Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանեցիները վանեցիների դե՞մ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Օրերս լույս տեսած՝ արմատներով վանեցիներ Վարազդատ Հարությունյանի եւ Նորա Մելիքյանի «Ծիծաղում են վանեցիները» գիրքը առաջացրել է «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության զայրույթը:

«Առավոտ» այցելած հիշյալ կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը հայտնեց, որ առաջին հայացքից թվում է, թե «Ծիծաղում են վանեցիները» գրքում պետք է տեղ գտնեին Վասպուրական աշխարհի կատակասեր մարդկանց զվարճապատումները, «մինչդեռ հուսախաբ ես լինում, քանի որ այնտեղ մեծ մասամբ տպագրված են այլ ազգերին վերաբերող զվարճապատումներ, միայն հավելելով մեկ բառ՝ վանեցի, կեղծ տպավորություն ստեղծելով, թե դրանք վասպուրականյան են: Մեր կազմակերպության շուրջ 300 անդամ ցավում է, որ վանեցուն ոչ վայել մանրապատումներ ու իբր հումոր պարունակող այս գրքի հրատարակումը հովանավորել է ԱՄՆ-ի «Համավասպուրական» հայրենակցական միությունը»:

Պարոն Հովնանյանի հավաստմամբ, գիրքը գրագողության իրական ապացույց է. «Եթե բացելու լինեք համացանցային կայքերի զվարճապատումների էջը, կհամոզվեք դրանում: Գրքում, չգիտես ինչու, տեղ են գտել նաեւ առանձին հրատարակություններից՝ Մարո Մուրադյանի «Շատախի բարբառը», Գ. Կարապետյանի կազմած «Հայկական առածներ եւ ասացվածքներ», ՀՍՍՀ ԳԱ հրատարակչության եւ այլ գրավոր ու բանավոր աղբյուրներից քաղված բազմաթիվ ժողովրդական թեւավոր մտքեր, խրատներ, խաղ-երգեր, մոտ 120 առածներ ու ասացվածքներ»:

Մեր զրուցակիցը, չանդրադառնալով գրքում տեղ գտած, իր խոսքերով՝ տափակ անեկդոտներին եւ ոճական ու խմբագրական բազմաթիվ անճշտություններին՝ նշեց, որ մինչ այժմ ոչ մի զվարճապատման մեջ վանեցուն ոչ ոք այնքան չի նսեմացրել, որքան այս գրքի հեղինակները. «Վանեցուն ժլատ անվանում են, բայց ոչ թե գող կամ … Մեզ ու մեր նախնիներին գողի ու… պիտակ կպցնելու «հեղինակային իրավունքը», ինչպես երեւում է, պատկանում է, ցավով եմ նշում, մեր համերկրացիներին (նկատի ունի գրքի հեղինակներին): Եվ դա, ինչպես իրենք են նշում, արել են իբր հանուն ուրախ ժամանցի եւ լիաթոք ծիծաղի: Ամեն գնով գիրք տպագրելու մոլուցքը կազմողներին այնքան հեռու է տարել, որ դրանում տեղ են գտել վասպուրականցիներին ոչ բնորոշ անբարո անեկդոտներ, որոնք շրջապատում կարդալն իսկ անպարկեշտություն է»:

«Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահը, հավաստելով, որ իրեն միանում են նաեւ կազմակերպության անդամները, գտնում է, որ հեղինակները պետք է հրապարակավ ներողություն խնդրեն բոլոր վանեցիներից. «Քանի որ գիրքը նսեմացնում է վանեցիների բարի համբավը, ոտնահարում արժանապատվությունը»:

Հ. Գ. Մեզ չհաջողվեց կապվել գրքի հեղինակներ Վարազդատ Հարությունյանի եւ Նորա Մելիքյանի հետ՝ լսելու նրանց խոսքը իրենց իսկ կողմից կազմված գրքի մասին: «Առավոտը» պատրաստ է հրապարակել նաեւ նրանց խոսքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել