Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ «ՀԱՂԹԱՆԱԿԸ»՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Չինաստանի Սիամին քաղաքում վերջերս կայացել է քանդակի միջազգային մրցույթ՝ կապված 2008-ին Պեկինում անցկացվելիք օլիմպիադայի հետ: Մրցույթին մասնակցել է նաեւ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանն իր որդու՝ Հայկի հետ: Հանդիպեցինք ճանաչված արվեստագետին:

– Ի՞նչ աշխատանքներ էիք ներկայացրել:

– Իմ աշխատանքը կոչվում է «Հաղթանակ», Հայկինը՝ «Շարժում»: Մենք ի սկզբանե որոշել էինք շատ դոկումենտալ գործեր չանել՝ ասենք, ծանրաձող բարձրացնող մարզիկ, վազորդ… Իմ կոմպոզիցիան ավելի ընդհանրական է, եւ հիմքում ընկած է այն գաղափարը, որ երկնքից օլիմպիական հաղթանակն է իջնում: Աշխարհի համարյա բոլոր երկրներից իրենց գործերն էին ներկայացրել 3500 մասնակից: Հայաստանից մենք էինք: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մասնակցում էին նաեւ Վրաստանը, Ղրղըզստանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը: Ներկայացված աշխատանքներից ընտրվեց 100-ը: Ինտերնետից տեղեկացա, որ այդ 100 հոգու մեջ ես ու որդիս էլ կանք, մեկ էլ՝ մոսկվացի անվանի քանդակագործ Ծերեթելին: Այժմ մեր քանդակները ձուլել են բրոնզից, եւ 100 գործերի թվում ներկայացված են Սիամինում, որը քանդակագործության կենտրոն է համարվում Չինաստանում: 2008-ին աշխատանքների մի մասը կմեծացվի եւ կտեղադրվի քաղաքում, իսկ 10-12 աշխատանք, իմն ու Հայկինը՝ նույնպես, կհանգրվանեն Օլիմպիական թանգարանում:

– Կարծեմ՝ ավարտել եք, Կապանում տեղադրվելիք, Արամ Մանուկյանի քանդակը:

– Այո: Այն քաղաքապետարանի պատվերն էր: Ես մի քարի մեջ դրել եմ մի քանի գլուխներ: Մի կտոր քարի մեջ Արամ Մանուկյանի գլուխն է, Գրիգոր Տաթեւացու, հանքափորի, մոր եւ երեխայի: Այսինքն՝ կոմպոզիցիաս խորհրդանշում է առատություն, գթություն, կրոն եւ ժողովուրդ: Ի դեպ, այն տեղադրվելու է Լենինի արձանի փոխարեն եւ տեղում:

– Մամուլի շենքի առաջ դրված ձեր Շմավոնյանը լավ չընդունվեց, բայց դուք մեկն էլ Կալկաթայի համար կերտեցիք…

– Այդ աշխատանքն իմ հաջողված գործերից է, Կալկաթայի գրադարաններում ես ծանոթացել եմ քարանձավներում ապրած Շմավոնյանի ճգնավոր կյանքին: Այդպիսի մարդուն հարկավոր էր մի քիչ արտասովոր ներկայացնել: Իսկ ժողովուրդը միշտ էլ նորը դժվարությամբ է ընդունում: Հիշում եմ, մի ժամանակ փնովում էին Լեոնիդ Ենգիբարովի արձանը, հիմա գովում են պլաստիկան, հաջողվածությունը…

– Ի՞նչ տվեց կոչումը ձեզ նման վաստակաշատ արվեստագետին: Մի՞թե դրանից հետո հիմա ավելի լավ եք ստեղծագործում:

– Որպես ժողովրդական հաստատվելու խնդիր չունեի: Ժողովուրդն ինձ սիրում ու հարգում է, չկա մի մայրցամաք, որտեղ քանդակներ դրած չլինեմ: Ժողովրդական կոչմամբ զգացի, որ ամեն ինչ կորած չէ, պետությունը կարող է իր արվեստագետին ինչ-որ կերպ մեծարել: Դա իմ վաստակի գնահատականն էր: Պարզապես, օրինակ, Ֆրանսիայում արվեստագետներին տալիս են Պատվո լեգեոնի շքանշան, իսկ Հայաստանում՝ ժողովրդականի կոչում:

– Կա՞ մի թեմա կամ կերպար, որ չեք «նվաճել» ու դեռ պիտի մարմին տաք:

– Ժամանակին Մարտիրոս Սարյանի արձանի մրցույթում առաջին մրցանակ շահեցի ու քանդակեցի վարպետին: Հաջորդ տարի տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի քանդակի մրցույթ, այստեղ էլ արժանացա երկրորդ մրցանակի: Ինձ փոխանցեցին Կարեն Դեմիրճյանի խոսքերը, թե չեն կարող երկու մեծերի (Սարյան եւ Խաչատրյան) արձաններն իրար այդքան մոտ լինել: Կարեն Սերոբիչից հետո Ա. Խաչատրյանի արձանը (բայց ոչ իմ աշխատանքը) տեղադրվեց համանուն համերգասրահի առաջ: Ես, որ երաժշտական բարձրագույն կրթություն ունեմ եւ 16 տարի Կապելլայում եմ երգել, շատ առիթներով էլ՝ անձամբ Խաչատրյանի ղեկավարությամբ, չկարողացա երազանքս իրականացնել: Հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչու իմ քանդակը չտեղադրվեց, եւ ով ինձ խաբեց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել