողոքել մարզի տարբեր համայնքներում կատարվող թալանի դեմ եւ նույնիսկ Վճռաբեկ դատարան դիմեց՝ հետխորհրդային տարիներից մնացած, գյուղի տարածքով անցնող անտեր թուջե ջրախողովակաշարը համայնքի սեփականությունը ճանաչելու ու գյուղի կարիքների համար օգտագործելու նպատակով: Ու չնայած այն հանգամանքին, որ Վճռաբեկը դեռեւս ավարտին չի հասցրել գործի քննությունը, եւ դեռեւս որոշված չէ՝ ում հանձնել ջրագծերը՝ «Շիրակջրմուղկոյուղո՞ւն», թե՞ Մարմաշենին, օրերս մեր խմբագրությունը տեղեկություններ ստացավ, որ «Շիրակջրմուղկոյուղու» պատվիրակները Մարմաշենի ջրագծերը «սրբում» են: Փորձագետների հաշվարկներով՝ թալանված ջրագծերի մետաղը 28.5 միլիոն դրամ է գնահատվում, իսկ դա գյուղի բյուջեի համար բավականին մեծ գումար է, որի հետ արդեն գյուղապետը մեծ հույսեր էր կապում:

Բայց համայնքի իրավունքները պաշտպանելը գյուղապետի վրա ծանր է նստել, քանի որ, ըստ մեր աղբյուրների, հանրապետության գլխավոր գանձապետը գյուղապետի ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու նպատակով Մարմաշեն հանձնախումբ է ուղարկելու: Այսինքն՝ փորձելու են գյուղապետի կենսագրությունում ու պատմության արխիվներում «մութ գործեր» փնտրել ու նրան տեղը դնել: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ այս գյուղապետին ջրագծերի թալանի մասին հայտարարություններ անելու համար «նեղում» են: Թալանի մասին մեր առաջին հրապարակումից հետո, իբրեւ պատահաբար, Մարմաշեն է այցելել Աշխատանքի տեսչությունը, ստուգումներ է անցկացրել եւ գյուղապետին ֆինանսական տուգանքների ենթարկել՝ հայտնաբերելով 500 հազար դրամի խախտում: Շիրակի մարզի պատմության մեջ մինչ օրս նման դեպք չի եղել, որ որեւէ գյուղապետարանի ֆինանսական հաշիվները համալիր ստուգման ենթարկվեն: Եթե սա անմիջականորեն կապված չէ գյուղապետի հայտարարությունների հետ, ինչո՞ւ նման ստուգումներ Շիրակի մարզի մյուս գյուղերում էլ չանցկացվեցին:

Ընդհանրապես, հազվադեպ է պատահում, որ գյուղապետը, չվախենալով «վերեւների» հետ թարսվելուց, սկսի իր համայնքի իրավունքները պաշտպանել ու նրանց դեմ որեւէ հայտարարություն անել: Գյուղապետին լռեցնելու ձեւեր շատ կան, եւ դա ամենից առաջ ֆինանսական դաշտում է դրսեւորվում, քանի որ ամենամաքուր ու ամենաազնիվ գյուղապետարանում էլ, ոնց էլ լինի, գյուղապետի գլխին «սարքելու» մի գործ կգտնեն:

Մեր տեղեկություններով՝ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը պաշտոնյաների ճնշումների ներքո պատրաստվում է Վճռաբեկ դատարանից իր հայցը հետ վերցնել: Այս առնչությամբ պարոն Եղոյանից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել