Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ չի արել ամուսինը, կանի կի՞նը

Հոկտեմբեր 23,2006 00:00

Դեռեւս անցյալ շաբաթ մի խումբ գիտնականներ մեր թերթում հայտնեցին իրենց անհանգստությունը ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջիկա ընտրությունների մասին:

Մտավախություններից մեկն այն էր, որ ինստիտուտների նախկին ղեկավարները կարող են ժառանգաբար փոխանցել իրենց պաշտոնները որդիներին կամ մոտ հարազատներին: Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնին, օրինակ, հավակնում է նախկին տնօրեն Լեւոն Մանվելյանի կինը: (Հիշեցնենք՝ այս պաշտոնը պրն Մանվելյանին 2003-ին անցել է ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանից, ում հետ Լ. Մանվելյանը խնամիական կապի մեջ է):

Պրն Մանվելյանի կինը ինստիտուտի տնօրենի միակ թեկնածուն չէ: Հավակնորդների հարցն այստեղ բավական լուրջ է, քանի որ մյուս բոլոր ինստիտուտները, մեր տեղեկություններով, կարողացել են մեկ միասնական թեկնածուով հանդես գալ, իսկ այստեղ ձայները գրեթե հավասարապես բաժանված են 2 մասի: Տեղում անցկացված քվեարկության արդյունքներով, կենսաբանական գիտությունների դոկտոր Վաղինակ Սարգսյանը 2 ձայնով զիջել է Լեւոն Մանվելյանի կնոջը՝ գիտությունների դոկտոր Քնարիկ Ղազարյանին: «Մի՛ սկսեք նրանից, որ թեկնածուն իմ կինն է… հո կրակը չե՞մ ընկել, որ նա իմ կինն է: Դուք նայեք նրա առավելություններին: Իմ սկզբունքը սա է. ով արժանի է, նա էլ պետք է դառնա տնօրեն, իմ կինը բոլոր չափանիշներով բարձր է կանգնած մյուս թեկնածուից»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին տնօրեն Լ. Մանվելյանը եւ թվարկեց կնոջ առավելությունները: Ըստ այդմ՝ տիկին Ղազարյանը 11 տարի աշխատել է իբրեւ գիտքարտուղար եւ ունի գիտակազմակերպչական փորձ, բացի այդ՝ 22 տարի աշխատել է իբրեւ լաբորատորիայի վարիչ եւ ունի 83 տպագրված գիտական աշխատանք, որից 36-ը՝ վերջին 10 տարում: Պրն Մանվելյանն իր կնոջ առավելությունները համեմատում է մյուս թեկնածուի հետ. «Մյուս թեկնածուն լաբորատորիայի վարիչ չի եղել, գիտքարտուղար չի եղել, ունի տպագրված 54 աշխատանք, որից միայն 9-ը՝ վերջին 10 տարում»: Բացի այդ, նախկին տնօրենն առիթն օգտագործեց դժգոհել մյուս թեկնածուից՝ Վ. Սարգսյանից, թե վերջինս իր ինստիտուտում եղել է տեղեկատվական ծառայության ղեկավար եւ պետք է զբաղվեր գրանտային ծրագրերով, ինչի համար աշխատավարձ է ստանում, սակայն «ոչ մի գրանտ չի կարողացել բերել՝ պատճառաբանելով, որ իրեն պակասում են տնօրենի լծակները. բայց իրեն ո՞վ է խոչընդոտել, թող բերեր»:

«Արդյոք Ձեր կինը կկարողանա՞ անել այն, ինչ չեք կարողացել Ձեր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում անել Դուք» հարցին պրն Մանվելյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ով ավելի լավ կղեկավարի, ես միշտ բարին կամեցող մարդ եմ եղել իմ կոլեկտիվի նկատմամբ, պետք է ելք ման գալ, հույս ունենք…»: Հիշեցնենք, որ եթե տնօրեն դառնա տիկին Ղազարյանը, նախկին տնօրենը՝ նրա ամուսինը, պետք է մնա իբրեւ տնօրենի խորհրդական: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իր կնոջը կտա նույն խորհուրդները, ինչով առաջնորդվել է ինքը: Իսկ այս վերջին տարիներին, ինչպես հայտնի է, ֆիզիոլոգիայի ինստիտուտը, մեղմ ասած, չի փայլում գիտական աշխուժությամբ, ինստիտուտում նույնիսկ բավարար շենքային պայմաններ չկան: Այս մասին մեր ակնարկին թե՛ Լեւոն Մանվելյանը, թե՛ բնական գիտությունների բաժանմունքի ղեկավար Վիլեն Հակոբյանը նույն պատասխանը տվեցին. «Բոլոր ինստիտուտներն էլ խնդիրներ ունեն»:

Ցավոք, մյուս թեկնածուն՝ Վաղինակ Սարգսյանը չհամաձայնեց զրուցել մեզ հետ, այլապես նրան հնարավորություն կտայինք իր առավելություններն էլ թվարկել ու իր աշխատանքային կենսագրությունն էլ պատմել: Իսկ Վիլեն Հակոբյանից կարողացանք ճշտել, որ բաժանմունքի 16 հոգանոց բյուրոն որոշել է իր կողմից առաջադրել Վ. Սարգսյանի թեկնածությունը: Ինչը նշանակում է, որ 2 թեկնածուներն էլ իրենց ծրագրերով հանդես կգան բաժանմունքում, վերջինս կտա համապատասխան եզրակացություն-երաշխավորագիր որեւէ թեկնածուի համար: Սակայն, ըստ պրն Հակոբյանի, չի բացառվում, որ 2 թեկնածուներն էլ անցնեն վերջին փուլ, այսինքն՝ 2-ի միջեւ ընտրությունը կատարի նախագահությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել