Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրինագիծ՝ զանգվածային խախտումներից հետո

Հոկտեմբեր 23,2006 00:00

«Առավոտի» տեղեկություններով, գալիք երկուշաբթի Ազգային ժողովը կրկին քննության կդնի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը:

Երեկ «Առավոտին» ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք հանդես են եկել առաջարկներով: Ըստ այդ առաջարկների, անհրաժեշտ է սահմանել հանրային շահի բացառիկ գերակա լինելը: Լ. Ալավերդյանը գտնում է, որ օրինագիծը կիմաստավորվի այն դեպքում միայն, եթե սահմանվեն հանրային շահի բացառիկության եւ գերակայության չափանիշները: Հիշեցնենք, որ նախկին Սահմանադրության մեջ պետության կարիքների համար քաղաքացուց օտարվում էր նրա սեփականությունը բացառիկ դեպքերում, երբ կարիքի բավարարումը պետության ու հասարակության շահերից ելնելով էր տեղի ունենում: Առաջարկներից մեկն այն էր, որ կառավարությունը, մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, կազմակերպի, անցկացնի հասարակական լսումներ եւ քննարկումներ: ԱԺ նախագծի հեղինակները, ըստ ԱԺ օրինագիծը քննադատողների, նույնացրել են ձեռք բերողին եւ հետապնդվող շահի իրականացնողին: «Անտեսվում է այն, որ Սահմանադրությունը թույլատրում է՝ սեփականությունն օտարել հասարակության եւ պետության շահերից ելնելով, դրանց երկուսի կրողն էլ կարող է լինել պետությունը, եւ ինքը կարող է միայն հանդես գալ որպես ձեռքբերող»,- ասում է Լ. Ալավերդյանը: Նա երեկ, անդրադառնալով ԱԺ ներկայացրած օրինագծի 11 հոդվածին, ուր խոսվում է օտարվող սեփականության դիմաց տրվելիք փոխհատուցման հաշվարկման մասին, ասաց, որ տարբերություն չի դրվում սեփականատիրոջ կողմից սեփական գույքն իր հայեցողությամբ վաճառելու եւ գույքը նրանից հարկադրաբար վերցնելու դեպքերի միջեւ: «Հենց դա է պատճառը, որ քննարկվող դեպքի համար նույնպես կիրառելի է համարվել օտարվող սեփականության շուկայական արժեքը եւ իբր այդ արժեքի 15%-ի հավելում, որը տարբերություն է ստեղծել այս դեպքի եւ սովորական առուվաճառքի միջեւ»,- գտնում է իրավապաշտպանը:

Հյուսիսային պողոտայից օտարվածները՝ «հասարակության եւ պետության կարիքների զոհերը», ասում են, որ օտարվող գույքի շուկայական արժեքը կարող է լինել միայն հատուցման չափը որոշելու համար ելակետ, որին պետք է հավելել սեփականատիրոջ եւ այլ գույքային իրավունք ունեցողների վնասները, կորուստները, այդ թվում՝ նաեւ բարոյական վնասները: Նրանք համաձայն չէին նաեւ ԱԺ-ում առկա օրենքի նախագծին, որով նախատեսվել է կառավարության որոշումները դատարանում բողոքարկելու իրավունքը: Հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքի 160 հոդվածին՝ նրանք հիշեցնում են, որ այդ հոդվածն արգելում է կառավարության որոշումն ընդհանուր իրավասության դատարան բողոքարկելը: Իր առարկություններում Լ. Ալավերդյանը նաեւ նշում էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի պահանջը՝ օրենքն ընդունել մինչեւ հոկտեմբերի 1-ը, հիմք չպետք է ծառայի, որպեսզի նման թերի նախագիծը դառնա ԱԺ-ի քննարկման առարկա:

Ըստ նախկին օմբուդսմենի, հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարումը սահմանափակում է մարդու հիմնական իրավունքները. արժանապատվություն, անձեռնմխելիություն, ազատություն, սեփականություն, հետեւաբար, այս ամբողջ գործընթացը ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել