Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշաքարը ավտոտնակների վրա՞

Հոկտեմբեր 23,2006 00:00

\"\"Քաղաքային իշխանությունները Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը ավտոտնակների վրա են վառ պահում:

Օրերս Երեւանի քաղաքապետարանից զանգել են անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի կնոջը՝ Վերժինե Մովսիսյանին եւ հայտնել, որ քաղաքապետարանը Հ. Մաթեւոսյանի հուշաքարը տեղադրելու համար միջոցներ չունի, քանի որ, ըստ կատարած նախահաշվարկի, հուշաքարի տեղադրումը քաղաքապետարանին մոտ 70 հազար դոլար կարժենա:

Փոխարենը քաղաքային իշխանությունները գրողի կնոջը առաջարկել են Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցված «էլիտար» շենքի սեփականատերեր, «Հ2» հեռուստաընկերության նախագահ Սամվել Մայրապետյանի օգնությունը՝ պայմանով, որ Մաթեւոսյաններն իրենց համաձայնությունը տան հուշաքարի համար հատկացված տարածքում ստորգետնյա ավտոտնակ կառուցելու: Այն ծառայելու է Ս. Մայրապետյանին պատկանող էլիտար շենքի բնակիչներին: Հենց այդ ավտոտնակների վրա էլ Մայրապետյանը խոստացել է իր միջոցներով տեղադրել Հ. Մաթեւոսյանի հուշաքարը, իսկ տարածքը՝ բարեկարգել: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել Պուշկինի 3 շենքի (այդ շենքում է ապրել գրողը) դիմացի փոքրիկ պուրակում Հ. Մաթեւոսյանի հուշաքարի տեղադրման համար: Մրցույթը կայացել է, հաղթողը հայտնի է, բայց գործն այդպես էլ տեղից չի շարժվել:

Քաղաքապետարանի նման վերաբերմունքը Մաթեւոսյանների ընտանիքին խիստ զայրացրել է: Երեկ գրողի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, ասուլիս էր հրավիրել՝ իր ընտանիքի քաղաքապետարանի միջեւ առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու: Պարզվում է՝ ավտոտնակների վրա գրողի հուշաքարը տեղադրելու մտահղացումը քաղաքապետարանի միակ անհարգալից վերաբերմունքը չէ Հ. Մաթեւոսյանի ընտանիքին: Դ. Մաթեւոսյանի ներկայացմամբ, վերջերս էլ պարզել են, որ 1998-ին Հ. Մաթեւոսյանին բնակելի տան շինարարության համար քաղաքապետարանի կողմից Վերին անտառային փողոցում հատկացված հողատարածքն այլեւս իրենցը չէ. «Հողի վարձակալության պայմանագիրը մեր ձեռքում է, բայց պարզվում է՝ այդ հողն արդեն ուրիշին է պատկանում: Այն քաղաքապետարանը հատկացրել է Մովսես Գորգիսյանի կնոջը՝ Ռուզաննա Գորգիսյանին»: Այս ամենի մասին Մաթեւոսյանները տեղեկացել են երբ ցանկացել են հողամասը վաճառել, որպեսզի այդ գումարներով կառուցեն Հ. Մաթեւոսյանի անվան մշակութային կենտրոնն ու թանգարանը: Ի դեպ, գրողի թանգարանի համար Կոզեռն թաղամասում հատկացված 600 մետր հողատարածքի հետ կապված նույնպես քաղաքապետարանը Մաթեւոսյանների ընտանիքի համար խնդիրներ է առաջացրել:

«Մեր տարածքն այնքան կտրեցին, փոքրացրին, կողքի հրեցին, որ ինքնըստինքյան մոտեցանք հարակից բնակելի տներին: Եվ եթե շինարարություն անենք՝ այդ տների մեքենայի ճանապարհը ամբողջությամբ կփակենք»,- ասաց Դ. Մաթեւոսյանը: Հ. Մաթեւոսյանի դուստր Շողեր Մաթեւոսյանի խոսքերով էլ. «Եթե պետք է գրողի հուշաքարը ավտոտնակների վրա տեղադրեն, ավելի լավ է ոչինչ էլ չանեն: Ավելի լավ է մենք այդ տեղում մի ծառ տնկենք ու վրան գրենք, որ այստեղ ապրել է Հրանտ Մաթեւոսյանը: Եվ, ընդհանրապես, Հ. Մաթեւոսյանն իր թողած գրական ժառանգությամբ արդեն իսկ սարքել է իր հուշաքարը»:

Պարզաբանումներ վերցնելու համար երեկ դիմեցինք նաեւ Ս. Մայրապետյանին, բայց ոչ նրա, ոչ էլ կնոջ՝ Գոհար Քյալյանի հեռախոսները չէին պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել