Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՂԱՐԿՎԱԾ ՎԱՃԱ՞ՌՔ

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Ըստ պատգամավոր Մանուկ Գասպարյանի՝ նման բան է կատարվում Իջեւանի մերձակա գյուղերի հողերի հետ

Խորհրդարանական նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը բարձրացրեց Տավուշի մարզի Իջեւան քաղաքի եւ հարեւան Գետահովիտ ու Գանձաքար գյուղերի հողատարածքների հարցը: Պատգամավորից փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ վիճելի հողատարածքների մասին է խոսքը: Պատգամավորն «Առավոտին» ասաց. «Վիճելի տարածքներ չկան: Պարզապես, կառավարությունը, խախտելով Սահմանադրությունը, 2005-ի որոշմամբ, Գետահովիտ եւ Գանձաքար համայնքներից զգալի հողատարածքներ է հատկացրել Իջեւան քաղաքին՝ առանց համաձայնեցնելու տվյալ համայնքների հետ: Եթե այլ համայնքներից հողատարածք է տրվում քաղաքին, ապա քաղաքը պետք է ունենա զարգացման ծրագիր, թե ինչ պետք է արվեն այդ հողերը: Տրվել են գետի ափի հողերը, գյուղացիների անասնագոմերը, արոտավայրերը, որոնցով խեղճ մարդիկ իրենց պապենական հողի վրա իրենց գոյությունն են պահպանում: Քաղաքապետն, ըստ երեւույթին, պայմանավորվել է կառավարության հետ, որ այդ տարածքները վերցնի, վաճառի եւ չինովնիկների հետ կիսվի: Իջեւանում ապրում է բնակչության 40 տոկոսը, մնացածը արտագնա աշխատանքի են, այդ քաղաքին ընդհանրապես հող պետք չէ, այն եկամտաբեր տեղ չի»:

Մեր հաջորդ հարցին, թե կա՞ն փաստեր, որ քաղաքը վաճառել է հողատարածքներ, պատգամավորը պատասխանեց. «Որոշումը դեռ լավ չի չորացել, գուցե վաճառել է, ես գյուղապետերի հետ չեմ խոսել, եթե անգամ թաքուն վաճառած էլ լինի, չեմ կարող իմանալ: Պետք է կառավարությունը հարցում անի՝ իմանա: Հիմա հողը քողարկված վաճառում են, թղթաբանությունը գաղտնի են պահում, իսկ 4-5 տարի հետո սկսում օգտագործել»:

Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պատգամավորի հայտարարության կապակցությամբ ասաց. «Ցավում եմ, որ պատգամավորը, չլինելով տարածքում եւ գործի էությանը ծանոթ չլինելով, ԱԺ ամբիոնից կեղծ տեղեկություն է հնչեցնում, որովհետեւ, ես համոզված եմ, որ եթե ճիշտ տեղեկացված լիներ, նման հայտարարություն չէր անի կամ գոնե մի քանի օր անց հրապարակավ իր ասածի համար ներողություն կխնդրեր: Ես նրան վերջին անգամ տեսել եմ 2005թ-ին համայնքապետի ընտրությունների ժամանակ, երբ նա, հոխորտալով, փորձում էր ազդել ժողովրդի վրա եւ օգնել մրցակցիս: Ես ոչ մի հողատարածք չեմ վաճառել, եւ կարող եմ հումորով ասել, որ վաճառելու բան էլ արդեն չկա, հողերը Իջեւանին տվել են արդեն վաճառված վիճակում: Եթե պատգամավորը գիտի չվաճառված հողերի տեղը, թող ասի, միասին վաճառենք: Եվ ինձ մնում է դիմել կառավարությանը, խնդրանքով, որ իրենց որոշումները կայացնելիս անպայման համաձայնեցնեն Մանուկ Գասպարյանի հետ»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կոլյա Խաչատրյանը մեր հարցին, թե Իջեւանի քաղաքապետարանը որեւէ հողհատկացում տվյալ տարածքներից կատարե՞լ է, թե՝ ոչ, պատասխանեց, որ «Գանձաքար եւ Գետահովիտ գյուղերից Իջեւանին միացրած տարածքներից քաղաքապետարանը որեւէ հողհատկացում չի կատարել»: Բայց մինչ Իջեւանին անցնելն այդ հողերն արդեն մասնավորեցված են եղել Գետահովիտ եւ Գանձաքար համայնքների կողմից: Թե ո՞ւմ են հատկացվել այդ հողատարածքները, ովքե՞ր են այն խեղճ գյուղացիները, որոնք հողագործությամբ եւ անասնապահությամբ իրենց գոյությունն էին պահպանում, բայց այսօր զրկվել են ապրուստի միջոցից, պարոն Խաչատրյանը հրաժարվեց ասել՝ խորհուրդ տալով դա իմանալ տվյալ համայնքներից, քանի որ. «նրանք ավելի կոնկրետ կասեն»: Իսկ քաղաքում շրջանառվում էր այն, թե պատգամավորի ասած «այդ խեղճ ու կրակ» գյուղացիները մարզային ոստիկանության, դատախազության, մարզպետարանի աշխատակիցներն են եւ ԱԺ պատգամավորները:

Ըստ մեր աղբյուրի, Իջեւան քաղաքի մարզահամալիրի կիսակառույց շենքի շրջակա տարածքը Գետահովիտ համայնքի կողմից հատկացվել է մարզի ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներին, շինանյութերը ապամոնտաժվել եւ իրացվել են Գետահովտի համայնքապետի կողմից, ինչի առնչությամբ քաղաքապետարանը դիմել է քաղաքի ոստիկանության պետին եւ մարզային դատախազությանը, խնդրանքով. «Ձեռնարկել համապատասխան միջոցներ, մարզահամալիրի կիսակառույցի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնել եւ անօրինականություն կատարած անձանց ենթարկել պատասխանատվության»: Սակայն իրավապահ կառույցները տվել են ոչ հստակ պատասխան. «Մարզահամալիրի՝ Իջեւանի կամ Գետահովտի համայնքի հաշվեկշռում գտնվելու հարցը ենթակա է լուծման վերադասության կարգով: Պատճառած վնասը փոխհատուցելու հարցը ենթակա է լուծման դատական կարգով»:

«Իրենց պապենական հողում»՝ դեռեւս բրոնզեդարյան ժամանակաշրջանից մնացած դամբարանադաշտում եւ ամրոցում, որոնք արժանացել են հնագետների ուշադրությանը եւ ենթակա են հնէաբանական հետազոտության, շինարարական աշխատանքներն են սկսել հողագործությա՞մբ, թե՞ անասնապահությամբ զբաղվող «խեղճուկրակ», ինչպես Մանուկ Գասպարյանն էր ասում, մարզային դատախազության աշխատակիցները: «Պապենական» հողը նրանց «հատկացրել» է Գանձաքար գյուղի համայնքապետը: Նույն համայնքի կողմից, իջեւանցիների խոսքով, «պագոնավորներին» է տրված նաեւ «Մայր Հայաստան» հուշահամալիրի՝ հասարակական նշանակության կանաչապատ տարածքը:

Ավտոդպրոցի եւ կայարանամերձ տարածքները հատկացված են Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին եւ ԱԺ պատգամավորներ Արծրունի Ղալումյանին եւ Գագիկ Մելիքյանին:

Սպիտակ լճի տարածքը Գետահովիտ համայնքի կողմից հատկացվել է Գետահովիտի գյուղապետ Անաստաս Հակոբյանի որդուն՝ Կարեն Հակոբյանին: Գանձաքարի եւ Գետահովտի կողմից վաճառված հողատարածքների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Առայժմ սահմանափակվենք այսքանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել