ՍԻՄ-ն ուզում էին ներսից պայթեցնել
ՍԻՄ-ի նախագահի պաշտոնակատար Հայկ Բաբուխանյանը դրանում մեղադրում է նախկին կուսակցականներ Արթուր Սահակյանին ու Հրայր Խաչատրյանին:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ՍԻՄ համաժողովից հետո, երբ կուսակցության ղեկավար կազմն ու ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը հրաժարական տվեցին կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Հիմա ներկուսակցական «ռազբորկաները» շարունակվում են մամուլի միջոցով: ՍԻՄ տարածքային կառույցներից հայտարարություններ են ստացվում, որոնք ստորագրած անձինք սեպտեմբերի 16-ին տեղի ունեցածը համարում են «հեղաշրջում», իսկ կուսակցության նորընտիր ղեկավարներին՝ «ոչ լեգիտիմ», ու պատրաստակամություն են հայտնում «ինքնահռչակ անձանցից (նրանց թվում առաջինը մատնանշվում է Հայկ Բաբուխանյանի անունը- Ն. Մ.) ՍԻՄ-ը ազատագրել եւ կուսակցության ու թերթի հեղինակությունը վերականգնել»: ԶԼՄ-ներում տարածված ՍԻՄ մի շարք տարածքային կառույցների հայտարարություններին, որոնք հրապարակվել էին մամուլում, հաջորդել էր ՍԻՄ կազմբաժնի վարիչ Ա. Սիրեկանյանի պատասխանը՝ այդ հայտարարությունները անստորագիր զրպարտանքներ են, կուսակցության կառույցները դրանցից տեղյակ չեն եւ այլն: Հոկտեմբերի 19-ին այս պատասխանին հետեւել էր ՍԻՄ նախագահության երեք անդամների՝ Կարեն Վարդանյանի, Սեդրակ Վարդանյանի ու Հրանտ Խաչատրյանի եղբոր՝ Հրայր Խաչատրյանի, ՍԻՄ Երեւանի բաժանմունքի նախագահ Գառնիկ Հովհաննիսյանի հերթական պատասխանը: Նրանք փաստում էին, որ կուսակցության կառույցների անունից տարածված հայտարարությունների բնօրինակների տակ իրականում կան կոնկրետ ստորագրություններ։
Դրանց առնչությամբ երեկ մենք զրուցեցինք ՍԻՄ նախագահի պաշտոնակատար Հայկ Բաբուխանյանի հետ: «Ակնհայտ է, որ ներկայացված փաստաթղթերը գրված են նույն ձեռագրով, ու ծիծաղելին այն է, որ մատնանշված անուն-ազգանուններով մարդիկ շատ դեպքերում կուսակցության ցուցակներում չկան: Ոմանք կան, օրինակ՝ ընդամենը երկու անդամ կամ անդամության թեկնածու ունեցող Հնաբերդ գյուղի համայնքային կառույցի հայտարարության տակ ստորագրած, բայց Վարդենիսում բնակվող Կորյուն Ղազարյանի անունը: Այդ ստորագրությունը խիստ կասկածելի է, առավել եւս, որ այդ մարդու անունն ու ստորագրությունը կան նաեւ Վարդենիսի կառույցի համանման հայտարարության տակ: Բայց եթե նա անգամ ստորագրել է, ապա հարկ է նշել, որ նա ընդամենը Արթուր Սահակյանի աներն է: Հնաբերդի հայտարարության տակ նշված է «Աղասի Սողոմոնյան» անուն-ազգանունը, մինչդեռ կուսակցության այդպիսի անդամ մենք չունենք: Ակնհայտ է, որ անունները հենց այնպես են գրվել: Ինչ վերաբերում է Վարդենիկ գյուղին, ապա դա Արթուր Սահակյանի գյուղն է: Ապարանի կառույցի անունից արված հայտարարության տակ ստորագրած 4 հոգուց մեկը Գեղեցիկ Ղազարյանն է՝ Արթուր Սահակյանի զոքանչը: Իհարկե, ես ողջունում եմ, որ զոքանչներն ու աներներն իրենց փեսայի թիկունքին կանգնում են, եթե իսկապես այս փաստաթղթերը ճիշտ են»,- հայտարարեց Բաբուխանյանը:
Դավիթաշեն համայնքի անունից համանման հայտարարության տակ էլ կա, օրինակ՝ Գառնիկ Հովհաննիսյանի ստորագրությունը, ով Արթուր Սահակյանի բաջանաղն է, կամ Հովիկ Խաչատրյանի անունը, ով նրա անմիջական հարեւանն է: Դրանց կողքին նշված ազգանունները Հ. Բաբուխանյանը խիստ կասկածելի համարեց:
Փոխարենը նա մեզ ներկայացրեց Դավիթաշենի ու Մասիսի կառույցների անդամներից ու թերթերում եղած հայտարարությունից հետո ՍԻՄ-ում ստացված մի դիմում, որտեղ մի քանի կուսակցականներ հայտնում էին, թե իրենց կառույցի անունից ու անհայտ անձանց կողմից անհիմն հայտարարություններ են արվում, եւ պահանջում էին իրենց անունից հանդես եկողներին ի հայտ բերել ու պատժել:
Հ. Բաբուխանյանը անդրադարձավ նաեւ ՍԻՄ Արարատի բաժանմունքի նախագահի միակ ստորագրությամբ եղած հայտարարությանն ու ասաց, որ այն, իրոք, ստորագրել է Հրանտ Խաչատրյանի եղբայրը՝ Հրայր Խաչատրյանը. «Ընդ որում, փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 2-ին, թեեւ նույն տեքստում գրված է՝ «… ուսումնասիրելով ս. թ. սեպտեմբերի 16-ին կայացրած ՍԻՄ համաժողովի ընթացքը…»: Այսինքն՝ սա սովորական բլեֆ է»,- հայտարարեց պարոն Բաբուխանյանը։ Հ. Բաբուխանյանը հակված է կարծելու, որ ՍԻՄ-ը ներսից պայթեցնելու իշխանության ծրագրերը փորձում են իրականացնել ընդամենը 1-2 հոգի՝ ակնարկելով Արթուր Սահակյանին՝ իր բարեկամներով, եւ Հրայր Խաչատրյանին՝ իր մի-երկու համախոհներով:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ